Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ՈՉ ՊՐՈՖԵՍԻՈՆԱԼՆԵՐԻ ԱՍՏԵՂԱՅԻՆ ԺԱՄԸ

Ապրիլ 16,2002 00:00

ՈՉ ՊՐՈՖԵՍԻՈՆԱԼՆԵՐԻ ԱՍՏԵՂԱՅԻՆ ԺԱՄԸ «Ա1+»-ի շուրջ ծավալված իրադարձություններին ուշադրությամբ հետեւում է միջազգային հանրությունը: Ապրիլի 13-ին Հայաստանի մի շարք ընդդիմադիր լրատվամիջոցների ղեկավարների հետ հանդիպել է Եվրախորհրդի Նախարարների կաբինետում նախագահող, Լիտվայի արտգործնախարար Անտանաս Վալիոնիսը: Լրատվամիջոցների ղեկավարներն ահազանգել են, որ Հայաստանում ստեղծվում է կեղծ իրավական մթնոլորտ, որն ապահովելու է վերադարձ դեպի ամբողջատիրություն: Անդրադառնալով, մասնավորապես, «Ա1+»-ի եթերից զրկմանը, «Իրավունքի» խմբագիր Հովհաննես Գալաջյանն այս հանդիպման ընթացքում ասել է. «Այս ամենն ընդամենը կամայականություն է՝ սկզբից մինչեւ վերջ, ընդ որում՝ ընդդեմ հանրային կարծիքի»: Անտանաս Վալիոնիսը նշել է, որ ծանոթ է իրավիճակին, եւ, որ այս մասին «բավականին սուր քննարկումներ են եղել» (որակումը՝ PanArmenian.net-ի) ինչպես Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանի, այնպես էլ՝ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանի հետ: Վերջինս Եվրախորհրդի ներկայացուցիչներին է հանձնել «Շարմ» եւ «Ա1+» ընկերությունների մրցութային առաջարկների թարգմանված տարբերակները: Ի դեպ, Եվրախորհրդին է փոխանցվել նաեւ «Դոֆինի» ծրագիրը, թեեւ, ինչպես ավելի վաղ «Առավոտին» հայտնել էր Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահ Գրիգոր Ամալյանը, այդ ընկերությունը պաշտոնական գրությամբ խնդրել է չհրապարակել իր ծրագիրը, քանզի «Դոֆինը» մտադիր է մասնակցել այլ մրցույթի եւս: «Շարմի» ծրագիրը վերջապես հասանելի դարձավ նաեւ մեզ, եւ հնարավորություն ունեցանք համոզվելու, որ այն ամբողջությամբ հրապարակվել է մարտի 28-ին, երբ հանձնաժողովում բացվեցին մրցութային փաթեթները: Հրապարակվել էր ընդամենը 30 րոպեում, ուստի խիստ ուռճացված էին այն լուրերը, թե «Շարմը» ներկայացրել է 135 կամ 150 էջանոց ծրագիր: Արդեն հայտնի էր, որ նրանք մտադիր են եթեր հեռարձակել «Ի՞նչ ես դու արել քո երկրի համար» եւ «Ոչ պրոֆեսիոնալների ժամ» շարքերը, հաղորդումներ Հայաստանի ազգային փոքրամասնությունների համար, իսկ մանուկների համար ծրագրերն այսպես են ներկայացրել իրենց առաջարկում. «Հասարակության զարգացումը պայմանավորված է մատաղ սերնդի ճիշտ դաստիարակությամբ: Այստեղ չափազանց կարեւոր է հեռուստատեսության դերը, քանի որ, գաղտնիք չէ, հեռուստատեսային հաղորդումները մեծ հեղինակություն են վայելում հատկապես երիտասարդության շրջանում»: Այս ամենը գիտակցող ընկերությունն իր հեռուստատեսային նախկին գործունեության առնչությամբ, թերեւս, իբրեւ նվաճո՞ւմ է նշել, որ արտադրել է «Թույն կասետը» կամ «Ուրիշ կասետը», ի շարս՝ յոդի դեֆիցիտի մասին հեռուստաֆիլմի կամ հոլովակների: Սակայն այս ամենը ծրագրի, այսպես ասած, արգանակն է: Բուն «ուտեստն» այն է, թե ինչ առաջարկներ է ներկայացրել «Շարմը» մրցութային պայմանների վերաբերյալ, որոնք են (իբր) նրա համար հաղթանակ ապահովել «Ա1+»-ի նկատմամբ: Նախ հարկ է անդրադառնալ սեփական եւ հայրենական արտադրության հաղորդումների գերակայությանը: «Շարմը» խոստանում է մինչեւ 2002-ի ավարտը ապահովել առնվազն 50 տոկոս հայրենական եւ դրանից 35 տոկոսը՝ սեփական հաղորդումներ՝ 18 ժամվա հեռարձակման պայմաններում: «Ա1+»-ը միայն նշել է, թե իր 24-ժամյա եթերի ընթացքում ապահովում է «սեփական հաղորդումների պահանջվող ծավալը», այսինքն՝ 30 տոկոս: «Ա1+»-ը նաեւ թվարկել է իր սեփական հաղորդումները, որոնք հանձնաժողովը եթե հաշվեր՝ կպարզեր, թե այժմ էլ հեռուստաընկերության շուրջօրյա եթերի 17 տոկոսը, իսկ 18 ժամվա կտրվածքով՝ 35 տոկոսը կազմում են սեփական հաղորդումները: Հայրենական արտադրության հաղորդումները համապատասխանաբար 43 տոկոս են կազմում (18 եթերաժամի պարագայում) կամ 35 տոկոս (շուրջօրյա եթերի հաշվարկով): Սրան կարելի է հավելել, որ «Ա1+»-ն իր մրցութային առաջարկում նշել է. «Սեփական արտադրության հաղորդումների ծավալն ապագայում մեծացնելու օրենքի պահանջը համընկնում է մեր հեռուստաընկերության հետագա զարգացման հայեցակարգի հետ: «Մելտեքս» ՍՊԸ-«Ա1+» հեռուստաընկերությունը ներկա փուլում իր զարգացման համար անհրաժեշտ է գտնում հրապարակային եւ լրատվական-վերլուծական նոր հաղորդումների ստեղծումը»… Հարց է առաջանում, թե ինչու է անտեսվել «Ա1+»-ի այս խոստումը, իսկ «Շարմի» թղթային բոլոր խոստումները պարտադիր հաշվի են առնվել: Թեեւ պետք է նաեւ նշել, որ «Ա1+»-ը մրցութային իր առաջարկով վերոհիշյալ տոկոսները հստակ չի նշել: Մեր խնդրանքով բացատրելով սրա պատճառը՝ «Ա1+»-ի պրոդյուսեր Սուսաննա Օհանջանյանն ասաց. «Մինչեւ դիմումները հանձնելը ես այցելել եմ հանձնաժողով: Քանի որ նրանց հայտարարության մեջ օրենքին, կարգին, կանոնակարգին հակասող շատ բաներ կային՝ գնացել էի հատուկ ճշտելու, թե որոշակիորեն ի՞նչ են ցանկանում: Նրանք շատ բարեհամբույր ընդունեցին, օգնեցին: Հարցրեցի, թե պե՞տք է փաստաթղթեր, պայմանագրեր ներկայացնել, պատասխանեցին՝ ոչ, հարցրեցի՝ պե՞տք է տոկոսներ նշել, ասացին՝ «Ո՛չ, մենք գրել ենք «նվազագույն ծավալը», դուք գրեք, ինչպես ցանկանում եք»: Ինչպե՞ս սա հասկանալ. միտումնավո՞ր են գցել թյուրիմացության մեջ: «Շարմի» առավելությունն է համարվել, որ ներկայացնելով իր աշխատակազմի պատրաստվածությունը, նշել է, թե պայմանավորվածություն է ձեռք բերվել PTP-ի հետ՝ 3-4 ամսվա ընթացքում կադրերի մասնագիտական վերապատրաստում ապահովելու վերաբերյալ: Մինչդեռ հայտնի է, որ «Ա1+» լրատվական գործակալությունն արդեն իսկ PTP-ի «ԹպրՑՌ»-ի պաշտոնական գործընկերն է: Կամ տեխնիկական հնարավորությունների առումով բարձր է գնահատվել «Շարմի» ծրագրի այն դրույթը, թե ունեն 3 ոչ գծային (Matrox Digi Sute LE) մոնտաժային ստուդիա: Մինչդեռ առաջարկին կից «Ա1+»-ի ներկայացրած 11 համակարգիչներից միայն հինգը ոչ գծային մոնտաժի համար օգտագործվող ծրագրերով են գործում: Այլ փաստարկներ, կարծում ենք, կներկայացվեն այսօր ժամը 11:00-ին՝ վճռաբեկ դատարանի շենքում սկսվելիք դատավարության ընթացքում: ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել