Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Կամայական ընթերցումներ

Ապրիլ 16,2002 00:00

Կամայական ընթերցումներ Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովն իրեն վերապահել է օրենքը մեկնաբանելու իրավասությո՞ւն։ «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքի 51 հոդվածում հստակ սահմանված են այն հիմքերը, ըստ որոնց Ազգային հանձնաժողովը կարող է մերժել արտոնագիր (լիցենզիա) տրամադրել։ Դրանք են՝ «ա) դիմողը սույն օրենքի համաձայն չի կարող լինել արտոնագրատեր. բ) դիմումում նշված տվյալները չեն համապատասխանում իրականությանը. գ) բացակայում են հեռուստառադիոհաղորդումների կազմակերպման տեխնիկական հնարավորությունները կամ հայտարարված տեխնիկական հնարավորությունները բավարար չեն»։ «Առավոտը» Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահ Գրիգոր Ամալյանին խնդրեց մատնանշել, թե օրենքում մատնանշված հիմքերից ո՞ր մեկով հանձնաժողովը արտոնագիր չտրամադրեց «Ա1+»-ին. «Պարզ եմ ասում՝ օրենքը սահմանել է մի քանի մեխանիզմ։ Կա դեպք, երբ առանց մրցույթի՝ մարդիկ կաբելային հեռուստատեսության համար դիմում են արտոնագիր ստանալու։ Դա մրցութային չի՛։ Այս դեպքում օրենքում ունենք հիմքեր, թե ինչու ենք մերժում։ «Ա1+»-ին ոչ ոք չի մերժել։ Հստակ հասկացեք՝ «Ա1+»-ն ընդամենը չի՛ հաղթել։ Այդ որոշման մեջ գրվա՞ծ է, օրինակ, «Շարմին» ճանաչել հաղթող, «Ա1+»-ին մերժել այսինչ հիմքով։ Մրցույթ է, որտեղ մե՛կ հաղթող է եղել, մե՛կ կապուղու համար։ Որեւէ մեկը «Մելտեքս» ՍՊԸ-ի արտոնագիր ստանալու դիմումը չի մերժել։ «Ա1+»-ը ներկայացրել է մրցութային հայտ եւ մրցույթում հաղթող չի ճանաչվել։ Այդ տերմինաբանության մեջ եւս հստակ եղեք. ո՞վ է ասում, որ մենք մերժել ենք արտոնագիր տալ։ «Ա1+»-ը դիմում է գրել արտոնագիր ստանալո՞ւ։ Վկայակոչվող այդ հոդվածը վերաբերում է այն դեպքերին, երբ առանց մրցույթի մարդիկ դիմում են հանձնաժողովին (օրինակ՝ կաբելային հեռուստատեսության համար) եւ կարող են թվարկված այդ հիմքերից մեկով մերժվել։ Տարբեր բաներից ենք խոսում։ Ցանկալի է՝ փաստաբանների եւ իրավաբանների հետ այդ նրբությունները ճշտել, չէ՞»։ Այդպես էլ վարվեցինք։ Սակայն բոլոր այն իրավաբանները, որոնց դիմեցինք, այդպես էլ 51 հոդվածի վերնագրում կամ շարադրանքում չգտան որեւէ դրույթ կամ ակնարկ անգամ, որը կապացուցեր, թե այն վերաբերում է, ասենք, այն դեպքերին, երբ դիմողը հավակնում է ստանալ կաբելային (լարային) հեռուստառադիոհաղորդումների իրականացման արտոնագիր (լիցենզիա)։ Իսկ մնացյալը մեկնաբանություններ են, որի իրավասությունն այս հանձնաժողովը չունի։ Եվ վերջին դեպքը. ուրբաթ, ժամը 17.00-ին մրցույթների հաղթողները ստացել են իրենց արտոնագրերը։ Որքան մեզ հայտնի է, այս պարագայում էլ են անտեսվել օրենքի պահանջները։ Մասնավորապես՝ 52 հոդվածում նշված է, որ արտոնագիրը պետք է պարունակի տեղեկություն հաղորդումների եթեր հեռարձակման սկզբի վերաբերյալ (ամիսը, ամսաթիվը, տարին)։ Առնվազն «Շարմի» պարագայում այդ պահանջն էլ է անտեսվել։ Ա. Ի.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել