Լրահոս
Օրվա լրահոսը

ՊԱՆԿԻՍԻ ԽՆԴԻՐՆԵՐԸ

Ապրիլ 13,2002 00:00

ՊԱՆԿԻՍԻ ԽՆԴԻՐՆԵՐԸ Արդյո՞ք վրացական Պանկիսի կիրճն է այն կշռաքարը, որը պետք է խախտի ուժերի հարաբերակցությունն Անդրկովկասում: Ինչպե՞ս ընկալվեցին Պանկիսիի շուրջ բորբոքվող կրքերը Վրաստանում: «Ռեգիոն» կենտրոնը ներկայացնում է տեսակետ Վրաստանից: Պանկիսի կիրճը, որի գոյության մասին առաջ անգամ Վրաստանում բոլորը չգիտեին, այսօր հայտնի է գրեթե ողջ աշխարհին: Հանրաճանաչություն, որ Վրաստանի այս անկյունում վերջին տարիների ընթացքում հասունացած բարդագույն քրեա-քաղաքական իրավիճակի հետեւանքն է: Ռուսաստանյան լրատվամիջոցներն անընդհատ շեշտում են, թե Պանկիսին սահմանամերձ շրջան է: Բայց դա այդպես չէ: Կիրճը գտնվում է վրաց-ռուսական սահմանի չեչենական հատվածից 40-45 կմ հեռավորության վրա: Չեչեն եւ այլ ազգության զինված անձինք Պանկիսիում հայտվեցին 1999-2000թթ. սահմանագլխին: 1999-ի վերջին Ռուսաստանի դաշնային ուժերի հարձակողական գործողությունների պատճառով հազարավոր չեչեն բնակիչներ ստիպված էին ապաստան փնտրել Վրաստանում: Մոտ 8 հազար փախստականներ Իտում-Կալիի կիրճից (Չեչնիայի հարավային շրջան) անցան Վրաստանի սահմանն ու հանգրվանեցին Շատիլիի շրջանում: Ճիշտ է, Շատիլիում վրաց սահմանապահները ստուգում էին փախստականների փաստաթղթերը, սակայն այդ գործողությունները լիարժեք չէին: Փախստականներին ընդունում էին արագացված տեմպերով. սահմանին, ձների մեջ, քամուց սառչում էին հազարավոր կանայք ու երեխաներ: Կանանց ու երեխաների հետ Վրաստան մուտք գործեցին բավական քանակի մարտունակ չեչեններ: Նրանք, իհարկե, ինքնաձիգեր բացահայտ չէին կրում, սակայն կարող էին մասնակցած լինել ռազմական գործողություններին: Որոշ ժամանակ հետո չեչեն փախստականներին ուղղաթիռներով Շատիլիից տեղափոխեցին 80 կմ հեռավորության վրա գտնվող Պանկիսի կիրճը: Քրեական անկյուն Պանկիսիում 7-8 հազար չեչեն փախստականներին ընդունեցին նրանց հետ ազգակցական կապ ունեցող տեղացի քիստերը: Հայտնվեցին մարդիկ Մերձավոր Արեւելքից, սկսվեց «վահաբիստական» շարժումը: Մեկը մյուսի հետեւից բարձրանում էին նորակառույց ու թանկարճեք մզկիթներ, այն դեպքում, երբ տեղի բնակչությունն ապրում էր ծայրահեղ չքավորության պայմաններում: Որոշ տեղեկությունների համաձայն, այստեղ «վահաբիզմը» սնուցվում էր մերձավորարեւելյան մի քանի իսլամիստական կազմակերպությունների միջոցներից: Սրանք կապված էին իրենց երկրների հատուկ ծառայությունների հետ: Նպատակը պարզ էր. ֆունդամենտալ իսլամի տարածման միջոցով Կովկասի մուսուլմանական հանրապետությունների համախմբում՝ հետագայում Ռուսաստանից նրանց միասնաբար անջատելու համար: Կարճ ժամանակի ընթացքում կիրճը, որտեղ դեռ խորհրդային տարիներից բավական քանակի զենք կար թաքցրած, վերջնականապես վերածվեց Վրաստանի «քրեական մեքքայի»: Թբիլիսիի օրենքներն այստեղ չեն գործում: Պանկիսին դարձավ մարդկանց առեւանգման, մեքենաների ու անասունների հափշտակման կենտրոն: Իհարկե, չեչենական զինված ջոկատների անդամները մասնակցում են այդ ամենին, սակայն իսկական ջուր պղտորողները տեղի քրեական տարրերն են, հիմնականում քիստերը: Չնայած կան նաեւ հետախուզման մեջ գտնվող ու այստեղ պատսպարված այլ ազգության քրեականններ` վրացիներ, ադրբեջանցիներ, հայեր, ռուսներ եւ այլն: Թեեւ ոչ ոք չգիտի, թե որ պահին եւ ինչ կարելի է սպասել Պանկիսիում գտնվող զինված չեչեններից, սակայն այստեղ ճիշտ կլիներ անցկացնել ոչ թե հակաահաբեկչական, այլ հակաքրեական գործողություններ: Կիրճից կիրճ՝ «զբոսանք» Պանկիսիում գտնվող չեչենական ջոկատների մասին խոսակցությունները վաղուց էին ընթանում, սակայն դա ապացուցել ոչ ոք չէր կարողանում: Կրեմլի բոլոր հայտարարությունները Թբիլիսին կտրականապես ժխտում էր: Չճշտված տեղեկատվության համաձայն, 2001 թ. աշնանը 375 լավ զինված չեչեններ Ռուսլան Գելաեւի գլխավորությամբ բեռնատարներով տեղափոխվեցին Աբխազիա, Կոդորի կիրճ: Թբիլիսիով, Քութայիսով ու Զուգդիդիով անցնող ճանապարհին նրանց միացան 200 վրացի պարտիզաններ: Կոդորի կիրճում նրանք մի քանի գործողություններ կատարեցին աբխազ անջատողականների պահակակետերի դեմ: Մարտերին միացան ռուսական օդուժերը, որոնք ռմբահարեցին Կոդորի կիրճի վրացական գյուղերը: Տարեվերջին ջոկատները վերադարձան Պանկիսի: Վրաստանում, նույնիսկ կառավարությունում ցայսօր էլ ճշգրիտ չգիտեն, թե իրականում ինչ նպատակ էր հետապնդում չեչենների՝ Պանկիսիից Կոդորի այդ «զբոսանքը»: Ոմանք կարծում են, որ դա իսկական սադրանք էր Վրաստանը լայնամասշտաբ ռազմական գործողությունների մեջ ներքաշելու նպատակով: Մյուսները համոզված են, որ այդ կերպ չեչեններն ուզում էին քավել իրենց մեղքերը. աբխազական պատերազմի ժամանակ նրանք կռվել էին աբխազների կողքին, իսկ այժմ նեղացած են, որ աբխազներն իրենց ոչ միայն չեն օգնել, այլեւ բացահայտորեն անցել են Մոսկվայի կողմը: Չի բացառվում, որ Շեւարդնաձեն ուզում էր այդ կերպ դուրս բերել չեչենական ջոկատները Վրաստանի տարածքից. Կոդորից լեռնային արահետներով նրանք կարող էին հասնել Հյուսիսային Կովկաս: Շեւարդնաձեի այդ ցանկությունը պայմանավորված էր նրանով, որ Կրեմլն աննախադեպ ճնշում էր գործադրում Վրաստանի նկատմամբ. եթե դուք ինքներդ չկարողանաք լուծել Պանկիսիում գտնվող չեչենների հարցերը, դա կանեն ռուսական հատուկ ստորաբաժանումները: Ո՞վ պետք է կարգավորի իրավիճակը Պանկիսիում Իրադարձությունները զարգանում էին այնպես, որ ռուսական հատուկ ջոկատներն առանց Թբիլիսիի թույլտվության կարող էին այստեղ հակաահաբեկչական գործողություն սկսել: Անսպասելիորեն գործին խառնվեց ԱՄՆ-ն: Մոսկվան ապացուցում է, որ Պանկիսիում կան չեչեն ահաբեկիչներ, պատրաստվում է նրանց ոչնչացնելու, սակայն Վաշինգթոնը խնդրին տալիս է ավելի լայն, միջազգային հնչեղություն եւ հայտնում է այդ տարածքում կարգուկանոն հաստատելու իր շահագրգռության մասին: Ռուսաստանի քաղաքական գործիչների խիստ ռեակեցան իրեն երկար սպասել չտվեց` թե Վրաստանն իր տարածքում տեղադրում է ամերիկյան ռազմակայաններ եւ դարձել է ԱՄՆ-ի վասալը: ԱՄՆ ռազմական հրահանգիչների Վրաստան ժամանելու մասին որոշումը կայացվել է ոչ այսօր: Այլ անցած տարեվերջին, ԱՄՆ պաշտպանության նախարարի խորհրդական Օթար Շալիկաշվիլու (ամերիկյան հայտնի գեներալ Ջոն-Մալխազ Շալիկաշվիլու եղբոր) գլխավորած զինվորական պատվիրակության այցի ընթացքում: Հենց այդ ժամանակ էլ ընտրվել էին այն ստորաբաժանումները, որտեղ պետք է իրականացվի ուսուցման ու հանդերձավորման ծրագիրը. 4 գումարտակ, 1 սահմանապահ գումարտակ եւ Վրաստանի պաշտպանության նախարարության վաշտը: Մինչեւ 2000 վրաց զինվորականների հետ տարվող աշխատանքների համար ԱՄՆ-ն հատկացնելու է 64 մլն դոլար: Կրքեր Պանկիսիի շուրջ Ամերիկյան ռազմական հրահանգիչների Վրաստանում հայտնվելու հանգամանքը (ապրիլի սկզբների դրությամբ նրանք դեռ չէին ժամանել), շատերին անհանգստացրեց: Այդ թվում նաեւ Հայաստանին: Իրականում ամեն ինչ շատ ավելի պարզ է. վրացական բանակը ամերիկյան օգնություն է ստանում արդեն հինգ տարի, իսկ 200 հրահանգիչները ոչ միայն չեն կարող մասնակցել Աբխազիայի դեմ գործողություններին, այլեւ նույնիսկ Պանկիսիի իրադարձություններին: Ում կտա Վրաստանն իր բանակն ուսուցանելու իրավունքը, Վրաստանի գործն է: Ժամանակին Վրաստանն էլ հիացած չէր այն փաստից, որ Ռուսաստանը Հայաստանին փոխանցեց համեմատաբար ժամանակակից ռազմական տեխնիկա եւ հանդերձանք: Պաշտոնական Թբիլիսիին անհանգստացնում էին Գյումրիի ռուսական ռազմակայանում հայտված C-300 զենիթահրթիռային համալիրները եւ ՄԻԳ-29 ինքնաթիռները: Թեկուզ այն բանի համար, որ C-300-ը կարող է հայտնաբերել եւ ոչնչացնել մինչեւ 70 կմ հեռավորության վրա գտնվող ցանկացած ինքնաթիռ: Իսկ այդ 70 կմ մեջ մտնում են եւ Թբիլիսիի քաղաքացիական օդանավակայանը, եւ Մառնեուլի ռազմաօդային կայանը: Վերջինս վերանորոգվել էր թուրքական զինվորականների օգնությամբ, ինչն իր հերթին առաջ էր բերել Երեւանի դժգոհությունը: Այո,Հարավային Կովկասի երկրները կարող են այդ առումով շատ դժգոհություններ հայտնել միմյանց: Սակայն նրանք հարեւաններ են, այդ հարեւանությունը լինելու է հարատեւ: ԻՐԱԿԼԻ ԱԼԱԴԱՇՎԻԼԻ Անկախ ռազմական փորձագետ Հոդվածն ամբողջությամբ կարդացեք Հետաքննող լրագրողների ընկերակցության www.hetq.am/ru/region էջում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել