Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Տ. ՍԱՐԳՍՅԱՆԸ՝ ԲԱՆԿԱՅԻՆ ՕՐԻՆԱԶԱՆՑՆԵՐԻ ՀՈՎԱՆԱՎՈՐ

Ապրիլ 17,2002 00:00

Տ. ՍԱՐԳՍՅԱՆԸ՝ ԲԱՆԿԱՅԻՆ ՕՐԻՆԱԶԱՆՑՆԵՐԻ ՀՈՎԱՆԱՎՈՐ ԿԲ-ին մոտ կանգնած աղբյուրներից հայտնի է դարձել, որ ՀՀ գլխավոր դատախազությունը ինտենսիվ ստուգումներ է սկսել «Կրեդիտ-Սերվիս» բանկում՝ բանկի նախկին ղեկավարության գործունեության օրինականությունն ստուգելու նպատակով: Ըստ հավաստի տեղեկությունների՝ գլխավոր դատախազության կողմից քրեական գործ հարուցելու համար հիմք է հանդիսացել ՀՀ ԿԲ նախագահ Տիգրան Սարգսյանի 2002թ. փետրվարին դատախազությանն ուղղված գրությունը, որի մեջ մատնանշվել է «նախկին ղեկավարության» կողմից թույլ տրված որոշ խախտումներ, որոնք ըստ առկա տվյալների ընդամենը «սառցաբեկորի գլուխն են»: Հատկանշական է, որ «Կրեդիտ-Սերվիս» բանկի նախկին ղեկավարության թվին է դասվում նաեւ ՀՀ ԿԲ վերահսկողության դեպարտամենտի պետ Արտաշես Դավթյանը, որը այժմ նշանակված է «Արդշինբանկի» ժամանակավոր ադմինիստրացիայի ղեկավար: Վերջինս 1997-99 թթ. զբաղեցրել է «Կրեդիտ-Սերվիս» բանկի գործադիր տնօրենի պաշտոնը եւ Կենտրոնական բանկի վերահսկողության դեպարտամենտի պաշտոնում նշանակվելուց առաջ իր հարազատների եւ մերձավորների անվամբ դուրս գրված վարկերի անվան տակ «Կրեդիտ-Սերվիս» բանկից իր հետ տարել է մոտ 400 հազար ԱՄՆ դոլար: Մեկ այլ փաստաթղթից պարզվում է, որ «նախկին ղեկավարության կողմից» (նաեւ Ա. Դավթյանի) թույլ տրված խախտումները, որոնց մասին ԿԲ նախագահ Տիգրան Սարգսյանը փետրվարին հայտնել էր դատախազությանը, իրեն հայտնի են դարձել դեռեւս 2001թ. դեկտեմբերին, երբ այդ մասին նա գրավոր նամակ էր ստացել «Կրեդիտ-Սերվիս» բանկից: Թե ինչ է մտածել Տիգրան Սարգսյանը 3 ամիս՝ դատախազությունը դեռեւս չի պարզել: Ա. Դավթյանի կողմից «Կրեդիտ-Սերվիսի» ավանդատուների «փողերը քամուն տալու» մասին գրությունը ստանալուց հետո Տ. Սարգսյանը(ՀՀ ԿԲ խորհուրդը, որի նախագահը ինքն է) հնարավոր օրինախախտումները կանխելու նպատակով Ա. Դավթյանի ազդեցությունը «Կրեդիտ-Սերվիսի» նկատմամբ նվազեցնելու փոխարեն բանկի ժամանակավոր ադմինիստրացիայի կազմում ներգրավում է Ա. Դավթյանի աներորդուն՝ Տելեմակ Իսահակյանին, Տիգրան Միրզոյանին, որի երեխաների կնքահայրը նույն Դավթյանն է եւ Սվետլանա Քարամյանին, որը «Կրեդիտ-Սերվիսի» նախկին գլխավոր հաշվապահն էր եւ որի «թեթեւ ձեռքով» 2001թ. պետբյուջեից երկու ամսով անհետացել էր մոտ 200 մլն դրամ: Նույն Սվետլանա Քարամյանի հեղինակությամբ 2001թ. սեպտեմբեր172հոկտեմբեր ամիսներին «Կրեդիտ-Սերվիս» բանկը տարօրինակ գործարքներ էր կնքել «Արցախ» բանկի եւ «Հունաստանի առեւտրային բանկ» «Հայաստան» ՓԲԸ-ի հետ, որոնցով վերջին երկու բանկերն էլ «քցվել էին»՝ յուրաքանչյուրը 200 հազարական ԱՄՆ դոլար: Անհասկանալի ճարպկությամբ «Կրեդիտ-Սերվիս» բանկը վարկային պայմանագիր էր կնքել եւ «Արցախ» բանկից ստացել մոտ 200 հազար ԱՄՆ դոլար, որի դիմաց գրավադրել էր հունական բանկին սեփականության իրավունքով պատկանող նույն արժողության պետական կարճաժամկետ պարտատոմսերը։ Նույնպիսի ճարպկությամբ այդ գործարքը գրանցվել էր ՀՀ ԿԲ-ում: Երբ հունական բանկը տեղեկացել էր, որ իր պարտատոմսերը գրավադրել են այլ բանկում՝ աղմուկ էր բարձրացրել՝ պարզաբանումներ պահանջելով ՀՀ ԿԲ-ից, վերջինս մեղավորներին գտնելու եւ պատժելու փոխարեն բավարարվել էր ընդամենը «Կրեդիտ-Սերվիսի» կողմից ԿԲ-ին տրված բացատրագրով: Այսինքն, այս եւ վերը հիշատակված ապօրինությունների մասին ՀՀ ԿԲ-ն տեղեկացված է եղել 2001թ. հոկտեմբերին: Հարց. Եթե նշված խախտումները իրենց մեջ հանցագործության հատկանիշներ չեն պարունակում, ապա ինչո՞ւ է Տիգրան Սարգսյանը գրություն ուղարկում ՀՀ գլխավոր դատախազությանը. ուրեմն կան այդպիսի հատկանիշներ: Հարց 2. Իսկ եթե այդ գործողություններում առկա են հանցագործության հատկանիշները, ապա ինչո՞ւ էր մոտ 3 ամիս այդ մասին լռում Տիգրան Սարգսյանը: ԱՐՄԵՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2002
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930