Լրահոս
Օրվա լրահոսը

ՎԱՀԱՆԸ ՎԱՀԱՆՈ՞Վ, ԹԵ՞ ՎԱՀԱՆԻ ՎՐԱ

Ապրիլ 13,2002 00:00

ՎԱՀԱՆԸ ՎԱՀԱՆՈ՞Վ, ԹԵ՞ ՎԱՀԱՆԻ ՎՐԱ Երբ որեւէ նոր միջավայրում ներկայանում ես որպես վահանցի, անմիջապես մարդկանց հայացքը փոխվում է, քեզ նայում են որպես այն աշխարհից եկածի, եւ այդ հայացքում ոչ վաղ անցյալին վերաբերող սարսափ ու անհանգստություն է երեւում, նաեւ՝ քո կենսունակությունը ըստ արժանվույն գնահատող անթաքույց հետաքրքրություն, թե ինչպես ես այն թոհուբոհից, պատերազմի այն թեժ տարիներից ու դրան հաջորդող ծանր ու դժվար գոյապայքարից դուրս պրծել ու հիմա ողջ ու առողջ կանգնել իրենց կողքին: Ընդամենը այսքանը: Հիշողության, սարսափի ու գնահատանքի այդ առկայծումը տեւում է ընդամենը մի քանի վայրկյան, իսկ հետո քո գոյության փաստը ետ է վանում անհանգիստ հետաքրքրությունը, որը աստիճանաբար մարում է աչքերի անկյուններում, եւ հնչում է ծույլ ու ալարկոտ հարցը. «Դե, ո՞նց եք ապրում այնտեղ, ի՞նչ կա-չկա»: Արդեն դատարկ հայացքից ու հարցի անտարբեր տոնից զգում ես, որ պատասխանդ, ինչպիսին էլ այն լինի, դիմացինի մարդկային գիտակցության կամ գոնե ենթագիտակցության ծալքերում չի նստելու, եւ դու էլ իր նման ծույլ-ծույլ ու անտարբեր պատասխանում ես. «Լավ ենք, ապրում ենք»: «Լավ ենք, ապրում ենք»,- պատասխանում ես ու ներքուստ չես ուզում չարանալ. դե հիմա բոլորն էլ դժվար են ապրում: Բայց, ինչպես աշխարհում ամեն բան, դա էլ հարաբերական է: Գյուղը տնքում է ցավից Գեղարքունիքի մարզի Վահան գյուղում պայքարը չի դադարել: Այնտեղ բացվող ամեն մի օրը պայքար է, այնտեղ ապրող ամեն մարդ իր չափով հերոս է՝ անցյալ ու ներկա գոյապայքարում, այնտեղ մեծացող ամեն երեխա հպարտորեն գիտակցում է, որ ինքը սահման է պահում, որ ինքը պաշտպանում է իր գյուղն ու հայրենիքը, որ իր այնտեղ ապրելն արդեն սահմանապահ զինվոր լինել է նշանակում: Նրանցից շատերն այդ սահմանի վրա կորցրել են իրենց հայրերին ու գիտեն այդ հողի գինը: Տարածքում ամենաշատ կորուստը այդ գյուղից է եղել. տասնվեց ջահել կյանք է արժեցել այդ սահմանը պահելը: Ամենաշատը այս գյուղում կան ջահել այրիներ, որբ երեխաներ ու որդեկորույս մայրեր: Գյուղում գրեթե չկա մեկը, որ վերք չունենա, որ այդ ցավից իրեն բաժին հասած չլինի. եթե իր որդին, ամուսինը կամ եղբայրը չէ, ուրեմն եղբոր կամ քրոջ որդին է, ուրեմն փեսան է, ուրեմն… Գյուղը տնքում է ցավից: Այստեղ լիարժեք քեֆ, ուրախություն չի լինում: Եթե անգամ լինում է, ապա այն սկսում են տղաների սուրբ կենացով: Իսկ արդեն գինովցած վիճակում արցունքից չեն ամաչում: Բոլոր եկեղեցական ու աշխարհիկ տոները այստեղ սկսվում են գերեզմաններ տանող երթով. կարծես գնում են թույլտվություն խնդրելու կամ նրանց էլ մասնակից դարձնելու: Այստեղ ցավը շատ խորն են ապրում, այստեղ վերքը չի սպիանում. անգամ այնքան, որ ջահելներից ոմանք իրենց ապրելու համար մեղավոր են զգում եւ ինքնասպանության փորձ են անում…8230 Վահանցիների համար ուխտատեղի է դարձել զոհվածների հուշարձանը: Դպրոցում ուսումնական տարին սկսվում է այստեղից, վերջին զանգի վերջին ղողանջը մարում է այստեղ: – Մենք տղաների հետ ենք նշում ամեն ինչ,- կարծես ողջ ու իրենց կողքին ապրողի մասին է պատմում Ազիզ Թորոսյանը, որ ինքնակամ հանձն է առել հուշարձանի ու թանգարանի պահպանության, այնտեղ միջոցառումներ կազմակերպելու, տղաների հիշատակը անմար պահելու եւ նրանց հետ կապված բոլոր մյուս գործերը: Գյուղի առօրյան Օրն այստեղ սկսվում է աքլորականչով, մշուշապատ մութուլուսի հետ դեպի անասնագոմ շտապող գեղջկուհիների դույլերի շխկշխկոցով: Այստեղ ապրուստի հիմնական միջոցը անասնապահությունն է, եւ մարդիկ ամենայն լրջությամբ են վերաբերում այդ միջոցին. «Բա ինչո՞վ ապրենք,- ասում է Հայրենական պատերազմի վետերան Եղիշ Շուշանյանը,- ջահելների համար աշխատանք չկա, ամենքս մեկ-երկու անասունի պոչից բռնել ու չարչարվում ենք, որ ընտանիք պահենք»: Գյուղից գրեթե երեք տասնյակ մարդ աշխատում է նախկին շրջկենտրոնում՝ այժմ Ճամբարակ քաղաքում: Օրվա վերջին քարավանի նման ձգվում է նրանց հինգ կիլոմետրանոց երթը դեպի գյուղ: Իսկ գյուղամիջյան ճանապարհին նրանց հանդիպող գյուղացիները կանգնեցնում եւ սկսում են հարցուփորձ անել գյուղից անդին մեծ աշխարհի անցուդարձից. – Աղջիկ ջան, թոշակից խաբար չկա՞: – Բա հեռախոսներն ինչի՞ են անջատել: – Ասում են նպաստներն էս տարի վերացնելու են, հա՞,- ու իրենք իրենց լրացնում,- էնա ասա փորձեր են անում էս խեղճ ժողովրդի վրա, տեսնեն՝ ինչքա՞ն կդիմանան… Ու ծայր է առնում զրույցը աշխարհի անցուդարձից, ժողովրդի ծանր վիճակից, փրկության ելքեր են գտնում՝ ամեն մեկը յուրովի, իր հասկացածի չափով: Թերթերն անմատչելի են, ռադիո շատերը չունեն, հեռուստացույցն էլ մի օր կա, մի օր չկա: Անեկդոտ են դարձրել, պատմում են. գյուղի դպրոցի նորավարտ կերպարվեստի ուսուցիչը դասաժամին հարցնում է. – Երեխաներ, տեսե՞լ եք Այվազովսկու «Իններորդ ալիքը»: – Ընկեր Խաչատրյան, բա դուք չգիտե՞ք, որ մեր գյուղում միայն Պրոմեթեւսի ալիքն է ցույց տալիս: Այդ վիճակից էլ մի կերպ ելք գտան վահանցիները. մեծ աշխարհի հետ հաղորդակցվելու պահանջը թելադրեց մի կերպ հանգանակություն կատարել եւ Մոսկվայի OPT ծրագիրը նայելու համար ալեհավաք գնել: Ձմռան երկար գիշերները գոնե կկարճանան, իսկ գարնան հետ ժամանակ էլ չեն ունենա հեռուստացույց միացնելու: Հողի հետ տակ ու գլուխ կտան, կարտոֆիլի դաշտերը կվարեն ու կցանեն, իսկ աշնանը, Աստված գիտի, տարին գիտի, մեկինը լավ կլինի, մյուսինը՝ ոչ, մեկը կարտոֆիլով ձմռան պաշար կամբարի, մյուսը էլի կմնա պանրի հույսին: Առեւտրի հիմնական տեսակը այստեղ ապրանքափոխանակությունն է՝ պանրով ու կարտոֆիլով: Գալիս են Արարատյան դաշտավայրից, Իջեւանից, Երեւանից: Արդեն ունեն իրենց հիմնական գործընկերները, գյուղում հայտնվելու օրվա անուններով էլ իրենց անուններն ունեն՝ ուրբաթներ, չորեքշաբթիներ: Շատ հաճախ էլ ապրանքը գարնանը գնում են՝ աշնանը կարտոֆիլով վճարելու պայմանով: Այսպես է ապրում ու տնտեսվարում վահանցին. մի օր ապրանք փոխելով, մի օր պարտք մնալով, քար ու հողի հետ կռիվ տալով, ցրտաշունչ ու հողմառատ կլիմայի դեմ պայքարելով: Այստեղ ապրվող յուրաքանչյուր օրը գոյապայքար է, որ սկսվում եւ ավարտվում է միշտ նույն կարգով ու կերպով: Ապրում են իրենց հոգսով ու ցավով, երբեմն պոռթկում, հայհոյում իշխանություններին, երբեմն էլ ձեռքը թափ տալիս: Գյուղից գնացողները վաղուց հեռացել են, հետ գալու մասին չեն էլ մտածում: Մնացողներն էլ մնացել են, որովհետեւ գնալու տեղ ու հնարավորություն չունեն: Շատերն էլ չեն գնում. այդ հողի հետ արյուն կա շաղախված, որովհետեւ գիտեն այդ հողի գինը եւ գիտեն, որ հիմա էլ այդ հողը ապրելով պիտի պահեն: Հողը՝ հող, հայրենիքը՝ հայրենիք, բայց նաեւ ընտանիք է պետք պահել: Եվ տղամարդկանց շատերի համար գյուղի մոտ տեղակայված զորամասը փրկության դուռ հանդիսացավ: Զինվորագրվեցին հայկական բանակին, որ եւ հայրենիք պահեն, եւ ընտանիք: Զորամասի հրամանատար Վահան Արսենյանն էլ լուռ դաշինք է կնքել Վահան գյուղի հետ՝ սահմանագլխին վահան դառնալու, սահմանը պահելու, զոհվածների ընտանիքներին զորավիգ լինելու համար: Օգնում է ինչով կարողանում է, աջակից է լինում, տոնական օրերին հրավիրում է զորամաս, զոհվածների երեխաներին ամանորի ընծաներ է նվիրում: Պետությունից հույսը կտրած Վահանցու համար կարեւորը ուշադրությունն է, գնահատված լինելը, իրենց որդիների, հայրերի ու ամուսինների հիշատակը վառ պահելը: Նրանք բարի մի խոսքից շահվող ու խանդավառվող են, ուշադրությունից՝ հուզվող ու շնորհակալ: Նրանք ապրում են այդ հեռավոր գյուղում իրենց չարքաշ կյանքով, ամեն դրմփոցից վեր թռչելով ու սահմանի կողմը նայելով, միմյանց թեւութիկունք լինելով: Զարմանալի մարդիկ կան այստեղ, կարծես ուրիշ չափումներում ապրող, օրինակ՝ Էդիկ Ղուկասյանը: Արհեստավոր մարդ, գրեթե ամեն տան համար դուռ ու պատուհան է սարքել, սեղան ու աթոռ նորոգել, բոլորի տան կառուցմանը մասնակցել, տանիքները կապել, հացատուն ու ցանկապատ սարքել: Իսկ երբ գյուղում դժբախտությունը որեւէ մեկի դուռն է թակել, հանգուցյալի դագաղը ինքն է պատրաստել՝ առանց դրամի, առանց հանգուցյալի տիրոջ խնդրանքի: Մահվան լուր է լսում, լուռ բացում է արհեստանոցի դուռն ու սկսում աշխատանքը: Կարողանում է՝ ուրեմն պիտի օգնի: Իր հոգու պա՞րտքն է համարում, թե՞ պարզապես իր ապրելու կերպն է: Չգիտեմ: Այստեղ իսկապես այլ չափումներում են ապրում: Գյուղում ծագող ամեն խնդիր փորձում են ինքնուրույն լուծել, կարողացածն անել: Պետությունից հույսները կտրել ու իրենց համար, իրենց ուժերով, խղճով ու հնարքներով գյուղ են պահում, ջրի ու այլ հարցեր լուծում: Կոլոտ Ռուբո են ասում Ռոբերտ Ապրեսյանին, որ խնամքով ու չարչարանքով ապահովում է գյուղի անխափան ջրամատակարարումը: Աշխատավարձ չի ստանում, պարզապես թոշակի ու նպաստի վճարման օրերին, ով գիտակցում ու ցանկանում է, ջրի համար վճարում է՝ ով ինչքան կարողանում է, եւ ասում, որ Ռոբերտից բացի ոչ ոք չէր կարողանա այդպես անխափան պահել գյուղի ջուրը: Խողովակները փտել ու պայթում են, իսկ կոլոտ Ռուբոն անտրտունջ քանդում ու նորոգում է, ամեն օր տարբեր ժամերի բարձրանում սար, յուրովի հաշվարկ անում, թե երբ փակի ու երբ բացի փականը, որ հավաքված ջուրը չպակասի: Գարնանը օգնում են միմյանց, որ բոլորն էլ վարեն իրենց հողը: Եթե որեւէ մեկը վառելիքի համար չի կարողանում վճարել, վարում են՝ վճարումը հետաձգելով մինչեւ աշնան կարտոֆիլահավաքը: Սահմանամերձ շատ հողեր չեն մշակվում, գտնվում են հրետակոծության տակ: Քաղաքակրթության ներկա դարում, երբ աշխարհում զարմանահրաշ ու անհավատալի երեւույթները ցնցում են մարդկային ուղեղը, այստեղ ապրում են տնտեսական, սոցիալական, կենցաղային, մշակութային այնպիսի պայմաններում, որ թվում է, թե ապրում են միջնադարում: Տների առաջ, ճանապարհների եզրերին, քանի գնում, ահագնանում են աթարի դեզերը. գազն այդպես էլ գյուղ չհասավ, վառելափայտ գնելու հնարավորություն ոչ բոլորն ունեն, աթարն է միակ վառելանյութը: Հանրապետության այլ շրջաններից եւ քաղաքներից գյուղ զանգահարելու համար անպայման պետք է միանալ միջքաղաքային ծառայության հետ (լավ է, գոնե, աշխատողները բարեխիղճ են եւ շուտ են միացնում): Նախկին շրջկենտրոնից գյուղ վերադառնում են ոտքով՝ կտրելով հինգ-վեց կիլոմետր ճանապարհ: Գյուղամիջյան ճանապարհից էլ, որ տասնվեց տարի առաջ է ասֆալտապատվել, գրեթե հետք չի մնացել: Սեփականաշնորհված հողերի հարկերն այնքան են շատացել, որ մարդիկ չեն կարողանում վճարել. շատերը չեն մշակվում, մյուսներն էլ այնքան քիչ են բերք տալիս, որ հազիվ ընտանիք են պահում: Մարդկանց թոշակն ու նպաստը միայն էլեկտրաէներգիայի ու հեռախոսի վարձին է հերիքում, եւ դրանց վճարման երկար սպասված օրերին դատարկաձեռն տուն են վերադառնում, խիղճը մի կերպ հանգստացնելով, որ պետությանը գոնե պարտք չմնացին: Այնքան մաքուր ու ազնիվ են այստեղ, որ պետությունից գրեթե ոչ մի աջակցություն չստանալով՝ իրենց ուժերով ու կարողացածով ընտանիք, գյուղ ու սահման են պահում, եւ չեն ուզում պետությանը պարտք մնալ, գոյատեւում են՝ հույսները պետությունից կտրած, կառավարությունից ոչինչ չսպասելով, ապավինելով բնությանն ու ինքներն իրենց միայն: Ինչքա՞ն կդիմանան, այդ գոյապայքարից ինչպե՞ս դուրս կգան վահանցիները՝ վահանո՞վ, թե՞ վահանի վրա… գիտի Աստված…8230 բայց ո՛չ պետական այրերը, որ մոռացել են Վահանի, նրա նահատակների եւ նրա գոյության մասին: ՆԱԶԻԿ ԵՐԿՆԱՓԵՇՅԱՆ Գյուղ Վահան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել