Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«ԴՈՒՔ ՉԵՔ ՀԻՇՈՒՄ ՉՀԻՇԵԼՈ՞Վ, ԹԵ՞ ՀԻՇՈՒՄ ԵՔ՝ ՉՀԻՇԵԼՈՎ»

Ապրիլ 17,2002 00:00

«ԴՈՒՔ ՉԵՔ ՀԻՇՈՒՄ ՉՀԻՇԵԼՈ՞Վ, ԹԵ՞ ՀԻՇՈՒՄ ԵՔ՝ ՉՀԻՇԵԼՈՎ» Հավասար գործունեության տարօրինակ դաշտ էր բացվել Մալաթիա-Սեբաստիա համայնքների առաջին ատյանի դատարանում՝ փաստաբանների համար։ Իսկ շարունակվում է Արմեն Բեջանյանի, Մանվել Ասատրյանի, Կարեն Զաքարյանի, Արամ Աղաբաբյանի եւ Արթուր Յազչյանի դեմ հարուցված քրգործի դատաքննությունը՝ կապված Արթուր Պարսամյանի սպանության հետ։ Մեղադրող Ա. Երիցյանին ընդմիջումից հետո գտնելու համար ամբաստանյալ Մ. Ասատրյանի պաշտպան Սամվել Միրզոյանը դատավոր Իսկուհի Վարդանյանի կոչով գնաց մեղադրողի ետեւից՝ նրան 1 ժամ ուշացումով դատարան հրավիրելու համար։ Նկատենք, որ առավոտյան նիստին էլ նույնքան ժամ կորցրինք տուժող Կարեն Բադոյանին եւ նրա ներկայացուցչին սպասելու համար։ Դատարանին հայտնել էին, թե տուժողը ժամանելու է կապույտ «Նիվայով» եւ էլ կապույտ «Նիվա» չմնաց, որ ուղեկցողները չբացեին, փակեին, ինչ է թե՝ տուժողին գտնեին… Կարեն Բադոյանին, ինչպես ապրիլի 10-ին, այնպես էլ ապրիլի 15-ին հարցեր էին տալիս ամբաստանյալների պաշտպանները՝ նրա նախաքննության եւ դատաքննության ցուցմունքների հակասությունների կապակցությամբ։ Այդ հարցուպատասխանի ժամանակ էլ պարզվեց, որ անչափահաս տուժողը «լրացուցիչ» ցուցմունք է տվել, «զգալով, որ ինչ-որ բաներ կան պակաս»։ Որքան էլ տարօրինակ է, նա չհիշեց՝ բանավո՞ր, թե՞ գրավոր է դիմել, որպեսզի իրեն հարցաքննեն։ Տուժողի հիշողությունը գերազանցապես բացվել է Արթուրի սպանությունից (մայիսի 19) 3 ամիս 7 օր անց, երբ հիշել է, որ ամբաստանյալ Կարեն Զաքարյանը ինչպես է դիմել ընկերներին, ասելով. «Էս է էդ լակոտը, սատկացրեք, սպանեք դրան»։ Փոխարենը տուժող Բադոյանը չէր հիշել, օրինակ, մի պարզ կապ։ Նախաքննության ժամանակ հայտնել էր, թե սպանվածի հայրը՝ Սուրեն Պարսամյանը իրենց հարեւանն է, մինչդեռ դատաքննության ժամանակ տեղեկացանք, որ Պարսամյանը նրա քավորն է։ Տուժողը գրել էր, որ իր սկզբնական ցուցմունքները «եղել են դեպքի ազդեցության տակ», «չի ընկալել, եղել է վատառողջ», «ի վիճակի չի եղել գրելու» եւ որ իր ցուցմունքները գրել է… քննիչ Ա. Գրիգորյանը։ Պաշտպան Հեկտոր Քարամյանի հարցին, թե «քանի օր եք բուժվել, ինչ վիճակով եք դուրս գրվել հիվանդանոցից», տուժողը հայտնեց, որ ընդհանրապես հիվանդանոցում չի պառկել (ստացել էր սուր գործիքի հարվածից հետույքի շրջանում վնասվածք)։ Ամբաստանյալ Արմեն Բեջանյանի պաշտպան Ռուբեն Բալաբանյանի հարցերին տուժողը ավելի շատ խուսափողական պատասխաններ էր տալիս։ Օրինակ, երբ պաշտպանը հարցրեց, թե «ինչո՞ւ դուք դիմում չգրեցիք քննիչին՝ ձեր հարցաքննությունը հետաձգելու մասին, եթե ձեր հիշողությունը խաթարված էր», Կ. Բադոյանը չկարողացավ գտնել համարժեք պատասխանը։ Տուժողը դեպքի օրը նկարագրելով, հայտնել էր, որ «Մոսկվիչ» ավտոմեքենայից դուրս են եկել մի դեպքում… «երեւի 4-5 հոգի», մի դեպքում՝ «5 հոգի են եղել»։ «Հետո էլ հիշում եմ, որ բացի զինհամազգեստով մեկից, մի հոգի էլ անծանոթ է եղել»։ Նաեւ՝ 6։ Այս պատմության մեջ փաստորեն չի պարզվել դեռ այն, թե ո՞վ է եղել սպանության օրը Տիչինայի փողոցում հայտնված զինվորական հագուստով անձը։ Ի դեպ, երբ հնչեց այս մասին, դատավոր Ի. Վարդանյանը շտապեց հայտարարել, թե տուժողը «նոր ֆիգուրա չի մտցրել»։ Իսկ երբ փաստաբան Սերգեյ Մկրտչյանը ռեպլիկի կարգով նկատեց, թե «զինվորականին գործից հանել են, որպեսզի գործը չտարվեր զինվորական մարմիններ», դատավոր Ի. Վարդանյանն ասաց. «Ոչ մեկի ուշքը չէր գնում այդ գործի համար»։ Նկարագրելով Տիչինա 125 տան մուտքի քաշքշուկը, նախաքննության ժամանակ տուժողը հայտնել էր՝ «տղաների» միջեւ էր եղել այն։ Դատարանում նա հայտնեց. «Այդ պահին շփոթված եմ եղել։ Շփոթված եմ եղել՝ «տղայի» տեղը «տղաներ» եմ գրել։ Արամին եմ տեսել»։ «Ես կռվի ժամանակ որեւէ մեկի մոտ դանակ կամ այլ գործիք չեմ տեսել», ասել էր տուժողը, իսկ դատական նիստերից մեկի ժամանակ էլ հայտնել էր, թե երկուսի մոտ է տեսել դանակ, այն էլ թափահարելիս։ Ի դեպ, ակնարկած երկուսից միայն մեկին էր հիշում՝ Արամ Աղաբաբյանին։ Տուժողը շատ հաճախ մոռանում էր ամենապարզագույն մանրամասները, ինչին հետեւեց Մանվել Ասատրյանի պաշտպան Սամվել Միրզոյանի հարցը. «Այն ամենը, ինչ չես հիշում, կամ պատասխանում ես, դու չես հիշում չհիշելո՞վ, թե՞ հիշում ես՝ չհիշելով»։ Ի՞նչ եք կարծում, ինչպիսին կլիներ պատասխանը։ Դարձյալ՝ «չեմ հիշում»։ Ի դեպ, հաճախ է ընդմիջվում կողմերից յուրաքանչյուրի խոսքը արձանագրությունը «հասցնելու» պատճառաբանությամբ։ Շատ հաճախ նախնական հարցը խմբագրվում է դատավորի կողմից (անհարկի), ինչը փոխում է բուն ենթատեքստը։ Կամ հարցի ներքին տրամաբանությունը։ Այսպես, օրինակ, «սուտ» բառը դարձավ «սխալ», «չեմ հիշումը» փոխարինվեց «չգիտեմով», «ճանաչում եմ»-ը՝ «ծանոթ եմ», «մոտեցանը»՝ «միացանով»։ Հիշեցնեմ, որ դատարանը մարտի 27-ից է սկսել լսել տուժողին (ապացույցների հետազոտման սահմանված կարգի համաձայն)։ ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել