Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Վճարիր հարկերն ու հանգիստ քնիր։ Կամրջի տակ։

Ապրիլ 16,2002 00:00

Վճարիր հարկերն ու հանգիստ քնիր։ Կամրջի տակ։ ԲՇՏ գրասենյակները բնակիչներից հարկ են գանձում բակերի մաքրման, կրծողների դեմ պայքարի, ջրի, աղբահանության, խողովակների կամ տանիքի նորոգումների համար։ Մի քանի տարի առաջ ստեղծվեցին նաեւ «համատիրություն» կոչվող նույնատիպ գրասենյակներ։ Եվ այս նորերի գործունեությունը նույնը կամ գրեթե նույնն է՝ գանձված վճարների դիմաց սպասարկել բնակչությանը։ Սակայն, հանուն ճշմարտության պետք է ասել, որ իրենք՝ բնակիչները, կոմունալ դժվարությունների հանդիպելիս աշխատում են գործը «գլուխ բերել» սեփական ուժերով՝ վճարելով սանտեխնիկին, հավաքարարին կամ սանէպիդկայանի աշխատակցին։ Զուր չէ, որ բնակիչները դժգոհում են. կոմունալ սպասարկումը ցածր մակարդակի վրա է, սակայն գանձված գումարների հաշվին աշխատավարձ են ստանում ԲՇՏ-ի եւ համատիրության աշխատակիցները։ Այժմ առաջացել է իսկական խառնաշփոթ. ԲՇՏ-ները «ուրախ» չեն «համատիրությունների» գոյությունից, իսկ «համատիրությունները»՝ ԲՇՏ-ների։ Բնակիչների համար էլ ստեղծվել են հատուկ բարդացված պայմաններ, քանի որ նույն շենքից ԲՇՏ-ն գանձում է բակային տարածքի եւ աղբահանության համար, իսկ համատիրությունը վարձ է պահանջում ջրի եւ ավտոտնակի դիմաց։ Այսինքն՝ հազվադեպ վճարելու պատրաստ բնակիչը պետք է այսուայնկողմ սլանա, որպեսզի գոհացնի եւ «համատիրությանը» եւ ԲՇՏ-ին, որոնք կարող են իրարից գտնվել հեռու եւ հակառակ ուղղությամբ։ Բայց գործն այդտեղ էլ չի հասնում, քանի որ ոչ մի բնակիչ էլ սպասարկման վարձ չի մուծում, մինչեւ չգան ու դուռը չծեծեն։ Իմ հարցին, թե ԲՇՏ-ները մեզ օգնո՞ւմ են, թե՞ խանգարում, Աջափնյակ թաղամասի թիվ 1 ԲՇՏ-ի պետ Ռ. Հասրաթյանն ասաց, որ, իհարկե օգնում են, բնակիչները ուղղակի նորմալ մուծումներ չեն անում եւ, ընդհանրապես, վճարվում է գումարների 30- 40%-ը (զարմանալին այն է, որ վճարողների հիմնական մասը թոշակառուներն են՝ բնակչության խեղճուկրակ խավը)։ Ըստ պրն Հասրաթյանի, անցյալ ամիս իրենց ԲՇՏ-ն վերանորոգել է ջրի խողովակները, որովհետեւ դրանք վնասվել էին եւ կոյուղու ջրերը լցվում էին շենքերի նկուղային հարկերը։ Նա ավելացրեց նաեւ, որ ունեն 14 աշխատող եւ մի քանի ամիս է՝ աշխատավարձ չեն ստացել։ Նույն հարցին, թե ինչ աշխատանքներ են կատարել իրենց տարածքում, Արաբկիրի «Տանիք» համատիրության պետ Ս. Սինանյանն ասաց, որ իրենք իսկական «տանիք» են իրենց բնակիչների համար։ Եվ նշեց՝ թե որպես նախկին ԲՇՏ ինժեներ կարող է վստահ ասել, որ համատիրությունները գործ անում են, իսկ ԲՇՏ-ները՝ ոչ եւ որ բնակիչները իրենց վճարած գումարների արդյունքը տեսնում են։ «Տանիք»-ի աշխատակիցները 4-ն են եւ ամեն ամիս վարձատրվում են։ «ԲՇ՞Տ, թե՞ համատիրություն» հարցի վերաբերյալ կարծիք ունեին նույն՝ Արաբկիր տարածքի թիվ 2 ԲՇՏ-ի աշխատակիցները (պետ Գ. Գրիգորյանը բացակայում էր)։ Նրանք իրազեկ էին գրեթե բոլոր հարցերին եւ ասացին, որ իրենց ԲՇՏ-ն բավական գործեր է արել։ Օրինակ՝ իրենց տարածքում նորոգումներ են կատարել թիվ 6 շենքի տանիքում։ Նշեցին իրենց եւ բնակիչների երկկողմանի փոխըմբռնման, թոշակառուների պարտաճանաչության, ինչպես նաեւ՝ պետ Գ. Գրիգորյանի մարդկային լավ հատկանիշների մասին։ Դժգոհեցին թեպետ ամեն ամիս վճարվող, բայց ցածր աշխատավարձից։ Մի խոսքով, ԲՇՏ-ներն ու համատիրությունները պայքարում են կրծողների, աղբի եւ իրար դեմ, իսկ բնակիչներին հետաքրքրում է արդյունքը։ ՄԱՐԻՆԵ ԴՈԽՈԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել