Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Բացարկը՝ որպես «ուղիղ ճանապարհ»

Ապրիլ 16,2002 00:00

Բացարկը՝ որպես «ուղիղ ճանապարհ» Դատական գործընթացը երկարաձգելու ճանապարհին Վանաձորի թիվ 12 «Առափնյա» ՓԲԸ (նախկինում՝ ԲՇՏ) թվով 6 աշխատողներ, որոնք հիմնարկի անհիմն լուծարման հետեւանքով աշխատանքից ազատվել են դեռեւս 2000թ. օգոստոսից, ս.թ. հունվարի 22-ին դիմել են Լոռու մարզի առաջին ատյանի դատարան՝ պահանջելով իրենց աշխատավարձերի պարտքերը: Գումարն ամբողջությամբ կազմում է 508 հազար դրամ: Պատասխանող կողմի՝ Վանաձորի քաղաքապետարանի կողմից դատական նիստը միտումնավոր խոչընդոտելու եւ դատական գործընթացը երկարաձգելու պատճառով ապրիլի 10-ի դրությամբ քաղհայցը ոչ միայն չի բավարարվել, այլեւ՝ դատական գործընթացը նորմալ հունի մեջ չի ընկնում: Նշենք, որ մի քանի անգամ դատական նիստերին չներկայանալուց հետո, քաղաքապետարանի ներկայացուցիչը, ի վերջո, բարեհաճում է ներկայանալ, սակայն դատական քննարկումներից հետո հանկարծ պատասխանող կողմը որոշում է բացարկ հայտնել դատարանի կազմին, որի արդյունքում քաղհայցի վարույթը, փաստորեն, հայտնվում է հարկադրական կանգառի մեջ՝ մինչ նոր քննարկում: Պետք է նկատել, որ պատասխանող կողմին, անշուշտ, քաջ հայտնի է, որ դատական նիստերին պատասխանող կողմի 3 անգամ չներկայանալուց հետո դատարանը կարող է գործը լսել վերջիններիս բացակայության պայմաններում, ուստի գերադասում են 2 անգամ չներկայանալուց հետո 3-րդ անգամը ներկայանալ, բայց մի քիչ «ձգձգելուց» հետո բացարկ հայտնել (որպեսզի չլինի՞ թե հանկարծ իրենց բացակայությամբ ի վնաս իրենց որոշում կայացվի): Եթե պատասխանող կողմը դատական գործընթացը երկարաձգելու միտում չունենար, բացարկը կհայտներ անմիջապես եւ ոչ թե հայցվորներին մի քանի անգամ դատարան տանել-բերելուց հետո (չհաշված այն հանգամանքը, որ բացարկն էլ պատրվակ է՝ դատական գործընթացը երկարաձգելու, մանավանդ որ իրենց աշխատավարձերը ստանալու օրինական պահանջին ի պատասխան, դեռ մինչ դատարան դիմելը քաղաքապետարանը գրավոր «երաշխիք» է տվել, որ «առաջին իսկ հնարավորության դեպքում ոչ միայն Ձեր կողմից մատնանշված աշխատակիցների, այլեւ նախկին թիվ 12 «Առափնյա» ՓԲԸ մյուս աշխատակիցների աշխատավարձերը կվճարվեն»): Այս պայմաններում, թերեւս, անհարկի շռայլություն կարելի է համարել այն, որ դատարանը ստիպված է շարժվել քաղաքապետարանի քմահաճույքներով, ինչը եւս մեկ ապացույց է այն բանի, որ առնվազն Լոռու մարզում դատարանը դեռեւս անկախ չէ գործադիրից: Եթե քաղհայցը այդ տեմպերով պտտվի բոլոր 5 դատավորների վարույթներում, ենթադրվում է, թե դատարանը վճիռ կկայացնի լավագույն դեպքում տարեվերջին: Ըստ երեւույթին, քաղաքապետարանը նպատակադրվել է դատական գործընթացը ձգձգել այնքան ժամանակ, մինչեւ այդ գումարների վճարման հոգսն ընկնի քաղաքային հաջորդ իշխանությունների ուսերին: Չէ՞ որ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները «յոթ սարի հետեւում» չեն: Եվ այս պայմաններում քաղաքապետարանը մամուլում հավատացնում էր, թե պարտքեր չունի (իսկ քաղաքապետն էլ Ֆ. Նանսենի անվան մրցանակ է ստանում, որպես մեծ հումանիստ): Դժբախտաբար, մեր արդարադատության համակարգում դեռեւս ընդունված չէ պատասխանատվության ենթարկել պաշտոնատարներին՝ դատական գործընթացը խոչընդոտելու համար: Հավանաբար, հենց այդ պատճառով, դատական շատ վեճեր, որոնք կարելի էր վճռել 1-2 օրում, ավելի հաճախ ձգձգվում են ամիսներ, տարիներ՝ տուժող կողմին առավել եւս նյութական, ֆիզիկական ու բարոյական վնաս հասցնելով (իսկ դրա արդյունքում մեծանում է սոցիալական լարվածությունը՝ դրանից բխող այլեւայլ հետեւանքներով): Ահա թե ինչու շատերը խուսափում են դատարան դիմելուց, եւ, դա քաջ գիտենալով, որոշ ղեկավարներ իրենց ինքնիշխան են զգում՝ աշխատողների նկատմամբ կամայական վերաբերմունք դրսեւորելով եւ վերջիններիս աշխատանքային ու սահմանադրական իրավունքները խախտելով: Նրանք համոզված են, որ հազիվ թե աշխատողները ցանկանան առնչվել դատաիրավական մարմինների հետ, որոնք անուղղակիորեն կախման մեջ են գտնվում գործադիրից: ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ Վանաձոր

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել