Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«ԵՐԵՎԱՆՈՒՄ ԻՄ ՏԱՆՆ ԵՄ»

Ապրիլ 17,2002 00:00

«ԵՐԵՎԱՆՈՒՄ ԻՄ ՏԱՆՆ ԵՄ» Վերջերս ՀՖՆ-ի դիրիժորական վահանակի մոտ էր հայ ունկնդրին քաջածանոթ Վադիմ Շուբլաձեն։ Դիրիժորը 1967-77 թվականներին ղեկավարել է Հայաստանի հեռուստառադիոպետկոմի սիմֆոնիկ նվագախումբը։ Համերգի ավարտին պարզ էր մի բան՝ հայ ունկնդիրը երկար էր սպասել արվեստագետի հերթական այցին Երեւան։ ՀՖՆ-ն գլխովին ենթարկվում էր նրա վառ, եռանդուն ժեստերին, իսկ կատարվող ստեղծագործություններում (Վերդի՝ «Ճակատագրի ուժը» օպերայի նախերգանք, Չայկովսկի՝ սիմֆոնիա թիվ 5) հեշտորեն հաղթահարվեցին կատարման առումով բարդ տեխնիկական կտորները, հնչելով արտասովոր վառ, հյութեղ, իմաստային առումով՝ թափանցիկ, ունկնդրին հասկանալի։ Մաեստրոյի հետ առանձնազրույցում համոզվեցինք, որ պրոֆեսիոնալիզմի առաջին հիմնական նախադրյալը՝ մշտապես, ամեն պահի, անկախ սեփական տրամադրությունից, երաժշտական ստեղծագործության տրամադրությանը տրվելն է։ Նրանում զգացվեց մարդու, արվեստագետի մտքի ուժը, որ ձգտում է թափանցել մարդկային կեցության ամենաբարդ հարցերի մեջ։ «Երեւանում ես իմ տանն եմ։ Քառասուն տարի առաջ, ավարտելով Թբիլիսիի կոնսերվատորիան, այստեղ պաշտպանեցի դիպլոմ, որին ներկա էին ՍՍՀՄ ժողովրդական արտիստներ Ղազարոս Սարյանը, Օդիսեյ Դիմիտրիադին… Քառասուն տարի առաջ Սանկտ Պետերբուրգի Մարիինյան թատրոնում, ապա ընդամենը օրերի տարբերությամբ Երեւանի օպերային թատրոնում՝ Վերդիի «Տրավիատա» ներկայացմամբ կայացավ իմ, որպես դիրիժորի բեմելը։ Այս երկու թատրոններում առաջին անգամ բեմ ելավ հիանալի ու հմայիչ Էլվիրա Ուզունյանը։ Չսիրահարվել այնպիսի մի հայուհու, ինչպիսին Էլվիրան է, անհնար էր… Իսկ կարո՞ղ եք պատկերացնել 60-ականների Երեւանը։ Ընդամենը երկու բառով կարող եմ բնութագրել՝ մտավորականների փայլուն համաստեղություն եւ ոչ միայն արվեստում։ Դատեք ինքներդ՝ Ալիխանյան, Գրիգորյան, Սարյան, Մինաս, Իգիթյան, Չաուշյան… Հասկանալի պատճառով ոմանք այլեւս չկան, դարձյալ հասկանալի պատճառով մի մասն էլ Հայաստանում չէ, բայց ես վերջնական համոզվեցի մի բանում՝ հայ ժողովրդի արգանդը ծնել եւ ծնում է տաղանդներ։ Պահպանել է պետք… Սա էլ ասեմ. դեռ այն տարիներին մենք՝ վրացիներս մի տեսակ նախանձով էինք նայում Զարեհ Սահակյանցի կամերային, Դավիթ Խանջյանի ղեկավարած սիմֆոնիկ նվագախմբերին… Եվ տեսեք, հինգ տարի առաջ ղեկավարեցի «Սերենադը», այսօր՝ ՀՖՆ-ն, երկու տարի առաջ լսեցի օպերային թատրոնի երիտասարդ երգիչների համերգը։ Դե, սերնդափոխություն, մանավանդ երաժշտարվեստում՝ հասկանալի է, բայց մեկը մյուսի հետեւից տաղանդնե՞ր… Գիտեմ, որ գիտեք, բայց չեմ կարող չարտահայտվել։ Օպերային թատրոնում՝ Գեղամ Գրիգորյան, ֆիլհարմոնիայում՝ Էդուարդ Թոփչյան… Իհարկե, ավագ սերնդի հայ արվեստագետներին Վրաստանը լավ է ճանաչում ու հիշում։ Այսօր ես խնդրել եմ Գեղամ Գրիգորյանին, որ երիտասարդներին ներկայացնի մեզ մոտ։ Չգիտեմ, ի՞նչ հիացական բառեր ասել ՀՖՆ-ի արտիստներին։ Դիմում եմ Ձեզ՝ պահպանե՛ք ձեր տաղանդներին։ Այսօր Եվրոպայից հայրենիքում է Էլվիրայի եւ իմ աղջիկը, իր ընտանիքով եւ իմ 11-ամյա վրացուհի աղջնակը։ Վերջինիս հատուկ եմ բերել Երեւան, որ տեսնի, զգա, շփվի Հայաստանի ու իմ բարեկամների հետ, եւ թող նրանք էլ սիրեն իմ փոքրիկին։ Եվ, ի վերջո, տաղանդավոր մարդկանց, անհատների հետ շփվելը՝ հանձին իմ բարեկամների՝ պատիվ է։ Շտապելով ասեմ՝ մայիսի 2-ին, Երեւանի օպերային թատրոնում կղեկավարեմ «Տրավիատան», եւ սա կլինի իմ, որպես օպերային դիրիժորի, վերջին բեմելը։ Ուրեմն, ստացվեց այսպես՝ Երեւանում պաշտպանեցի դիպլոմ, սկսեցի օպերային դիրիժորի իմ կարիերան եւ ավարտում եմ այն դարձյալ Երեւանում։ Իսկ որպես սիմֆոնիկ նվագախմբի դիրիժոր, մենք դեռ կհանդիպենք։ Մի խոսքով, բեմական ու ստեղծագործական գործունեության 40-ամյա հոբելյանս կտոնեմ ձեզ հետ։ Նաեւ, որ Էլվիրան եւ ես ինչի հասել ենք, հասել ենք միասին, լինելով կողք կողքի։ Համատեղ կյանքում ոչ մի վայրկյան հենց այնպես չենք ապրել։ Եվ այսօր էլ, երբ Էլվիրան Բոստոնում է, ես՝ Թբիլիսիում կամ Երեւանում, համոզված եմ՝ մեկմեկու հոգու թելերով կապված ենք»։ Զրույցի ընթացքում մաեստրոյի «պահպանեք ձեր տաղանդներին» միտքը, որ շեշտվում ու ասվում էր ժամանակ առ ժամանակ, դժվար չէր կռահել, թե կոնկրետ ում է ուղղված։ ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել