Լրահոս
«Պլան Բ» կա՞ր
Օրվա լրահոսը

Բայց այդպես ձեռնտո՞ւ է

Ապրիլ 17,2002 00:00

Բայց այդպես ձեռնտո՞ւ է Հանրապետությունում ավտոբուսները կամաց-կամաց իրենց տեղը զիջում են միկրոավտոբուսներին։ Մարդիկ մի կողմից օգտվում են կուլտուրական սպասարկումից, մյուս կողմից այն հասու չէ շատերի գրպանին։ Գերադասում են ոչ հարմարավետը, բայց էժանը։ Չնայած Հայաստանում գյուղ գրեթե չի մնացել (բոլորը քաղաքի կարգավիճակ են ստացել), այնուհանդերձ, գյուղական միջավայր հիշեցնող, քաղաք կոչվող բնակավայրերում այսօր «հարմարավետ» եւ ձեռնտու է շարունակում մնալ ավտոբուսը։ Օրինակ, Եղվարդ-Երեւան երթուղու ուղեվարձն արժե 150 դրամ։ Եղվարդի բեռնաուղեւորատար ավտոտրանսպորտային ընկերությունը տարիների պատմություն ունի։ Տնօրեն Վարդան Նիկողոսյանի ջանքերով ու նախաձեռնությամբ եղվարդցի ուսանողները տրանսպորտից մինչեւ վերջերս էլ օգտվում էին զեղչով, նույնիսկ, երբ արդեն չէր գործում կառավարության որոշումը զեղչերի մասին։ Միաժամանակ, ուսանողների համար երկարացվեցին (մինչեւ մետրոյի «Բարեկամություն» կայարան) երթուղու առավոտյան չվերթերը։ 1999թ. մարտից պատգամավոր Արամ Հարությունյանը ուսանողների ուղեվարձի մյուս կեսը վերցրեց իր վրա՝ վճարելով յուրաքանչյուր ուսանողի համար 75 դրամ, ինչի շնորհիվ ուսանողներն ավտոբուսից օգտվում էին ընդհանրապես անվճար։ 2001թ. դեկտեմբերին կայացած երթուղու սպասարկման մրցույթում շահեց «Ժորժետ» ՍՊԸ-ն (միկրոավտոբուսներով)։ Եղվարդի «ԲՈՒԱՏ» ԲԲԸ-ի տնօրեն Վ. Նիկողոսյանը մրցույթի արդյունքները չվիճարկեց, համաձայնելով, որ ամեն ինչ օրինական է եղել։ «Ժորժետ» ՍՊԸ-ն այսօր տեղափոխում է ուղեւորներին։ Բայց նրա պարտականությունները 2001թ. դեկտեմբերի 4-ից՝ մեկ ամիս հետո, չգիտես ինչու փոխվեցին։ Այլ կերպ ասած, շարժակազմերը ուղեւորներին չեն սպասարկում այն պայմաններով, ինչպես սկզբում։ Միկրոավտոբուսները սկզբում երթուղի էին դուրս գալիս ավտոբուսի ուղեվարձի արժեքով՝ 150 դրամ, դեռ ավելին, կիրառվում էր նաեւ ուսանողների համար սահմանված 50% զեղչը։ Սակայն սկսած այն պահից, երբ Եղվարդ-Երեւան երթուղին սկսեցին սպասարկել միայն միկրոավտոբուսները, ուսանողների համար նախատեսված 75 դրամը վերածվեց 100 դրամի։ Այնուհետեւ միկրոավտոբուսներում հայտնվեցին ուղեվարձի ցուցանակներ, համաձայն որոնց, Եղվարդ-Նատի թաղամաս հատվածի ուղեվարձը կրկնապատկվեց։ Արդյունքում՝ կոնֆլիկտներ վարորդների հետ։ Ի վերջո, ամեն ինչ հասավ նրան, որ միկրոավտոբուսների վարորդները միաձայն որոշեցին Նատիի կանգառում չկանգնել։ Նատին ունի ուսանողներ, դպրոցականներ, որոնք հաճախում են Զովունու եւ Եղվարդի դպրոցները, ունի նաեւ աշխատողներ (ուսուցիչներ, բանվորներ), որոնց համար հաշված է ամենօրյա 50 դրամը։ Բնակիչները դիմեցին Եղվարդի քաղաքապետարան։ Քաղաքապետարանն այսօր մասամբ թեթեւացրել է այդ խնդիրը՝ օրական մի քանի անգամ ներավանային ավտոբուս տրամադրելով Նատիի բնակիչներին (ուղեվարձը՝ 30 դրամ)։ Մարտի 29-ին բնակիչները նույն հարցով դիմեցին նաեւ ԱԺ պատգամավոր Արամ Հարությունյանին։ «Կարծում եմ, ճիշտ կլինի, որ Եղվարդ-Երեւան երթուղին բաժանվի 3 հավասար մասերի՝ Եղվարդ-Նատի, Նատի-Զովունի, Զովունի-Երեւան (ամեն մի հատվածի ուղեվարձը պետք է արժենա 50 դրամ»,- ասաց Ա. Հարությունյանը։ Կա նաեւ հարցի մյուս կողմը։ Սահմանված չվացուցակով միկրոավտոբուսները երթեւեկում են մինչեւ առավոտյան ժամը 9-ը։ 9-ից հետո երթուղին փոխվում է եւ կրճատվում։ Դուրս է մնում Դավիթաշենի կամուրջ-«Բարեկամություն» հատվածը։ Իհարկե, փորձեցինք պարզաբանումներ ստանալ այս հարցերի շուրջ, սակայն «Ժորժետ» ՍՊԸ-ի տնօրենը հակված չէր դրան եւ նշեց, որ իրենց այդպես է ձեռնտու։ Ոչ հավաստի տվյալներով, Եղվարդ-Երեւան երթուղին գնել է 6-րդ վարչության աշխատակից։ ԱՆԱՀԻՏ ՄՈՒՇԵՂՅԱՆ Չնայած այս բոլոր «շեղումներին», չի կարելի չնկատել, որ միկրոավտոբուսներով սպասարկումը (կոնկրետ նաեւ այս երթուղում) անհամեմատ լավ է՝ արագ է, մաքուր եւ այլն։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել