Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Հանուն ազատ խոսքի

Ապրիլ 16,2002 00:00

Հանուն ազատ խոսքի Ուրբաթ օրը Հայաստանի մի շարք լրատվամիջոցներ հանդես են եկել հայտարարությամբ, որում մասնավորապես ասված է. Խոսքի ազատության դեմ իշխանությունների արշավանքը գլխավորելու հայտ են ներկայացրել զանգվածային 17 լրատվամիջոցներ: Առավել ստույգ՝ 17 լրատվամիջոցների ղեկավարներ՝ սակավաթիվ համախոհ աշխատակիցների հետ: Հանդես գալով իբրեւ խոսքի ազատության կրողներ, իրականում՝ համախմբվելով ընդդեմ ազատ խոսքի, նրանք կամավոր ստանձնել են իշխանություններին հլու բազմանուն եւ միասնական քարոզչամեքենայի դերը: Այդ քարոզչամեքենան տիրապետում է նյութական եւ տեխնիկական պատկառելի միջոցների, ունի հասարակական կարծիքի վրա ներազդելու մեծ հնարավորություններ: Մենք չենք պնդում, թե տվյալ լրատվամիջոցների նկատմամբ կիրառվում են ճնշումներ, եւ թե սահմանափակվում է նրանց խոսքի ազատությունը: Նրանք ազատորեն խոսում եւ գրում են այն, ինչն ակնհայտորեն խրախուսում են իշխանությունները: Մենք պնդում ենք, որ «Ա1+» անկախ հեռուստաընկերությունը փակվել է ոչ թե օրինական մրցույթում պարտվելու հետեւանքով, այլ քաղաքական պատվերի շրջանակներում: Ըստ այդմ, հայտարարում ենք, որ Հայաստանում վտանգված է խոսքի ազատությունը, եւ անկախ ԶԼՄ-ների գործունեության համար պայմանները չափազանց աննպաստ են: 17 լրատվամիջոցների ղեկավարների միջոցով իշխանությունները հետապնդում են լրագրողական համերաշխությունը վերջնականապես քայքայելու, լրատվական դաշտը պառակտելու եւ զանգվածային լրատվամիջոցներին միմյանց հետ թշնամացնելու նպատակներ: Մենք վստահ ենք, որ մեր տասնյակ ու հարյուրավոր գործընկերները տուրք չեն տա վտանգավոր հետեւանքներ ենթադրող այս սադրանքին, կընդունեն իրենց մասնագիտական սկզբունքների եւ ժողովրդավարության բարձրագույն նվաճման՝ խոսքի ազատության գերակայությունը քաղաքական շահախնդրությունների նկատմամբ: Մենք շարունակելու ենք պաշտպանել «Ա1+» եւ «Նոյյան Տապան» անկախ հեռուստաընկերությունների ազատ խոսքի իրավունքը, ընդդիմանալու ենք խոսքի ազատությունը սահմանափակելու բոլոր փորձերին եւ գրաքննությանը, որի խտացված արտահայտությունն է «Զանգվածային լրատվության մասին» օրենքի տխրահռչակ նախագիծը: Մենք անընդունելի ենք համարում հասարակությանը եւ քաղաքական ուժերին ուսուցողական-դաստիարակչական ցուցումներ տալով՝ իշխանություններին հաճոյանալու եւ պրոֆեսիոնալիզմը ծառայամտությամբ փոխարինելու փորձերը: Կոչ ենք անում մեր բոլոր գործընկերներին՝ քաղաքական խաղաքարտ չդառնալ իշխանությունների ձեռքին եւ միասնաբար պայքարել ընդդեմ խոսքի ազատության սահմանափակումների: Հայտարարությունը ստորագրել են «Ա1+» հեռուստաընկերությունը, «Նո յյան տապան» գործակալությունը, Մամուլի ազգային ակումբը, Հետաքննող լրագրողների ընկերակցությունը, «Գարուն», «Հայացք Երեւանից» ամսագրերը, «Առավոտ», «Հայկական ժամանակ» օրաթերթերը, «Երկրապահ», «Չորրորդ իշխանություն», «Հայաստանի կոմունիստ», «Պրավդա Արմենիի», «Կանչ», «Ավանգարդ», «Արմատ» շաբաթաթերթերը, «Տարեգիր» էլեկտրոնային օրաթերթը, «Բացված էջեր» էլեկտրոնային շաբաթաթերթը, «Արտասահմանյան գրականություն» հանդեսը

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել