Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Մեկը մեկից «խաբար» չեն

Ապրիլ 17,2002 00:00

Մեկը մեկից «խաբար» չեն Մինչեւ 1999 թվականը «Տրամվայ» պետական փակ բաժնետիրական ընկերությունն ունեցել է առանձին իրավաբանական անձի կարգավիճակ եւ, կոլեկտիվի կարծիքով, այն ժամանակ տրամվայի տնտեսությունը համեմատաբար բարվոք վիճակում էր։ Երեւանի քաղաքապետարանի որոշմամբ, 1999-ին «Տրամվայ» ՊՓԲԸ-ի եւ «Տրոլեյբուս» ՊՓԲԸ-ի միավորման արդյունքում ստեղծվել է «Երեւանի էլեկտրատրանսպորտ» ՊՓԲԸ-ն։ Տրամվայի շահագործման բաժնի ինժեներ Վ. Կարապետյանի խոսքերով, առանց կոլեկտիվի կարծիքը հաշվի առնելու ղեկավարությունը ստեղծել է մի տնտեսություն, որտեղ «ոտքը չգիտի, թե գլուխն ինչ է հրամայում, գլուխը չգիտի, թե ոտքն ինչ քայլ է կատարում»։ Ըստ նրա. «Այսպիսի բարձիթողի վիճակում գտնվող «Երեւանի էլեկտրատրանսպորտ» ՊՓԲԸ-ն կանգնած է կործանման եզրին։ Օր օրի վատթարանում է բանվոր-ծառայողների, շարժակազմի տեխնիկական վիճակը։ Վերջին ամիսներին 5-6 վագոն շարքից դուրս է եկել։ «Երեւանի էլեկտրատրանսպորտի» ստեղծման օրից «Տրամվայի մասնաճյուղը» ընկերության կողմից հոգատարության չի արժանացել։ Պահեստամասեր չեն տրամադրվում, որպեսզի շարժակազմը հետզհետե «շարքից դուրս գա»։ Պատճառաբանում են, թե գումարներ չունենք։ Իսկ տնտեսության կոլեկտիվն էլ ղեկավարությունից պահանջում է, որ թույլ տան ինքնուրույն աշխատել։ Մենք գումարներ կունենանք մեզ տնօրինելու համար։ Մեզ թվում է, որ ողջ նպատակը քաղաքում երթուղային տաքսիների մոնոպոլիա ստեղծելն է՝ շարքից հանելով էլեկտրատրանսպորտը»։ «Առավոտն» իր էջերում արդեն անդրադարձել է «Տրամվայ» ՊՓԲԸ-ի նկատմամբ քաղաքապետարանի վարած քաղաքականությանը, ըստ որի, կառավարությանը ներկայացված փաթեթում առաջարկվել էր Երեւանում դադարեցնել տրամվայի գործունեությունը, որպես վնասով աշխատող։ Ու եթե Վ. Կարապետյանի տվյալներով, 1991-ից մինչեւ 1999-ը «Տրամվայ» ՊՓԲԸ-ն ուներ 135 մլն դրամ պարտք, ապա այսօր այդ թիվը հասել է շուրջ 1 միլիարդի։ Ըստ Վ. Կարապետյանի, այս հարցում էլ ինչ-որ միտումնավորություն կա։ Քանի որ արդեն իրավաբանական կարգավիճակից զուրկ տնտեսությունը 1999-ից հետո ոչ մի գործարք չի կատարել եւ իր բերած ֆինանսները տնօրինել է «Երեւանի էլեկտրատրանսպորտ» ՊՓԲԸ-ն, այսօր վերջինիս պարտքերը վերագրվում են նաեւ «Տրամվային»։ Վ. Կարապետյանը նշեց հարցի մեկ այլ կողմ եւս։ Էլեկտրատրանսպորտով երթեւեկող ուղեւորների 100-ից 60-ը մշտական տոմսերով են։ Չգիտես ինչու, մշտականները բաժանում է Տրանսպորտի եւ կապի նախարարությունը, որը ոչ մի կապ չունի էլեկտրատրանսպորտի հետ։ Այն գտնվում է քաղաքապետարանի ենթակայության տակ։ Տրամվայի շահագործման ինժեների կարծիքով. «Մշտական տոմսերը սովորականից շատ են։ Այստեղ էլ ինչ-որ ստվերային բան կա։ Կամ եթե կառավարությունը նման որոշում է կայացրել, որ ժողովրդին մշտական տոմսեր հատկացնի, ապա պետք է դրա դիմաց փոխհատուցի, ինչը չի արվում։ Գոնե հոսանքի գինը չի փոխհատուցվում»։ Այս ամենից ելնելով, «Երեւանի էլեկտրատրանսպորտ» ՊՓԲԸ «Տրամվայի մասնաճյուղի» կոլեկտիվը սույն թվականի մարտի 21-ի ընդհանուր ժողովում հուզող հարցերի շուրջ կայացրել էր որոշում, որից ներկայացնում ենք հատվածներ։ «Անվստահություն հայտնել «Երեւանի էլեկտրատրանսպորտ» ՊՓԲԸ-ին, հարց բարձրացնել եւ պահանջել «Տրամվայի մասնաճյուղը» առանձնացնել «Երեւանի էլեկտրատրանսպորտ» ՊՓԲԸ-ից։ Գույքը անհատույց սեփականության իրավունքով հանձնել տրամվայի պարկի կոլեկտիվին եւ թույլատրել ինքնուրույն տնտեսվարման, կամ լիազորագրային կառավարման, կամ ձեռք բերելու «Տրամվայ» ՊՓԲԸ-ի կարգավիճակ (ինչպիսին էր մինչեւ 1999 թվականի նոյեմբերի 12-ը)», որով կոլեկտիվը կապահովի իր հետագա գոյությունը եւ էկոլոգիապես մաքուր, բնակչության ունեզուրկ խավի կենսականորեն անհրաժեշտ տրանսպորտի այդ տեսակի հետագա շահագործումը… ֆինանսական միջոցների տնօրինման եւ մասհանումների կատարման օրինականությունն իրականացնելու եւ ապահովելու համար տրամվայի բանվոր-ծառայողների կազմից ստեղծել «ֆինանսական վերահսկողության ժամանակավոր խումբ»՝ կազմված 5 կամ 7 հոգուց… Հարց բարձրացնել քաղաքապետարանի եւ կառավարության առջեւ շուտափույթ վերագործարկելու տրամվայի թիվ 1 եւ 2 երթուղիները»։ Ի դեպ, տրամվայի տնտեսության վերոնշյալ հարցերը լուծելու, իրականացնելու եւ պաշտպանելու համար կոլեկտիվը պատրաստվում է դիմել ՀՀ նախագահին, վարչապետին, քաղաքապետին, Ազգային ժողովին։ ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ Հ. Գ. Փաստորեն, ստացվում է, որ պետությունը տեր չի կանգնում պետական ձեռնարկությանը, զրկում է նրան ընտրության հնարավորությունից։ Իսկ տրամվայի տնտեսության կոլեկտիվի համոզմամբ, այստեղ էլ կկատարվի այն, ինչ կատարվում է երկրի ցանկացած ոլորտում՝ կադրերի ջարդ, համակարգի փլուզում ու գիրացում՝ պետության հաշվին։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել