Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ՉԻ ՎԵՐԱԴԱՌՆԱ

Ապրիլ 16,2002 00:00

ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ՉԻ ՎԵՐԱԴԱՌՆԱ Ըստ երեւույթին, Հայաստանի ներկայիս իշխանությունը լուրջ մտավախություն ունի, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը կարող է վերադառնալ մեծ քաղաքականություն: Դատելով այն կատաղությունից, որով Քոչարյանի գլխավոր պրոպագանդիստական թնդանոթը՝ Հանրային հեռուստատեսությունը հարձակվեց երկրի առաջին նախագահի վրա /ինչը, բնականաբար, պետական մտածողության վառ դրսեւորում է/, վախը, իսկապես, շատ մեծ է: Իմ կարծիքով, նման պանիկայի համար որեւէ պատճառ չկա: Եթե այդ հիստերիայի առիթը մեր թերթի հրապարակումն է /«Տեր-Պետրոսյանը վերադառնում է»/, ապա մենք փորձեցինք բացատրել, որ դա ընդամենը կատակ է՝ ուշադիր կարդացեք մեր թերթը: Եթե անհանգստացնում էր առաջին նախագահի Բոստոն գնալը, որի հիման վրա մի շարք պալատական գործիչներ հեռու գնացող «ռազմավարական վերլուծություններ» կատարեցին, ապա արդեն հայտարարվեց, որ ոչ մի Բոստոն էլ նա չի գնա: Վերջապես, եթե իշխանությունը իրոք հավատում է, որ, ասենք, Ստեփան Դեմիրճյանի թիկունքում կանգնած է Տեր-Պետրոսյանը, ապա այստեղ էլ նրան հիասթափություն է սպասում՝ «նախկիններն» այնքան ամբիցիոզ են, որ «իրենց փոխարեն», նույնիսկ ժամանակավորապես, ոչ մեկին չեն հանդուրժի: Նրանց, ովքեր անհանգստանում են /կամ, ընդհակառակը՝ բոցավառվում են/ Տեր-Պետրոսյանի վերադարձի հեռանկարից, խորհուրդ եմ տալիս գեներալ Դը Գոլի մասին գրքերը պահել հեռավոր փոշոտ դարակում: 20 – րդ դարի երկրորդ կեսի Ֆրանսիայում բավականաչափ զարգացած էին ժողովրդավարական ինստիտուտները, որպեսզի քաղաքացիները կարողանային գիտակցված ընտրություն կատարել: Կար, օրինակ, ազատ եւ բազմազան մամուլ: Այնինչ, ժամանակակից Հայաստանում գոյություն ունի, պայմանականորեն ասած, մեկ «Պրավդա» թերթ՝ 17 տարբեր անվանումներով: Դրանք այնպիսի համազարկ կտան «մթի եւ ցրտի տարիների» ու «լափված մազութի» վերաբերյալ, որ առանց այդ էլ կազմալուծված հասարակությունը ավելի շատ կբժժի: Այնպես որ, «ոտ ու ձեռ ընկնել» եւ Տեր-Պետրոսյանի վրա այդքան էներգիա ծախսել պետք չէ: Ավելի լավ է կենտրոնանալ նախագահական ընտրարշավում Քոչարյանի իրական մրցակիցների վրա՝ նույն Ստեփան Դեմիրճյանի, Գեղամյանի, Վազգեն Մանուկյանի: Հենց նրանց հասցեին է մոտ ապագայում խիստ մեծանալու 17 գլխանի «Պրավդայի» լուտանքների քանակը: ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել