Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«ՈՉ ՄԵԿԴ ԹԱՍԻԲ ՉՈՒՆԵ՞Ք»

Ապրիլ 16,2002 00:00

«ՈՉ ՄԵԿԴ ԹԱՍԻԲ ՉՈՒՆԵ՞Ք» ԱԺ-ն երեկ շարունակեց իր առջեւ դրված խնդիրների փուլ առ փուլ իրականացումը: Արտաշես Գեղամյանը սթափեցնող կոչ ուղղեց իր գործընկերներին, մասնավորապես՝ ԱԺ երեկվա նիստը նախագահող Գագիկ Ասլանյանին, նաեւ՝ Արմեն Խաչատրյանին եւ Տիգրան Թորոսյանին, քանի որ վերջիններիս թեթեւ ձեռքով իր մշտական ծիծաղելի ամպլուայից դուրս չեկող Վազգեն Խաչիկյանը մի շարք օրինագծերի քննարկումը մեկ ամսով հետաձգելու հարցի քվեարկության ժամանակ անկարգություն արեց եւ քվեարկեց նաեւ ուրիշի փոխարեն։ Արշակ Սադոյանն ուղղակի պայթում էր, սակայն նախագահողների պետքը չէր, իրենց գործն էին առաջ տանում։ Բայց խոհեմությունը կարծես վերջնականապես չի լքել թատերաբեմի վերածված ԱԺ դահլիճը։ Մի քանի պատգամավոր պահանջեցին կարգի հրավիրել անկարգին եւ պահպանել օրենսդիր մարմնին վայել լրջություն։ Հայկ Բաբուխանյանը հայտարարեց, որ հրաժարվում է մասնակցել քվեարկությանը, նույն հայտարարությունն արեց նաեւ Խորեն Սարգսյանը Կոմկուսի խմբակցության անունից։ Արտաշես Գեղամյանն ամեն ինչ ամբողջացրեց եւ քաղաքականացրեց. դիմելով նախագահությանը, նա ասաց. «Լավ, ես չեմ հասկանում, ոչ մեկդ թասիբ չունե՞ք։ Ռոբերտ Քոչարյանին դուր գալու համար իրար մի՞ս եք ուտում։ Նա գնացող մարդ է, հասկացեք։ Հերիք է բոլորիս հիմարի տեղ դնեք։ Մի մարդ սաղ հանրապետությունը իրար դեմ է հանում, իրար հետ է կռվացնում»։ Շավարշ Քոչարյանն իր գործին էր՝ հարկավոր էր 44 ստորագրություն հավաքել «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքում որոշ փոփոխություններ անցկացնելու համար։ Հենց այդ պահանջով էին խորհրդարանի Դեմիրճյան մուտքի մոտ հավաքվել միտինգավորները։ Ի դեպ, վերջիններս շատ քիչ թվով պատգամավորների տեսնելու հնարավորություն ունեին, քանի որ հիմնականում ազգի ընտրյալները գերադասեցին «գարաժի» կողմից խորհրդարան սպրդել։ Օրվա վերջում հավաքվել էր դեռեւս 35 ստորագրություն։ Ըստ ԱԺ նոր կանոնակարգի, արտահերթ նիստ հրավիրելու համար պարզապես անհրաժեշտ է 44 ստորագրություն հավաքել 24 ժամվա ընթացքում (այսինքն՝ մինչեւ այսօր ժամը 11:00-ը)։ Եթե չհաջողվի, հարկավոր է ամեն ինչ սկսել նորից, քանի որ էլեկտրոնային քվեարկությունը եւս վերացվել է։ Ի դեպ, պատգամավորներից շատերը դժգոհում էին այս նոր կանոնակարգից, բայց ո՞ւմ էր ուղղված դժգոհությունը, երբ իրենք էին ընդունել։ Թող մերժեին։ Կռվից հետո թուր ճոճելու տխուր ավանդույթը շարունակվում է։ Արտահերթ նիստ հրավիրելու պահանջի տակ ստորագրել էին ՍԻՄ-ը, Կոմկուսը, ՀԺԿ-ն, ԱԺԿ-ն, ԱԺԴ-ն եւ «Հայաստան» խմբակցության երկրապահական թեւը, մի քանի այլ պատգամավորներ։ Չէին ստորագրել «Օրինաց երկիրը», ՀՀԿ-ն (նույնիսկ չհարցրինք կուսակցության կարծիքը, որովհետեւ պատասխանն ակնհայտ էր) եւ ՀՅԴ-ն։ Պատգամավոր Մանուկ Գասպարյանը հերթապահում էր խորհրդարանի դահլիճի դռան մոտ, բռնացնում էր պատգամավորներին եւ պահանջում՝ եթե «Ա1+»-ի եթերից պաշտպանել ես հեռուստաընկերությանը, ուրեմն պարտավոր ես ստորագրել արտահերթ նիստ անցկացնելու պահանջի տակ։ Նրանից խաբս տվեցին Գագիկ Ոսկանյանը եւ էլի մի քանիսը։ ԱԺ փոխնախագահ Տիգրան Թորոսյանը Շավարշ Քոչարյանի եւ մյուսների քայլը համարում է նախընտրական։ Ի դեպ, հենց Տիգրան Թորոսյանն էլ հայտնեց, որ մեզ հետաքրքրող օրենքի առաջին ընթերցմամբ ընդունված տարբերակում հետեւյալ առաջարկությունն է արվել (54 հոդվածին է վերաբերել)՝ «Հեռուստաընկերության արտոնագրի ժամկետը լրանալուց հետո հեռարձակողի դիմումի հիման վրա Ազգային հանձնաժողովը, առանց մրցույթի, երկարացնում է տվյալ հեռարձակողի արտոնության ժամկետը սույն հոդվածի առաջին մասով սահմանված ժամկետի չափով, եթե տվյալ հաճախությունն օգտագործողը չի խախտել սույն օրենքի պահանջները»։ Այսքանը, խնդալու կամ լալու պատճառ, կարծեմ՝ չիք։ Եթե ազգային երեսփոխանները մի քիչ ավելի խորաթափանց լինեին, «Ա1+»-ը փակված չէր լինի, նույնիսկ՝ եթե հարյուր նախագահ երազեր այդ փակումը։ Սակայն Շավարշ Քոչարյանը համաձայն չէ, քանի որ «Առավոտի» հարցին՝ ինչո՞ւ է ինքը դեմ քվեարկել վերոհիշյալ առաջարկին, դրանով հարվածի տակ դնելով առաջին հերթին «Ա1+» հեռուստաընկերությանը, պրն Քոչարյանը պատասխանեց. «Ճիշտ է արվել, որովհետեւ չի կարելի մենաշնորհ հաստատել այդ ոլորտում, դրա համար, այն, ինչ վերաբերում է գործողների առավելություններին (ես պատահական չէ, որ փորձում էի ձեզ ցույց տալ եւ ապացուցել, որ կան նյութական պահանջներ, որոնք առավելություն են տալիս գործողներին), բայց՝ օրենքով սահմանել, որ գործողը հավերժ մնում է (իսկ դա նույնն է նշանակում), դա ուղղակի ինձ համար անընդունելի էր, ես հիմա էլ եմ գտնում, որ դա անընդունելի է»։ Մեր դիտարկմանը, որ ակնհայտորեն «Ա1+»-ի դեմ էր ուղղվելու այդ «անընդունելին», քանի որ որեւէ մեկի համար գաղտնիք չէր, որ նման իրավիճակում ամենախոցելին լինում է ընդդիմադիր հեռուստաընկերությունը, պրն Քոչարյանը պատասխանեց. «Այդ ամենեւին չի նշանակում, որ երբ օրենսդիրը մշակում է օրենք, նա պետք է մենաշնորհ հաստատեր այդ ոլորտում»։ Պարզապես ստիպված ենք հարցնել՝ իսկ ինչո՞ւ նույն ԱԺ-ն կարողացավ նման մենաշնորհ հաստատել Հանրային հեռուստատեսության համար, գուցե հաստատ գիտեին, որ երկրի նախագահը ՀԱՀ-ում նոր դեմքեր տեսնելու փափագ չի ունենա։ ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել