Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ԻՐԱՐԻՑ ԴԺԳՈՀ ԵՆ

Ապրիլ 16,2002 00:00

ԻՐԱՐԻՑ ԴԺԳՈՀ ԵՆ Ավագ սերունդը միշտ էլ քննադատորեն է վերաբերվել երիտասարդների խենթություններին՝ չափից ավելի համարձակ ու անբարդույթ գնահատելով նրանց վարքագիծը։ Հայրերի եւ որդիների «պատերազմը» շարունակվում է նաեւ այսօր։ Ավանդապաշտ ծնողները հաճախ են դժգոհում իրենց որդիներից ու դուստրերից՝ մեղադրելով նրանց ավելորդ ազատամտության, ինքնավստահության, աշխուժության ու անլրջության մեջ։ Սակայն նրանցից հետ չեն մնում նաեւ զավակները։ Վերջիններս էլ իրենց հերթին մատնանշում են ծնողների «թերությունները»՝ դժգոհելով, որ նրանք իրենց չեն վստահում ու հասկանում, ավելորդ կասկածամիտ են եւ «հետադիմական» հայացքներ ունեն։ Երեւանի Կենտրոն համայնքի դպրոցներից մեկում բարձր դասարանցիների շրջանում անցկացված «Ծնողներիս բնավորության դրական ու բացասական գծերը» թեմայով հարցման արդյունքները ընթերցողի ուշադրությանն ենք ներկայացնում առանց մեկնաբանությունների։ Հարցմանը մասնակցել է 8-10-րդ դասարանների 100 աշակերտ։ Նրանցից 60-ը շատ բարձր է գնահատել ծնողների ուշադիր վերաբերմունքը, հոգատարությունը, բարությունը եւ կարեւորել հատկապես առանց գումարի իրենց դպրոց չճանապարհելը։ Հարցման 40 մասնակից դժգոհել է, որ ծնողները չեն կարողանում իրենց «ըստ արժանվույն» դպրոց ճանապարհել եւ ստեղծել հնարավորություններ զավակների սեփական առօրյան հետաքրքիր կազմակերպելու համար։ Վերջիններս նեղացած են նաեւ, որ ծնողները շատ քիչ են հետաքրքրվում իրենց առաջադիմությամբ եւ հազվադեպ հաճախում դպրոց։ Հարցման մասնակիցների միայն 20%-ն է ծնողներին լավ ընկերներ ու խորհրդատուներ համարել՝ նկատի ունենալով այն, որ նրանք հնարավորություն են տալիս իրենց կիսվել ու «բացվել» ցանկացած, անգամ «արգելված» թեմաներով զրույցներում։ Հարցվածների 20%-ը ծնողների հետ ընդամենը «բարի դրացիական հարաբերություններ» է պահպանում՝ փորձելով հնարավորինս խուսափել կոնֆլիկտներից։ Ի դեպ, նրանք գաղտնիքների միայն մի մասն են վստահում ծնողներին, իսկ մյուս մասը գերադասում են հայտնել մտերիմ ընկեր-ընկերուհիներին՝ ծնողական հնարավոր զայրույթից ու կշտամբանքից հեռու մնալու մտավախությամբ։ 60%-ի կարծիքով, թեեւ ծնողները չեն մտածում իրենց հետ մտերմիկ զրույցներ ունենալու մասին, սակայն ընդհանուր առմամբ լավ են վերաբերում իրենց։ Իհարկե, չեն բացառվում նաեւ դեպքերը, երբ մեծերը բարձրաձայն իրենց երեսին ասում են ավելին, քան անհրաժեշտ է՝ վիրավորելով զավակների ինքնասիրությունն ու արժանապատվությունը։ Հարցման մասնակից 60 երեխա նշել է նաեւ այն մասին, որ ծնողներն ամեն ինչից շուտ են բարկանում, իրենց արգելում են մասնակցել ուշ ավարտվող միջոցառումներին եւ բացասաբար են վերաբերում իրենց ու իրենց տարեկիցների բոլոր արարքներին՝ դրանք որակելով «անլուրջ» ու «անդաստիարակ»։ Նրանց կարծիքով, իրենց հաճախ հանիրավի են պատժում, իսկ կրտսեր կամ ավագ եղբորն ավելի հաճախ ներում։ 20 մասնակից պնդում է, որ այս հարցում ծնողների հետ որեւէ պրոբլեմ չունի։ Քանի որ իրենց վստահում են, ուստի թույլ են տալիս մասնակցել դասարանական կամ արտադասարանական ցանկացած հավաքույթի։ 20 մասնակից էլ խոստովանում է, որ «զվարճանալու» է գնում թաքուն՝ առանց ծնողների գիտության։ Ընդհանուր առմամբ, հարցման բոլոր մասնակիցները դժգոհում են ծնողների մի «հիվանդությունից». մեծերը, երբ հարմար են գտնում, իրենց մեծ են համարում, իսկ երբ ոչ՝ փոքր։ Բարձր դասարանցիներին հատկապես վրդովեցնում է մի հանգամանք. եթե իրենք իրոք մեծ են, ուրեմն ինչո՞ւ են ծնողները սահմանափակում իրենց «մեծական» իրավունքները եւ «բռնանում» ազատության վրա։ Իսկ եթե փոքր են, ծնողներն ինչո՞ւ ներողամտորեն չեն վերաբերում իրենց այս կամ այն արարքին եւ տարիքից եկող սխալներին ու սայթաքումներին։ ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել