Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«Փակ շրջանով» հոսող ջուրը

Ապրիլ 16,2002 00:00

«Փակ շրջանով» հոսող ջուրը Այսօր խմելու ջուրը լայնորեն օգտագործվում է սննդարդյունաբերության բոլոր ճյուղերում, ինչպես նաեւ այլ ոլորտներում։ Այն բնության բարիք է եւ կենսական անհրաժեշտություն, որը մինչեւ սպառողին հասնելը բազմաթիվ աշխատանքներ է պահանջում եւ դրա դիմաց պետք է վճարել։ Այժմ ամենաառաջնայինը ջրի ոչ ճիշտ եւ անխնա օգտագործման պրոբլեմն է։ Այս հարցում թերանում է թե՛ ժողովուրդը եւ թե՛ պետությունը։ Ինչո՞ւ։ Մի՞թե մենք չենք բողոքում այդ ջուրը խնայելու եւ ճիշտ օգտագործելու կապակցությամբ։ Մալաթիա-Սեբաստիա համայնքի Բ1 թաղամասի բնակիչներ Պայծառ Խաչատրյանը, Վազգեն Գալստյանը (114 շենք), Աշոտ Խալաթյանը (114 շենք), Սերյոժա Լալկոյանը (6 շենք) իրենց ուղղված այն հարցին, թե կարելի՞ է, արդյոք, անուշադրության մատնել մեր կյանքում այդքան կարեւոր խնդիրը եւ ժամանակին չմուծել ջրի վարձը, պատասխանեցին. – Ջուրը խնայելը միայն մեր պարտքը չէ։ Մենք ամեն կերպ աշխատում ենք կատարել մեր պարտքը։ Սակայն ի՞նչ կարող ենք անել մենք, երբ ջրի նկուղային հոսքը նպաստում է բնակելի շենքերի օրավուր խարխլմանը, իսկ անարգել հոսող ջուրը ամրապնդում է մեր՝ ջրմուղ-կոյուղու ձեռնարկության մասին ունեցած կարծիքը։ Եվ մի՞թե ընդամենը մի քանի ժամ տրվող ջրի համար, որը միշտ չէ, որ ժամանակին են տալիս, պետք է վճարել։ Իսկ ջրմուղ-կոյուղու թիվ 4 ձեռնարկությունում իրավիճակը բացատրում են համապատասխան մեխանիզմների բացակայությամբ։ Քանի որ Երեւանի ջրմուղ-կոյուղու ցանցը կառուցվել է շուրջ 50 եւ ավելի տարիներ առաջ, որից հետո հիմնական վերանորոգման չի ենթարկվել։ Արդյունքում ջրատար խողովակները քայքայվել են՝ առաջացնելով վթարներ, եւ խմելու ջուրը հոսում է գետնի տակ՝ խարխլելով շենքերի հիմքերը եւ ճանապարհները։ Բնակչությունը օգտագործվող ջրի դիմաց չի վճարում, քանի որ այն նորմալ չի մատակարարվում։ Նաեւ այն պատճառով, որ նրանց մի մասը վճարունակ չի, իսկ մյուս մասն էլ վճարունակ է, բայց չի ցանկանում վճարել։ Մեր հարցումներին տրված նմանատիպ պատասխաններ կարելի է հրապարակել ու հրապարակել։ Սակայն բնակիչները հույս ունեն, որ այս հարցերը, հնարավորության սահմաններում, շուտ կկարգավորվեն։ ԴԻԱՆԱ ՄԽԻԹԱՐՅԱՆ Մոնթե Մելքոնյան համալսարանի լրագրության 1-ին կուրս

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել