Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Դատարանը կողմնակա՞լ էր

Ապրիլ 17,2002 00:00

Դատարանը կողմնակա՞լ էր Դեռ անցյալ տարի ԱՎՄ վարչությանն ու հանրապետական խորհրդին հայտնի էր դարձել, որ կազմակերպության համանախագահ Համլետ Հովսեփյանը յուրացրել է կազմակերպության ֆինանսական միջոցներից 4.5 մլն դրամ: ԱՎՄ վարչությունում վերջինիս հեռացնելու հարց էր բարձրացվել: Բայց Հ.Հովսեփյանը, ըստ վարչության անդամների՝ ժամանակ է խնդրել, խոստացել է գումարը վերադարձնել, ապա՝ ինքնակամ հրաժարական տալ զբաղեցրած պաշտոնից: Բայց փոխարենը նա իր մի շարք համախոհների հետ՝ ոտնահարելով ԱՎՄ կանոնադրության պահանջները եւ հակառակ կազմակերպության վարչության, հանրապետական խորհրդի կայացրած որոշումների՝ 2001-ի դեկտեմբերի 18-ին հրավիրել էր «ԱՎՄ համագումար», փոփոխություններ կատարել կազմակերպության կանոնադրության մեջ, լուծարել համանախագահների ինստիտուտն ու ընտրվել միանձնյա նախագահ: Հիմա էլ Հ.Հովսեփյանը պահանջում է ԱՎՄ կլոր կնիքը, որը տնօրինում էր նախ՝ համանախագահող Ա.Մազմանյանը, ապա՝ վարչության որոշմամբ՝ Վ.Գեւորգյանը: Պարզվում է՝ պրն Հովսեփյանը թեեւ ժամանակին ընդունել էր յուրացման մեղքը, դա համարել է զրպարտություն եւ դիմել է դատախազություն՝ պատիվ պահանջելու: Արդյունքում բացատրություններ տալու համար դատախազություն էին կանչել Ա.Մազմանյանին, Վ.Գեւորգյանին եւ Ս.Հարությունյանին: ԱՎՄ վարչությունը միաժամանակ գրություն էր ուղարկել դատախազություն՝ պնդելով Հ.Հովսեփյանին առաջադրած մեղադրանքները, ու պատրաստակամություն հայտնել ներկայացնել բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը: Առժամանակ անց դատախազությունից պատասխան գրություն էր ստացվել, թե Հ.Հովսեփյանն այլեւս պատիվ չի պահանջում: Դատախազությունն էլ դա բավարար էր համարել ու մինչ օրս չի էլ փորձում ճշտել՝ իրականում ի՞նչ յուրացումների մասին էր խոսքը, ի՞նչ փաստաթղթեր էին, որ մարդիկ պատրաստ էին տրամադրել: Փոխարենը՝ Հ.Հովսեփյանն արդեն քաղհայցով դիմել էր դատարան՝ պահանջելով ԱՎՄ կնիքը հանձնել իրեն: Սույն պահանջը Կենտրոն եւ Նորք-Մարաշ առաջին ատյանի դատարանի դատավոր Ռ. Ներսիսյանն իր վճռով օրերս «վավերացրել» է: ԱՎՄ վարչության եւ խորհրդի պնդմամբ՝ դատարանն իրավունք չուներ ընդունել Հ.Հովսեփյանի հայցադիմումը, որովհետեւ գործող կանոնադրության համաձայն՝ ԱՎՄ-ն նախագահ չունի, առավել եւս՝ ի դեմս Հ.Հովսեփյանի: Դատարանը պատասխանող կողմի որեւէ փաստարկ, միջնորդություն չէր ընդունել: Դատավորը շրջանցել է նաեւ այն փաստը, որ Հ.Հովսեփյանի հայցը ներկայացնելիս ԱՎՄ-ն շարունակել է գործել հին կանոնադրությամբ, իսկ համլետհովսեփյանական «բարեփոխումների» վերաբերյալ որեւէ տեղեկանք, զգուշացում արդարադատության նախարարությունը չի ստացել, ինչը վկայել է նաեւ արդարադատության փոխնախարար Տ.Մուկուչյանը՝ երկու գրություններով. դատարանը հրաժարվել էր ընդունել դրանք: ԱՎՄ անդամները պնդում են, որ դատավորը վճիռ կայացնելիս անցել է իր լիազորությունների սահմաններն ու պատասխանող կողմին վերագրել է հայտարարություններ, որոնք վերջինս չի արել: Դատավոր Ռ.Ներսիսյանն իր կայացրած վճռում պատասխանող կողմի անունից հայտարարել է, թե կազմակերպության կանոնադրության շուրջ տարաձայնությունների պատճառով է, որ կնիքը գտնվում է Վ. Գեւորգյանի մոտ: Մինչդեռ նման հայտարարություն, ըստ պրն Գեւորգյանի, իրականում չի եղել. «Մենք հայտարարում ենք, որ ԱՎՄ-ում Հ.Հովսեփյանի լիազորությունները դադարեցված են, իսկ վճռի հիշյալ տողերը պարզապես օդից են վերցված: Մենք այդ վճիռը կեղծ ենք համարում եւ դիմելու ենք վերաքննիչ դատարան»: Թե ինչով կավարտվի ԱՎՄ-ի շուրջ ծագած այս պատմությունը՝ դժվար է կանխագուշակել: Ավելի լավ է, թերեւս, հետեւել առաջիկա դատավարության ընթացքին: Ն. Մ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել