Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ԳՆԱՀԱՏՈՒՄ Է ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԸ

Ապրիլ 16,2002 00:00

ԳՆԱՀԱՏՈՒՄ Է ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԸ «Զվարթնոց» օդանավակայանը հավատարմագրային կառավարման հանձնելու որոշմանը հետեւեց հասարակության շահագրգիռ հատվածների, ավելի ստույգ՝ օդանավակայանի մի շարք աշխատողների անհանգստությունը, որ օդանավակայանն իրականում մասնավորեցվում է, ոչ թե կառավարման հանձնվում, իսկ գույքը հետագայում անցնելու է «Կորպորասիոն Ամերիկային»։ Սրա համար հիմք է հանդիսացել 2002թ. ապրիլի 1-ի կառավարության թիվ 312 «Երեւանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայան» ՊՓԲԸ-ն մասնավորեցման նախապատրաստական աշխատանքների մասին» որոշումը։ Որոշման մեջ հիմք է ընդունվում «Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» ՀՀ օրենքի 24-րդ հոդվածը, որում նշված չէ, թե հավատարմագրային կառավարումը մասնավորեցման տեսակ է կամ ձեւ։ Սրա վերաբերյալ «Առավոտի» հարցին ի պատասխան, Արդարադատության նախարարությունից մատնանշեցին «պետական գույքի մասնավորեցման 2001-2003թթ. ծրագրի մասին» օրենքը, որի երրորդ մասի առաջին ցանկում 769.62338 կետի տակ նշված է «Երեւանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայան» ՊՓԲԸ-ն, որի «մասնավորեցումը» պետք է տեղի ունենա հետեւյալ կերպ. «Պետությանը պատկանող օգտագործման իրավունքի փոխանցում առանց բաժնետոմսերի սեփականության իրավունքի փոխանցման»։ Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը «Առավոտին» տված բացառիկ հարցազրույցում հավաստիացրեց, որ 30 տարուց, ըստ պայմանագրի, գույքը դառնում է պետության սեփականությունը, «երաշխիքն այն է, որ այդ գույքը պետական սեփականությունից չի զրկվում, այլ պետությունն իր գույքը հանձնում է կոնցեսիայով»։ Հասարակության մեջ գերիշխող տեսակետն այն է, որ «Հայկական ավիաուղիներն» ավելի վատ վիճակում է, քան «Զվարթնոց» օդանավակայանը, ուստի, ավելի նպատակահարմար էր մասնավորեցնել կամ կառավարման հանձնել «ՀԱՈՒ»-ն, որովհետեւ «Զվարթնոցն» այդքան մեծ ներդրումներ չի պահանջում։ «Նախ սկսենք նրանից, որ պետությունն այդ հնարավորությունը չուներ։ Երկրորդ. եթե մենք չունենանք շատ ավելի նորմալ օդանավակայան, որեւէ ավիաուղի Հայաստան չի գա»,- ասաց նախարարը եւ հիշեցմանը, որ այսօր, այնուամենայնիվ, լուրջ ավիաուղիներ գալիս են Հայաստան, այսպես արձագանքեց. «Գալիս են, բայց ինչ ձեւով։ Քանի անգամ «Ավստրիական ավիաուղիները» վերջերս վայրէջք չկատարեցին եւ հանեցին իրենց թռիչքները։ Երկու շաբաթ է, ես մարդու եմ սպասում, չկա։ ՀԱՈՒ-ով չի ուզում, չի պատրաստվում թռչել։ «Ավստրիականն» էլ ասում է՝ մառախուղ է, ձեր լուսային համակարգը չի բավարարում վայրէջքի համար, որովհետեւ որպես կանոն ռիսկի չեն դիմում, լավագույն ինքնաթիռները չեն ուղարկում։ Այսպիսով, մենք բազմաթիվ թռիչքներ ենք կորցնում։ Այնպես որ, սա մեզ համար թիվ 1 խնդիրն է։ Ինչ վերաբերում է ՀԱՈՒ-ին, նույնպես պետք է անդրադառնանք։ Այստեղ նույնպես շատ լուրջ խնդիրներ ունենք։ Իսկ օդանավակայանը ենթակառուցվածք է, որի երկրորդը շատ դժվար է ստեղծել։ ՀԱՈՒ-ի պարագայում ես վստահ չեմ, որ լուրջ ընկերություն պատրաստ կլինի վերցնել, նա ավելի շուտ նոր ավիաուղի կստեղծի, քան սա կվերցնի։ Օդանավակայանի պարագայում չես կարող նորը ստեղծել»։ Այնուամենայնիվ, մեր անհանգստացած քաղաքացիները նշում են, որ ICAO-ն (քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպություն) «Զվարթնոցին» միջազգային երկրորդ կարգի օդանավակայանի կարգավիճակ է շնորհել (իհարկե, այստեղ կապ ունի, թե երբ է շնորհել, եւ որ վաղուց «Զվարթնոցում» ներդրում չի արվել)։ Ժամանակին Երեւանի քաղաքապետարանը որոշում էր ընդունել, որով «Զվարթնոցի» տարածքում գործող ՊՓԲԸ-ները իրավունք էին ստացել մասնավորեցնել իրենց զբաղեցրած տարածքը։ Գործընթացը կասեցվել է կոնցեսիայի պայմանագրի հայտնվելուն պես։ Դավիթ Հարությունյանն այսպես մեկնաբանեց կասեցումը. «Օդանավակայանը ասֆալտ չի, հրապարակ չի, որտեղ ինքնաթիռն է իջնում։ Օդանավակայանը համապատասխան ենթակառույց է։ Եվ մենք շատ երկար էինք քննարկում, թե ընդհանրապես օդանավակայանի սեփականաշնորհման հնարավորություն ընձեռե՞նք, թե՞ ոչ։ Օդանավակայանը ոչ միայն այդ ՓԲԸ-ն է, այլ նաեւ օդանավակայանի գործունեությունը սպասարկող այլ ՓԲԸ-ներ նույնպես։ Նման բան տեղի չի ունեցել, որ Էռնեկյանի մուտքի հետ կապված կասեցվի ինչ-որ սեփականաշնորհման գործընթաց»։ «Զվարթնոցի» աշխատակիցները տարակուսանք են հայտնում նոր VIP սրահի կառուցման անհրաժեշտության վերաբերյալ, որի մասին տեղեկություն են ստացել։ Դավիթ Հարությունյանի պարզաբանմամբ, «ընդհանրապես նոր VIP սրահի անհրաժեշտություն չկա։ Այդպիսի ծրագիր չի եղել։ Եվ Էռնեկյանն էլ չի հետապնդում։ Նա ասում է, որ այն շենքը, որն օգտագործվում է որպես հիմնական ուղեւորային տերմինալ (կլոր շենքը), իր ֆունկցիոնալ հնարավորություններով չի համապատասխանում միջազգային չափանիշներին։ Անհրաժեշտ է կառուցել նորը։ Նորը կառուցելու համար ընտրված է այն տեղը, որտեղ ներկայումս գտնվում է այն շենքը, որում տեղակայված է VIP-ը։ Այսինքն VIP-ի խնդիր չի լուծում Էռնեկյանը, այլ նոր ժամանակակից տերմինալի, որը, իհարկե, կունենա VIP սրահ, ինչպես նաեւ բազմաթիվ այլ ծառայություններ»։ Սրանցով չեն սպառվում կոնցեսիայի պայմանագրի հետ կապված բոլոր վիճահարույց հարցերը։ Մյուս հարցերի շուրջ նույնպես ստացել ենք նախարարի պարզաբանումները, որոնք կներկայացնենք մեր առաջիկա համարներում։ ԱՐՄԻՆԵ ՈՒԴՈՒՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել