Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ԷԴԻԹԻ ՀԱՅՏՆՈՒԹՅՈՒՆԸ

Ապրիլ 17,2002 00:00

ԷԴԻԹԻ ՀԱՅՏՆՈՒԹՅՈՒՆԸ Արդեն փորձում էինք վարժվել, որ Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի անդամները կարող են եւ հանդես են գալիս օրենքների կամայական մեկնաբանություններով։ Սակայն երեկ էլ այս հանձնաժողովի ներկայացուցիչ Էդիթ Խաչատրյանը լրատվամիջոցներին ուղարկեց անգլերեն եւ հայերեն մի հաղորդագրություն, որում պնդումներն արված էին էլի օրենքում չամրագրված ինչ-ինչ պատկերացումների հիման վրա։ Այսպես. Էդիթ Խաչատրյանը նշում է. «Ա1+» հեռուստաընկերության ներկայացրած մրցութային առաջարկն, ըստ էության, իր անցյալի եւ ներկա գործունեության նկարագրությունն էր, այնինչ մրցույթի մասնակիցը պետք է ներկայացներ հետագա գործունեության վերաբերյալ կոնկրետ առաջարկներ»։ Եվ սա գրել է մեկը, որ մասնագիտությամբ իրավաբան է, նախկինում Ամերիկայի Հայկական համագումարի երեւանյան գրասենյակի տնօրենն էր (Կասյա Աբգարյանից հետո), իսկ այժմ՝ «International Legal consulting» իրավաբանական ծառայության ներկայացուցիչը։ Այդ ընկերությունը իրավաբանական ծառայություններ է մատուցում Հայաստանում ներդրումներ անող ֆիզիկական եւ իրավաբանական անձանց ու ժամանակին ներկայացնում էր «ԱրմենՏելի» շահերը։ Իրեն հարգող իրավաբանը «պետք է ներկայացներ հետագա գործունեության վերաբերյալ կոնկրետ առաջարկները» պնդման կողքին պիտի գրեր, թե «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքի ո՞ր հոդվածի հիման վրա պիտի ներկայացվեին նման առաջարկներ։ Եվ փակուղում կհայտնվեր, քանզի օրենքում չկա նման դրույթ։ Իսկ օրենքից դուրս գործունեության ծրագրեր ներկայացնելու պահանջից գրաքննության հոտ է փչում, որը պիտի որ անընդունելի լիներ առնվազն ամերիկյան հաստատությունների հետ շփված անձանց համար։ Այնուամենայնիվ, տնտեսական դատարանում քննվելու է ոչ թե «Ա1+»-ի եւ «Շարմի» առաջարկների լավ կամ վատ լինելը, այլ մրցույթի կազմակերպումն ու կարգն ընդհանուր առմամբ։ Եվ առավել հետաքրքրական կլիներ, եթե Էդիթ Խաչատրյանն այսուհետ հաղորդագրություններ ուղարկեր խնդրո առարկայի վերաբերյալ եւ ոչ թե իր դատողությունները՝ «Շարմի» «լավագույնս բավարարող» առաջարկի կամ «Ա1+»-ի հնարավորության մասին՝ մասնակցել այլ մրցույթների եւս։ Ա. Ի. Հ. Գ. Հազիվ մեկ շաբաթ առաջ Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովը տնտեսական դժվարություններ ուներ «Շարմի» ծրագիրը պատճենելու համար անգամ։ Թերեւս դրանք հաղթահարվա՞ծ են, եթե հանձնաժողովը պետբյուջեից միջոցներ է գտել ILS-ի թանկարժեք փաստաբաններին վարձատրելու համար։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել