Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«ԵԹԵ ԱՐՏԱՀԵՐԹ ՉԵՆ ԱՆՈՒՄ, ՈՒՐԵՄՆ ՄԻՏԻՆԳԻ ԵՆ ՄՂՈՒՄ»

Ապրիլ 17,2002 00:00

«ԵԹԵ ԱՐՏԱՀԵՐԹ ՉԵՆ ԱՆՈՒՄ, ՈՒՐԵՄՆ ՄԻՏԻՆԳԻ ԵՆ ՄՂՈՒՄ» «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Հեռուստատեսության ու ռադիոյի ազգային հանձնաժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրակարգով արտահերթ նիստը երեկ տեղի չունեցավ։ Ըստ ԱԺ կանոնակարգի՝ արտահերթ նիստ հրավիրելու համար հավաքված 44 ստորագրությունից բացի հարկավոր է, որ նաեւ քվորում լինի (66 պատգամավոր)։ Եթե երեք ժամվա ընթացքում քվորումն ապահովվի, արտահերթը կկայանա։ Երեկ 18.30-ին հրավիրված արտահերթի ժամանակ ներկա էր 56 պատգամավոր, երեք ժամ անց՝ 61։ Արտահերթը տեղի չունեցավ 5 ձայնի պատճառով։ Պատգամավորներից որեւէ մեկի համար գաղտնիք չէր, որ «Միասնություն» խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը տապալելու է նիստը։ Արտահերթ նիստ հրավիրելու առաջարկի տակ ստորագրած «Օրինաց երկիր», ՀԿԿ, ՍԻՄ, ՀԺԿ, «Հայաստան», ԱԺԿ, ԱԺԴ, ԱԺՄ, նաեւ մի քանի անկախ պատգամավորների հետ դահլիճ մտան նաեւ ՀՅԴ եւ ՀՀԿ մի խումբ պատգամավորներ, սակայն քվորումն այդպես էլ չապահովվեց։ Գալուստ Սահակյանը մինչ այդ առանց հատուկ ձեւերի չվարանեց հայտարարել, որ «ԱԺ-ի եթերը անվճար եթեր չի»։ ԱԺ դարպասների մոտ մարդիկ էին հավաքվել, սակայն, երեւում է, ՀՀԿ-ն, ԺԴԿ-ն, «Ագրոարդյունաբերողներն» ու «Ժողպատգամավորը» այլեւս նման «մանր» բաների ուշադրություն չեն դարձնում. «Քաղաքական այն ուժերը, որոնք դա կձեռնարկեն (ժողովրդին ԱԺ-ի մոտ բերելը- Մ. Ե.), մեկ անգամ եւս կշահագործեն այդ բազմությանն իրենց նեղ, քաղաքական խնդիրները լուծելու համար»։ Հասկանալի է, որ վերը նշված խորհրդարանական ուժերն էլ «իրենց նեղ, քաղաքական խնդիրներն են լուծում»։ Պատգամավոր Գուրգեն Արսենյանը ստորագրել է արտահերթ նիստ հրավիրելու օգտին, թեպետ այն կարծիքին է, որ օրենքն ի սկզբանե ճիշտ էր. «Սակայն էմպիրիկ ճանապարհով ձեռք բերված փորձը ցույց է տալիս, որ օրենքը կարող է բերել կոնֆլիկտային իրավիճակների, որից ելնելով խորհուրդ եմ տալիս այն մարդկանց ու այն կազմակերպություններին, որոնք այս օրենքի գործունեության լույսի ներքո պետք է ծավալեն իրենց տնտեսական կամ այլ գործունեությունը, նախապես պատրաստված գնան, որպեսզի մենք չտեղափոխենք օրենքի խնդիրը հասարակական դաշտ, մարդկանց չնյարդայնացնենք, որոշ մարդկանց չհասցնենք ինֆարկտի»։ Մանուկ Գասպարյանն ասաց, որ ինքը օրենքին դեմ էր, բայց վերջին պահին իրեն համոզել է կողմ քվեարկել հենց Գրիգոր Ամալյանը. «Խոստանում եմ ձեզ՝ «Ա1+»-ը փակելու դեպքում անձամբ մինչեւ վերջ կպաշտպանեմ»,- հավաստիացրել է պրն Ամալյանը։ Մանուկ Գասպարյանն այժմ հիասթափված է. «Այդ մարդը խաբեբա դուրս եկավ, կամ՝ ճնշումներին չկարողացավ դիմանալ։ Քաշով երկու անգամ ինձանից պակաս է, բայց խաբեց ինձ»։ Հայկ Բաբուխանյանի ներկայացմամբ եւս՝ օրենքը լուրջ թերություններ ունի, եւ այդ թերությունները պետք է շտկվեն. «Բայց երբ փորձ է կատարվում զուտ օրենսդրական փոփոխություն կատարել, որպեսզի այդ սխալը չկրկնվի ապագայում մեկ ուրիշի նկատմամբ, եւ եթե սրան կա դիմադրություն, նշանակում է՝ հենց միտումնավոր էին արված։ Այսինքն՝ մարդիկ իրենք իրենց բացահայտում են, որ օգտվելով օրենքի միտումնավոր բացթողումներից… Ուրեմն կարելի է ասել, որ այո, կար ճնշում, կար պատվեր՝ «Ա1+»-ին լռեցնելու»։ ՀՅԴ խմբակցության ղեկավար Աղվան Վարդանյանը (որն, ի դեպ, ժամանակին դեմ է քվեարկել օրենքին) այն կարծիքին է, որ «արտահերթ նիստը նախաձեռնողները գնացել են ոչ թե օրենքի անկատարությունները վերացնելու ուղղությամբ (ինչին մենք պատրաստ ենք մասնակցել), այլ ընդամենը՝ հանձնաժողովը, խորհուրդը, դրանց կարգը փոխելուն, որը որեւէ բան չի տալու։ Վստահ եմ, որ կուսակցությունները չեն կարող պետական պաշտոնյաներ նշանակել։ Սա շատ ավելի վատ վիճակի կհանգեցնի»։ Շավարշ Քոչարյանը՝ իրեն մեղադրանք ներկայացնողներին հակադարձելով, ասաց, որ եթե վերջիններս համոզված լինեին, որ իրենց մեղադրանքներն օրինական են, «կմասնակցեին նիստին, բոլոր մեղադրանքները կներկայացնեին։ Խնդիրն օրենքը չէ, որը կոպտորեն խախտվել է, այլ խնդիրը հանձնաժողովն է եւ նրա նշանակման կարգն է։ Ցավոք, այդ կարգի համար այն լուծումը, որ հիմա գտանք, այն ժամանակ չէինք գտել»։ Արտաշես Գեղամյանն արտահերթ նիստը տապալողներին այսպես որակեց. «Բանականության բացակայության պայմաններում ի հայտ են գալիս բռնությունները»։ ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել