Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ԺԱՄԱՆԱԿ՝ «Ա1+»-Ի ՃԱԿԱՏԱԳԻՐԸ ՎՃՌԵԼՈ՞Ւ ՀԱՄԱՐ

Ապրիլ 17,2002 00:00

ԺԱՄԱՆԱԿ՝ «Ա1+»-Ի ՃԱԿԱՏԱԳԻՐԸ ՎՃՌԵԼՈ՞Ւ ՀԱՄԱՐ Ըստ ամենայնի՝ իշխանությունները դեռ չեն որոշել ինչպես վարվել «Ա1+»-ի հետ։ Ուստի եւ երեկ սկսված դատը հետաձգվեց մեկ շաբաթով։ Նախագահող դատավոր Նախշուն Տավարածյանի գործողությունների եւ իշխանության որոշումների միջեւ կապի բացակայությունը կարող են անվարան պնդել միայն նրանք, ովքեր ենթադրում են, թե Հայաստանում դատավորներն իրոք անկախ են։ Իսկ իշխանությանն այս մեկ շաբաթը հարկավոր էր թերեւս տեսնելու համար՝ հանրահավաքային ալիքն ավելի՞ կուժգնանա, թե՞ ցույց կտա մարելու նշաններ։ Եվ կամ՝ «Լրագրողներ առանց սահմանների», «Լրագրողների պաշտպանության կոմիտե» եւ միջազգային այլ հեղինակավոր կազմակերպությունների բողոքներին «Ա1+»-ին եթերից զրկելու առնչությամբ կավելանա՞ն նորերը (թեեւ կարող է հիմնավոր թվալ նաեւ այն համոզումը, որ մեր ազգընտիրը միջազգային հանրության կարծիքը հաշվի է առնում միայն այն պարագայում, երբ այն նպաստավոր է Վազգեն Սարգսյանի գլուխը կտրելու համար խորհրդարան մսի մեծ դանակ տարածների կյանքը խնայելու պարագայում)։ Իսկ Նախշուն Տավարածյանն իր որոշումն այսպես պատճառաբանեց, թե ապրիլի 15-ին Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի ներկայացուցիչ Էդիթ Խաչատրյանը (նրանից բացի՝ դատարանում հանձնաժողովի շահերը ներկայացնում են նաեւ Սուրեն Պետրոսյանն ու Աննա Արզումանյանը) գրավոր պատասխանել է «Մելտեքս» ՍՊԸ»-ի դիմումին։ Եվ վերջինս էլ, օրենքի համաձայն, եռօրյա ժամկետում կարող է իր առարկությունները ներկայացնել այդ փաստաթղթի վերաբերյալ։ Դեռ մի կողմ թողնենք, որ 15-ին գումարած 3 ոչ մի կերպ չի ստացվում 23 (այդ օրը կկայանա դատական հաջորդ նիստը)։ Սակայն դատավարությունը հետաձգելու որոշումն ազդարարելուց առաջ դատավորը փորձ անգամ չարեց պարզելու՝ իսկ գուցե «Ա1+» ընկերության շահերի ներկայացուցիչները (նրանք 4-ն էին՝ Հայ փաստաբանների միջազգային միության նախագահ Տիգրան Տեր-Եսայանը, Լեւոն Բաղդասարյանը, Սեդա Հովականյանը եւ Օլգա Սաֆարյանը) արդեն պատրա՞ստ են ներկայացնել իրենց առարկությունները, իսկ գուցե չե՞ն էլ ներկայացնելու, ունե՞ն որեւէ միջնորդություն, եւ կամ՝ ընդհանրապես ինչպե՞ս են վերաբերվում հայցի քննությունը մեկ շաբաթով ձգձգելու հեռանկարին։ Տեղին է նշել, որ այս դատավարությանը ներկա էին ԵԱՀԿ-ի, իրավապաշտպան եւ լրագրողական կազմակերպությունների բազմաթիվ ներկայացուցիչներ եւ պարզապես անհատ քաղաքացիներ։ Վերջիններիս դատավորի նման անհաջող «բեմելն» ակնհայտորեն հիասթափեցրեց, եւ նրանք սկսեցին գոռալ. «Ապահովեք «Ա1+»-ի եթերը՝ նոր հետաձգեք», «ծախու դատարան է», եւ այլն։ Նրանց չէին կարողանում զսպել նույնիսկ «Ա1+»-ի ներկայացուցիչները, որոնց հորդորները, թե՝ «դուք միայն մեզ եք վնասում, խանգարում եք դատավարությանը», անգամ որակվեցին որպես «սադրանք»։ Իսկ տիկին Տավարածյանը հապճեպ հեռացավ՝ հավաքվածների «ամո՛թ, ամո՛թ» վանկարկումների ներքո։ Մինչդեռ «Ա1+»-ի փաստաբաններն իրոք միջնորդություններ ունեին անելու։ «Մեզ ձայն չտրվեց, որ մեր կարծիքը եւ միջնորդությունը հայտնենք»,- ասաց Տիգրան Տեր-Եսայանը։ Իսկ Լեւոն Բաղդասարյանը հայտնեց, որ իրենց չորս միջնորդություններից մեկը վերաբերելու էր «Ա1+»-ի հեռարձակումն անհապաղ վերականգնելուն։ «Ցավում եմ, որ դատական նիստը տեղի չունեցավ»,- ասաց պրն Բաղդասարյանը։ Ի հավելումն՝ մեջբերենք Տեր-Եսայանի հետ զրույցից. «Ընդհանուր առմամբ, նման հետաձգումները մեզ ձեռնտու չեն։ Մենք փաստարկներ ունենք, որոնց հիման վրա սպասում էինք, թե դատարանն ընդառաջ կգնար, եւ «Ա1+»-ը եթեր դուրս կգար։ Եվ, ընդհանրապես, մենք ավելի շատ կողմնակից ենք արագ դատաքննության։ Հեռուստաընկերության շահերից չի բխում, որ դատավարությունն անվերջ հետաձգվի»։ Ի դեպ, «Ա1+»-ը դեռ ապրիլի մեկին էր հայցադիմում (որի իմաստը հաճախականությունների մրցույթի կազմակերպման բոլոր որոշումները չեղյալ հայտարարելն է) ներկայացրել տնտեսական դատարանին, եւ զարմանալի է, որ հանձնաժողովը միայն 14 օր անց որոշեց ներկայացնել իր հակափաստարկները։ Այն է թե՝ իրենք չէին կարող 2001 թ. նոյեմբերին՝ «Ա1+»-ի արտոնագրի ժամկետը ստանալուց երկու ամիս առաջ (սա է օրենքի պահանջը), մրցույթ հայտարարել, քանի որ «Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի կանոնակարգն ուժի մեջ մտավ միայն 2002 թ. հունվարի 18-ին, որից «հետո միայն կարելի էր մշակել եւ հաստատել հեռուստառադիոհաղորդումների հեռարձակման լիցենզավորման մրցույթի կարգը»։ Սակայն դեռ առիթներ կլինեն անդրադառնալ հանձնաժողովի հակափաստարկներին։ Իսկ այժմ՝ դարձյալ երեկվա հազիվ կես ժամանոց նիստի մասին։ «Մենք լավ տեղյակ ու ծանոթ էինք հանձնաժողովի պատասխանին։ Նաեւ պատրաստվել էինք, եւ անհրաժեշտությունը չկար հետաձգելու»,- ասաց պրն Տեր-Եսայանը։ Իսկ Լեւոն Բաղդասարյանը մատնանշեց արարողակարգային այլ խախտումներ, որ այս կարճ նիստի ընթացքում հասցրել էր անել տիկին Տավարածյանը. «Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 119 հոդվածը հստակ սահմանում է այն դեպքերը, երբ պետք է հետաձգել գործի քննությունը։ Դատավորի որոշումը չէր պարունակում 119 հոդվածի ոչ մի դրույթ։ Դատավորը հղում կատարեց 162 հոդվածի երկրորդ կետին, որտեղ հստակ նշվում է, որ «ակտ ընդունած մարմնից ստացած պատասխանը դատարանն անհապաղ տրամադրում է դիմողին, որն իրավունք ունի եռօրյա ժամկետում դրա վերաբերյալ ներկայացնել իր առարկությունները»։ Այստեղ օրենսդիրը պարտադիր պայման չի դիտում, որ մենք պե՛տք է առարկություններ ներկայացնենք։ Ընդամենը սահմանել է, որ իրավո՛ւնք ունենք ներկայացնել։ Եվ հաջորդ դատական նիստին մենք չենք պատրաստվում ներկայացնել գրավոր առարկություններ։ Որոշում կայացնելիս դատավորը, կարծում եմ, պետք է հարցներ երկու կողմերի կարծիքը։ Մի բան, որ չարվեց։ Իսկ մինչեւ դատաքննությունը սկսելը, ըստ Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 120 հոդվածի, նախագահողը պարտավոր է գործին մասնակցող անձանց եւ դատավարության այլ մասնակիցներին պարզաբանել իրենց իրավունքները եւ պարտականությունները։ Էլի մի բան, որ չարվեց»։ «Ա1+»-ի հայցի քննության այս առաջին նիստից Հայ փաստաբանների միջազգային միության նախագահի տպավորությունն էր. «Առաջին օրն էր եւ արդեն իսկ, առանց մեզ ձայն տալու եւ մեր կարծիքը լսելու, դատավորը հետաձգեց դատը։ Թող չխախտեր մեր իրավունքները եւ էլի՛ կայացներ իր որոշումը։ Բնական է՝ գործը հասարակական հնչեղություն ունի, դահլիճը մարդաշատ է լինելու, հնչելու են կարծիքներ։ Բայց դա չի նշանակում, որ դատավորը պիտի թղթապանակն արագ-արագ դնի թեւի տակ ու հեռանա։ Եվ եթե նման ոճով շարունակվի՝ սա կհամարվի միակողմանիություն։ Էլ այնտեղ մեր նստելու իմաստը ո՞րն է»։ Եվ վերջինը. Տիգրան Տեր-Եսայանից հետաքրքրվեցինք, թե իրակա՞ն է գնահատվում այն հնարավորությունը, որ այս պայմաններում «Ա1+»-ը կարող է եւ շահել այս դատավարությունը. «Եթե չլինի քաղաքական որոշում, եւ հարցը քննարկվի զուտ իրավական դաշտում, «Ա1+»-ի հաղթելու հնարավորությունը շատ մեծ է, եւ հեռուստաընկերությունը պետք է շարունակի իր գործունեությունը 37 կապուղով»։ ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել