Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ԳՐՊԱՆՈՒՄ՝ «ՄԻ ԳՐՈՇ» ՍԵՐ

Ապրիլ 16,2002 00:00

ԳՐՊԱՆՈՒՄ՝ «ՄԻ ԳՐՈՇ» ՍԵՐ Ծանոթացեք. միջահասակ եմ, արծվաքիթ, անկայուն գույն ունեցող աչքերով, երկար, ամենայն հավանականությամբ՝ չսանրված մազերով։ Վարքս՝ անբռնազբոսիկ, տարօրինակ եւ վտանգավոր։ Արփին է՝ ծաղկավոր գլխարկով, աշխույժ ու կրակոտ աչքերով այս աղջիկը հանկարծակի հայտնվել, ծիկ է անում մեզ՝ չմոռանալով հիշեցնել, որ ինքը եկել է։ Եկել է Արփին եւ այն էլ այն ժամանակ, երբ «պոեզիան անցյալի վերապրուկն է միայն», երբ «նոր մարդու կրոնը համակարգիչն է», երբ «արվեստը շարունակում է մնալ կոմայի մեջ», եւ երբ «մարդկանց դեմքերից երամ առ երամ չվում է հույսը»։ Մեր այս խառնաշփոթ ժամանակներում եկել է Արփին՝ պայքարելու զինված պոեզիայով. Ես, անշուշտ, գրամոլ եմ… – Մեր «գրամոլը» արձակ բանաստեղծություններ է գրում։ Ժանր, որ այդքան էլ տարածված չէ հայ գրականության մեջ։ Սա ի՞նչ է, ինքնատիպ երեւալու փո՞րձ, թե՞ մուսաների թելադրանք։ – Պատասխանը հարցի մեջ է։ Ընտրությունս կանգ է առել արձակ բանաստեղծության վրա, որովհետեւ այն այնքան էլ տարածված չէ եւ որովհետեւ այս ժանրի հանդեպ կանխակալ արհամարհանք կա, որպես մի բանի, որը ոչ արձակ է, ոչ պոեզիա, ինչն էլ ինձ հատկապես հրապուրում է։ Այն թույլ է տալիս լինել անհավակնոտ, թեթեւամիտ, անպատասխանատու եւ հնարավորինս ազատ։ – Այդ «ազատությունն» ու «թեթեւամտությունը» շատերի կողմից չընդունվեց, անգամ անվանվեց «վուլգար»։ – Ես գտնում եմ, որ գռեհիկ երեւույթներ չկան, կա գռեհիկ վերաբերմունք, որոնց կրողը դառնում է այս կամ այն բառը, ապացույցն է՝ հոմանիշ-համանիշներ ստվարածավալ բառարանը։ Կարեւոր է, թե ինչ կոնտեքստում է օգտագործվում գռեհկաբանությունը՝ գռեհիկ վերաբերմունքի կրո՞ղն է այն, թե՞ ուղղված է այդ վերաբերմունքի դեմ։ Ինձ համար «վուլգարիզմը» մտածողություն է, որը կարող է արտահայտվել անգամ գողտրիկ ու պարկեշտ բառապաշարով։ Բայց դրանք նաեւ ընդունվեցին շատերի կողմից, նույնիսկ մեծամասնության, այլապես 2001թ. չէի դառնա ՀՀ գրողների միության անդամ։ – Իսկ ի՞նչ է նշանակում այսօր քեզ համար լինել ՀԳՄ անդամ։ Եվ որքանո՞վ է այն պարտավորեցնում։ – Եթե մինչ այժմ ես էի զբաղված՝ շոկի մեջ գցելով ավագ սերնդին, Գրողների միության անդամ դարձնելով՝ ավագ սերունդը շոկի մեջ գցեց ինձ։ Ու մինչեւ հիմա դեռ դուրս չեմ գալիս այդ շոկից։ Նույնիսկ մի փոքր աչքիցս ընկել եմ, իհարկե նաեւ ինչ-որ տեղ բարձրացել։ – Չարենցը նույնպես Երեքի դեկլարացիան ստեղծելուց հետո «շոկի» մեջ էր գցում բոլորին։ Այնուամենայնիվ, նա զղջաց։ Մեծերի կյանքը չպե՞տք է արդյոք մեզ օրինակ ծառայի։ – Ընդհանրապես, 20-րդ դարի արվեստին բնորոշ էր նորարարների արագ պարտությունը, հրաժարումը իրենց համոզմունքներից, դասականի կեցվածք ընդունելը. իրար հաջորդած ու իրար հերքող նորարարական ուղղությունները շատ արագ էլ դառնում էին ավանդույթ ու թանգարանային նմուշ՝ այն, ինչ իրենք արհամարհում էին։ Այնպես որ, ուզենք թե չուզենք, մեծերի կյանքը մեզ օրինակ է, բայց դա չի նշանակում, որ պիտի չինական մեծ պարիսպ կանգնեցնենք եւ աչք փակենք աշխարհում տեղի ունեցող գրական գործընթացների վրա։ 1978-ին Արփին դուռը բացեց ու կյանքին ասաց. «ծիկ», երբ ծնողները մոտ հիսուն տարեկան էին։ Հետո… «սկսեցի թիթեռի պես ծաղկից ծաղիկ թռչել»։ «Ծաղիկներից» առաջինը ֆիզմաթ դպրոցն էր, հետո՝ թատերական ինստիտուտի ռեժիսուրայի բաժինը, որը շուտով թողնում է, հիմա էլ թռչել է Գեղարվեստի ակադեմիա կոչվող «ծաղկի» վրա, հետն էլ բացել գրականության դուռն ու ասում. «ծիկ»՝ չմոռանալով հիշեցնել, որ ինքը եկել է։ Եկել է Արփին ու տեսնում, որ «զարմանահրաշ է այս աշխարհը, բայց օտար»։ Այս օտար աշխարհի, թերեւս ամենաբզկտված ու արյունոտ հատվածում է հայտնվել Արփին, բայց չի հանդուրժում տրտունջն ու մորմոքը. Ինչո՞ւ լինել այդքան տգեղ։ Ինչո՞ւ լինել այդքան մերժված ու լքված։ Եվ հեկեկոցներով ողողել տիեզերքը։ Դուրս կորեք իմ տնից, մոնղոլ-թաթար-պարսիկ-արաբ-սելջուկ-մելջուկ։ Հրամայում է Արփին ու նաեւ կոչ անում. Հայեր, նայեք ինձ. ես մերկ եմ ու անամոթ։ Ես գեղեցիկ եմ ու սիրահարված ինձ։ Ես առողջ եմ հեթանոսի պես։ Հայեր, եղեք ինձ նման։ Տրտունջ ու մորմոք չսիրող Արփին չի հանդուրժում նաեւ «Հայկական երազ» տեսնելու տարբերակը. «Չենք կարող պետական գանձարանը լցնել Տիգրան Մեծի դրամներով»,- զգուշացնում է նա։ Հոգնել է Արփին՝ տառապելով, որպեսզի երջանկացնի ուրիշներին. ես էլ չեմ ուզում կաշվիցս դուրս գալ՝ ձեր չափանիշներին համապատասխանելու համար։ Ու չնայած այդ «հոգնածությանն», այնուամենայնիվ Արփին գրպանում ունի «մի գրոշ սեր»։ Սեր, որը չի թողնում նրան խեղդվել «մարդկության խելառ օվկիանոսում»։ Այդ «մի գրոշ» սիրո շնորհիվ է, որ դիմանում է նա, «չի գժվում» կյանք կոչվող «քաոսային պտուտանի մեջ»։ Այդ սիրո սպասումից են Արփիի համար «անառակաբար պսպղում օճառաջրից հենց նոր հանած աստղերը»։ Իսկ հոգու մեջ բացված ամենօրյա վերնիսաժում ցուցադրվում են միմիայն սիրած էակի դիմանկարները։ Սակայն, երբեմն, նույնիսկ այդ «մի գրոշ» սերը չի օգնում, ու հուսահատ Արփին մահին է փնտրում. Հե՜յ, խեղկատակ, դուրս արի, գերանդուդ կոթը տեսել եմ։ Իսկ երկար փնտրել պետք չէ, միեւնույն է, գալու է մի օր, երբ «մեր ժամանակի մասին խոսելու են անցյալ ժամանակով»։ Բայց այդ «ստերն» էլ երկար հանդուրժել չի կարող Արփին. Եվ մի օր կրծքավանդակը ճնշող հողի հաստ շերտի տակ պառկած, ես արեւի, սիրո, կյանքի կարոտից ու վիրավորանքից ինքնասպան կլինեմ։ Եվ կվերածնվեմ։ Այնուամենայնիվ, Արփին հավատում է նաեւ, որ մի օր մտնելու է Պառնաս. «միանալու աշխարհի արարման օրից անդադար մեռնող պոետների հոծ զանգվածին, որոնց համար բանաստեղծությունն ինչ-որ բան արժեր»։ ԱՇԽԵՆ ՔԵՇԻՇՅԱՆ Այս տարի, երեխաների պաշտպանության օրը, «Դո-ռե-մի»-ն պատրաստվում է տոնել իր հնգամյակը։ Այդ տոնին, ինչպես պատմեց խմբի ղեկավար Նադեժդա Սարգսյանը, կմիանա նաեւ Հայաստանում կայանալիք թվով երկրորդ միջազգային երաժշտական մրցույթը։ Նրա խոսքերով. «Ամեն ինչ սկսվեց փոքրիկ մրցույթից, որն այսօր վերաճել է միջազգայինի։ Մեր գործունեության հինգ տարիների ընթացքում ոչ միայն Երեւանից, այլեւ հանրապետության տարբեր մարզերից «հայտնաբերել» ենք տաղանդավոր երեխաների։ Սկսել ենք աշխատել։ Ձեւավորվել են խմբեր, անհատ կատարողներ։ Այսօր արդեն մեր սաներից շատերը մասնակցում են միջազգային մրցույթների, փառատոների։ Այս գործում, ինչ խոսք, դրվատանքի են արժանի նաեւ երեխաների հետ պարապող ուսուցիչները, որոնք իրենց հոգին ու եռանդն են ներդնում։ Արդյունքում, որպես երախտագիտության արտահայտություն, մեր երգիչ-կատարողները հայրենիք են վերադառնում միայն հաղթանակներով»։ Խմբի ղեկավարը նաեւ պատմեց, որ «Դո-ռե-մի»-ի երեխաների լավագույն ելույթների շնորհիվ էր, որ միջազգային մրցույթների ասոցիացիայի կողմից առաջարկություն եղավ Հայաստանում նույնպես անցկացնել միջազգային մրցույթ։ Իսկ վերջերս խումբը մասնակցեց Սանկտ Պետերբուրգում կայացած միջազգային մրցույթին, որը կրում էր «Փոքրիկ աստղիկներ» խորագիրը։ Այս անգամ մեկ տարիքային խմբում մրցույթին մասնակցեցին Մարթա Կիրակոսյանն ու Մարիաննա Հովսեփյանը։ Նրանք նշեցին, որ կրկին մրցույթի են մեկնել մեծ դժվարություններով։ «Իսկ չմեկնել չէր լինի,- ասում է Ն. Սարգսյանը,- մրցույթին մասնակցում էին 15 երկրներից՝ Բելառուս, Էստոնիա, Լեհաստան, Տաջիկստան… Մեր մասնակիցների տարիքային խմբում կար 29 մասնակից։ Մարիաննա Հովսեփյանն իր լավագույն կատարման, ռիթմի զգացողության եւ դերասանական վարպետության համար արժանացավ հատուկ մրցանակի։ Իսկ գրան պրին նվաճեց Մարթա Կիրակոսյանը»։ Խումբը հերթական հրավերն է ստացել՝ մասնակցելու Ղազախստանում կայանալիք ժողովրդական ժանրի երգերի մրցույթին, որը, երեխաների համոզմամբ, նույնպես հաղթանակով է պսակվելու։ ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել