Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ՅԱՐԱԲ, ԱՇԽԱՐՀԻ ԵՐԵՍԻՆ ԿԱ՞ ՄԻ ԲԱՆ, ՈՐ ՇԱՀԱՐԿԵԼԻ ՉԷ

Ապրիլ 17,2002 00:00

ՅԱՐԱԲ, ԱՇԽԱՐՀԻ ԵՐԵՍԻՆ ԿԱ՞ ՄԻ ԲԱՆ, ՈՐ ՇԱՀԱՐԿԵԼԻ ՉԷ Ասում են. ընդդիմությանն ուղղակի առիթ է պետք, հրապարակ դուրս գալու մի պատճառ, եւ «Ա1+»-ը նրան պետք էլ չէ: Լրատվական մի շարք միջոցների հայտարարության մեջ այդ միտքը եւս շատ հստակ է հնչում: Եվ ի՞նչ: Մի պահ ընդունենք, որ ինչ-որ ուժեր շահարկում են, օգտագործում են, ծառայեցնում են իրավիճակն իրենց նպատակներին… Մի՞թե վերջին ցույցերում միայն ընդդիմադիր կուսակցությունների անդամներն էին ներկա: Մի՞թե դա արժեզրկում է հասարակական շարժումը՝ ի պաշտպանություն «Ա1+» հեռուստաընկերության կամ ի չիք է անում ոչ պաշտոնական ԶԼՄ-ների հիմնահարցը: Եվ հետո. շահարկել, օգտագործել, «քաղաքականացնել» կարելի է ուզած արարք, ամեն մի շարժում, արած (ինչպես նաեւ՝ չարած) գործ: Ասենք թե, մեզանից մեկն իր համար ոտքով քայլում է փողոցում. ուրեմն, ի՞նչ է, նրան տեսնողն անպայման պիտի ասի, որ դա հասարակական տրանսպորտի դեմ ցո՞ւյց է… Հիմա ի՞նչ անենք՝ այլեւս ոտքով ման չգա՞նք: Գուցե առհասարա՞կ ոչինչ չանենք: Ամեն ոք, ով մի գործ է անում (այն էլ՝ հասարակական նշանակություն ունեցող), չի կարող խուսափել տարբեր մեկնաբանություններից, ասեկոսեներից, գավառական բամբասանքից, հազար ու մի շահարկումից: Փորձենք գոնե այս անգամ տարանջատել բուն իրողությունը՝ երկրորդական, երրորդական, տասներորդական արտացոլումներից, անձնականն ու խմբակայինը, առողջն ու հիվանդագինը, անաչառն ու շահագրգիռը, անկեղծն ու հաշվենկատը: ՆԱՏԱԼՅԱ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ Փիլիսոփայական գիտությունների թեկնածու

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել