Կրիշա եմ ասել, է՜, … քարը կծակի Ամեն օր (առավոտյան ժամը 8.15-8.30) Բաղրամյան փողոցում ականատես եմ լինում մի մտահոգող տեսարանի։ ՀՀ Ազգային ժողովի շենքի մուտքի հարեւանությամբ կանգնած է մի միկրոավտոբուս, որի շուրջ հավաքված մարդիկ գործնական աշխուժությամբ տեղավորում են իրենց ուղեբեռները եւ պատրաստվում մեկնելու։ Չգիտեմ ուրիշներն ինչպես, բայց ես տհաճ, ճնշող զգացում եմ ունենում, երբ տեսնում եմ, որ իմ պետության օրենսդիր մարմնի տարածքը դարձել է ավտոկայան։ Մի օր էլ չդիմացա եւ ինձ աշխատանքից ուշանալու վտանգին ենթարկելով, տրանսպորտից իջա եւ մոտեցա այդ նորաստեղծ ավտոկայանի միակ ավտոբուսի վարորդին։ – Ի՞նչ է, Երեւանում էլ ուրիշ տեղ չկա՞, որ Ազգային ժողովի դիմաց եք ավտոկայան ստեղծել,- դիմեցի ես վարորդին։ – Արա, ախպեր, կարա՞ս ըստուց գնաս (նա «գնաս» չասաց, ուրիշ բան ասաց, բայց ոչինչ, թող այդպես լինի), թե՞ կարող ա գիտես ես քու խելքին եմ ու ինքնագլուխ եմ հենց ըստուց պասադկա անում,- եղավ պատասխանը։ Մալադեց, տղերք։ Մալադեց, կրիշաներ։ (Խոսքը տարածքի թիթեղածածկի մասին չէ)։ Տես ո՞ւր են հասել։ Նրանց համար Ազգային ժողովս ո՞րն է, Ազգային ժողովի նկատմամբ հարգանքն ու պատկառանքը ո՞րն է։ Մեքենայի կանգնելու համար հարմար տարածք է, իսկ ԱԺ շենքի տեղը քոռն էլ գիտի։ Էլ ինչո՞ւ չօգտագործել։ Լավ, դա նրանք՝ այդ թիթեղածածկերը, բա ԱԺ մեծարգո ղեկավարներն ու ոչ ղեկավարները։ Նրանք ո՞ւր են։ Հանձնաժողովներ ու ենթահանձնաժողովներ են ստեղծում՝ պարզելու հոկտեմբերի 27-ի առեղծվածը, թե այդ ինչպես եղավ, որ այդքան զենք մուտք գործեց ԱԺ։ Այ, այսպես եղավ։ Մի անտարբերությունը ծնեց մեկ ուրիշը, մեկ անփութությունը՝ մեկ այլ անփութություն եւ արդյունքում եղավ այն՝ ինչ որ եղավ։ Այսօր մեկ միկրոավտոբուսի համար է ԱԺ տարածքը դարձել ավտոկայան, վաղը՝ կդառնա մի քանիսի համար, հետո կդառնա «զիբիլի» մեքենաների հավաքատեղի եւ հետո՝ զիբիլ թափելու տեղ։ Այ, այդ ժամանակ դուք՝ ԱԺ մեծարգո պարոններ, անկեղծորեն կզարմանաք ու կզայրանաք, բայց արդեն ուշ է։ Զիբիլը արդեն թափվել է, իսկ զիբիլ հավաքելը այնքան էլ հաճելի զբաղմունք չէ։ Վ. ԼԱԶԱՐՅԱՆ