Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Սեփականաշնորհված հողը ե՞տ են վերցնելու

Ապրիլ 17,2002 00:00

Սեփականաշնորհված հողը ե՞տ են վերցնելու Երեկ ՀՀ կառավարության շենքի մոտ հավաքված Ծովակ գյուղի այս բնակիչները հեղափոխության կոչ չէին անում եւ ոչ էլ մարտահրավեր էին նետում՝ առայժմ։ Բայց եթե «արդարությունը ոտնահարվի»՝ պատրաստ են ծայրահեղ միջոցների դիմել։ 1992 թ. կառավարության պահուստային ֆոնդից գյուղի բնակիչներին 121 հա հողատարածություն սեփականաշնորհելով՝ իշխանությունը խոստացել էր, որ միայն իր «դիակի վրայով այդ հողերը ետ կվերցնեն»: Սա պատմում են ծովակցիները։ Սակայն երեք տարի առաջ՝ 1999-ին, Գեղարքունիքի մարզպետարանը որոշել է, որ այդ հողերի սեփականաշնորհումն անօրինական էր եւ դրանք պետք է աճուրդի դրվեն։ Ի պատասխան գյուղի բնակիչների անվերջ բողոքների, Գեղարքունիքի այդ ժամանակվա մարզպետը այսօրվա բողոքավորներից մեկին՝ Գեւորգ Ավետիսյանին ասել է. «Ապուշ բիձա, դու բան չե՞ս հասկանում. Ռ. Քոչարյանը գնաց Ամերիկա, ամերիկացի մի գործարար հարցրել է՝ հող ունե՞ք ազատ, գամ՝ վերցնեմ…»։ Ապրիլի 26-ին աճուրդը կայանալու է եւ ծովակցիները համոզված են. «Քոչարյանն ու կառավարությունը մեր հողերը տալիս են դոլար բերող ամերիկացիներին, իսկ մեզ սպանդի են ենթարկում։ Մի գրչի հարվածով 4000 մարդու սովի են մատնում»։ Ի դեպ, աճուրդի դրված հողերի 1 հա-ն գնահատված է 191 հազար դրամ, իսկ գյուղացիները, այդքան գումար չունենալու պարզ պատճառով, չեն կարող աճուրդին մասնակցել։ «Ձուկ բռնելու համար դատում են, գյուղում գործարան, ծխախոտագործություն, բան չկա, հողն էլ ձեռքներիցս վերցնում են՝ ո՞նց ապրենք»,- հարցնում են ծովակցիները։ Չորս ժամ կառավարության շենքի մոտ կանգնելուց հետո, ի վերջո, վարչապետ Անդրանիկ Մարգարյանն ընդունեց պատվիրակներին եւ նրանց ներկայությամբ «մյուս աշխատողներին (համապատասխան մարմիններին- Ն.Գ.) հանձնարարեց այդ 121 հա սեփականաշնորհված հողամասերն առայժմ վաճառքի ցուցակներից հանել, հնարավորության դեպքում՝ մինչեւ աճուրդի օրը պարզել եղելությունը եւ առաջարկություններ ներկայացնել՝ սեփականաշնորհումն իրականացնելու համար, այլապես հողերն, այնուամենայնիվ, վաճառքի կհանվեն»։ Ծովակցիներն այդքան միամիտ չգտնվեցին, որ միանգամից շնորհակալ լինեն վարչապետին. գերադասեցին սպասել մինչեւ հարցի վերջնական լուծումը։ ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2002
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930