Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵԿՆԱՐԿԵՑ

Ապրիլ 16,2002 00:00

ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵԿՆԱՐԿԵՑ Սկանդալ հենց առաջին տուրում Ապրիլի 13-ին եւ 14-ին կայացած հանդիպումներով մեկնարկեց ֆուտբոլի Հայաստանի 11-րդ առաջնությունը։ Անդրանիկ տուրը հաջող սկսեց հանրապետության չեմպիոն Երեւանի «Փյունիկը», որը դիտարժան պայքարում 3։1 հաշվով հաղթեց «Բանանցին»։ «Զվարթնոցը» համառ պայքարում նվազագույն հաշվով պարտվեց «Միկային», իսկ «Լեռնային Արցախն» ու «Լեռնագործը» մեկական գոլ փոխանակեցին։ Հաջորդ օրը Գյումրիի «Շիրակը» մրցակցի դաշտում 4։0 հաշվով համոզիչ հաղթանակ տարավ։ Ի դեպ, սա տուրում գրանցված միակ խոշոր հաշվով հաղթանակն էր։ Աբովյանում տեղի «Կոտայքը» չկարողացավ արժանի դիմադրություն ցույց տալ «Դինամո 2000»-ին ու դաշտը թողեց պարտված՝ 1։3։ Առանձնակի հետաքրքրություն էր ներկայացնում «Սպարտակ»-«Արարատ» խաղը, քանի որ այդ թիմերի ցուցադրած ֆուտբոլը մոտավորապես նույն մակարդակի վրա է ու բացի այդ, երկու ակումբներն էլ վերջին տարիներին մշտապես պայքար են մղում մրցաշարային աղյուսակի բարձր տեղերի համար։ Բայց ասել, որ հանդիպումը դիտարժան էր, սխալ կլինի։ Հասկանալի է, որ մրցաշրջանը նոր է մեկնարկում, եւ առաջնության մասնակից թիմերը ընթացքում պետք է հասնեն իրենց իսկական մարզավիճակին։ Եվ ըստ երեւույթին դա էր պատճառը, որ խաղը հարուստ չէր գոլային պահերով, մրցակիցների ձեռնարկած գրոհների մեծ մասը կիսատ էր մնում։ Բայց, այնուամենայնիվ, մի փոքր ավելի նախապատվելի էին սպարտակցիները։ Հենց նրանք էլ առաջին խաղակեսում օգտվելով «Արարատի» նիգերիացի լեգեոներ Էտուվեի՝ պաշտպանությունում թույլ տված կոպիտ սխալից, բացեցին հաշիվը։ Աչքի ընկավ Արամ Հակոբյանը։ Ընդմիջումից հետո արարատցիները նկատելիորեն ակտիվացրին գործողությունները։ Սակայն նրանց գործադրած ջանքերն այդպես էլ հաջողությամբ չպսակվեցին։ Դրա փոխարեն հիմնական ուշադրությունը պաշտպանության վրա դրած եւ հակագրոհների տակտիկան ընտրած դաշտի տերերը հանդիպման վերջնամասում հասան նոր հաջողության։ Զանազանյանը մոտ 25 մետրից հուժկու հարվածով գնդակն ուղարկեց մրցակցի դարպասի վերին աջ անկյունը՝ կրկնապատկելով հաշիվը։ Ցավոք, հանդիպումը ստվերվեց տհաճ քաշքշուկով։ Ընդմիջման գնալիս գլխավոր մրցավար Կարեն Նալբանդյանի եւ «Արարատ» ակումբի նախագահ եւ գլխավոր մարզիչ Արկադի Անդրեասյանի միջեւ լեզվակռիվ ծագեց։ Ըստ երեւույթին կրքերը հանդերձարանի միջանցքներում ավելի էին բորբոքվել եւ կրկին դաշտ վերադառնալիս նույն տեղում՝ վազքուղիներում, նրանց մեջ ծեծկռտուք սկսվեց հանդիսականների աչքի առջեւ։ Լավ էր, որ այն շուտ կանխվեց հանրապետական ստադիոնի աշխատակիցների, ոստիկանության եւ մի քանի ֆուտբոլիստների միջամտությամբ։ Ա. ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել