Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Արաբները եւ հրեաները չեն հարգում քրիստոնեական արժեքները

Ապրիլ 13,2002 00:00

Արաբները եւ հրեաները չեն հարգում քրիստոնեական արժեքները Արաբա-իսրայելյան պատերազմը գնալով ավելի ու ավելի լայնածավալ է դառնում։ Իսրայելի բանակն արդեն օկուպացրել է որդանան գետի ափին գտնվող պաղեստինյան ինը քաղաքներից յոթը։ Բեթղեհեմում հրեական տանկերը շրջապատել են բոլոր քրիստոնյաների համար սրբության սրբոց Քրիստոսի ծննդյան տաճարը, որը գրավել են զինված արաբ ահաբեկիչները։ Ըստ ազատ արձակված երկու պատանդի, նրանք սպանել են եկեղեցու ավագ քահանային։ Վիրավորվել է եւս մի քահանա՝ ազգությամբ հայ։ Հրեաները փորձում են արդարանալ նրանով, որ զինվորներին հրաման է տրված չկրակել անմիջապես եկեղեցու վրա։ Բոլոր դեպքերում, իսրայելյան զինվորականները պետք է շատ զգույշ լինեն, քանզի կարող են ամբողջովին կորցնել քրիստոնյա աշխարհի համակրանքը. չէ՞ որ տաճարը կառուցվել է Փրկչի իրական ծննդյան տեղում։ Վերջին օրերին հրեական իշխանությունները մերժել են Հռոմի Պապի պահանջը՝ դադարեցնել տաճարի պաշարումը։ ՄԱԿ-ը, ԱՄՆ-ն, Ռուսաստանը եւ Եվրամիությունը կտրուկ պահանջում են Իսրայելից դադարեցնել ռազմական գործողությունները եւ դուրս բերել զորքերը գրավված արաբական բնակավայրերից։ Սակայն Շարոնը համառորեն պատասխանում է, որ պետք է մինչեւ վերջ հասցնի (Արաֆաթի կողմից ստեղծված) ահաբեկչական ինֆրակառուցվածքի ոչնչացումը։ Հրեաների ղեկավարները չեն կարող եւ չեն ուզում հասկանալ, թե ինչո՞ւ նման իրավիճակում ԱՄՆ-ն իրավունք ունի օգտագործել բոլոր անհրաժեշտ ռազմական միջոցները, իսկ Իսրայելը՝ ոչ։ ԱՄՆ-ի պետքարտուղար Քոլին Փաուելի այցի նախօրեին հրեաները դուրս բերեցին տանկերը երկու արաբական քաղաքներից, բայց դա ընդամենը ցուցադրական քայլ էր։ Փաուելը իհարկե ճնշում է գործադրելու, եւ հրեաները որոշ զիջողական գործողությունների կդիմեն… Սակայն թվում է, որ այս անգամ Իսրայելը չի կանգնեցնի իր արշավը միջազգային ճնշման ներքո։ Ի պատասխան՝ Իրաքը դադարեցրել է նավթի արտահանումն ու վաճառքը։ Եթե նույն քայլին դիմի եւ Իրանը, դա կարող է լրջորեն խաթարել միջազգային նավթային կոնյունկտուրան։ Այդ ակցիան արդեն առաջացրել է ԱՄՆ-ի ու Մեծ Բրիտանիայի վրդովմունքը, որոնք նորից խոսում են Իրաքի դեմ պատերազմական գործողություններ սկսելու մասին։ Հետաքրքիր շրջադարձ է՝ եթե առաջ ԱՄՆ-ն ուզում էր սկզբում վերջ տալ արաբա-իսրայելյան պատերազմին եւ դրանից հետո միայն սկսել հարձակումը Իրաքի վրա, ապա հիմա այդ իրադարձությունները միմյանց հետ կարծես չեն կապակցվում։ Այս դեպքում, երկու զուգահեռ ընթացող պատերազմները նույն տարածաշրջանում, արաբների կողմից կարող է դիտվել որպես տոտալ հարձակում իրենց վրա։ Եթե դրան ավելացնենք այն փաստը, որ Իսրայելը ստիպված է երկրորդ ճակատ բացել՝ Լիբանանի դեմ, ի պատասխան նրա տարածքից կատարվող գնդակոծությունների եւ հրթիռակոծությունների, ապա պարզ կդառնա, որ մոտ ապագայում տվյալ տարածաշրջանում կայունության մասին խոսելն անգամ ավելորդ է։ Հետաքրքիր է, մի՞թե մեծ տերությունները եւ միջազգային հանրությունը չեն գիտակցում նման զարգացման վտանգը։ Իսկ եթե գիտակցում են, ինչո՞ւ են շարունակում գնալ այս կործանարար ուղիով։ Այնուամենայնիվ, հնարավոր է, որ վերջիվերջո ձեւավորվի Իրաքի հանդեպ պատերազմին դեմ երկրների կոալիցիա, որում կներգրավվեն Ռուսաստանը, Չինաստանը եւ որոշ եվրոպական երկրներ։ ԱԼԵՔՍԱՆԴՐ ԱՂԱՄԱԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել