Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ՍԱՐՄԵՆ

Ապրիլ 13,2002 00:00

ՍԱՐՄԵՆ ՂԱՀՐԱՄԱՆՅԱՆ ԳՈՂԳՈԹԱՅԻ ԾԱՂԻԿՆԵՐ Հատվածներ վեպից «Մարդու իսկական ճակատագիրը գտնվում է այլ աշխարհում, արցունքների այս հանցավոր հովտից այն կողմ»: ՔՈՐԼԻՍ ԼԱՄՈՆԹ «Հիշողություն…. մարդուն կենդանուց տարբերող ամենակարեւոր հատկանիշներից մեկը, որից զրկված են միայն խելագարները: Եվ երանի նրանց, քանի որ չեն կարող զգալ այն անփարատելի թախիծն ու հիասթափությունը, որը հաջորդում է բոլոր տեսակի հիշողություններին՝ անցյալը նորից ետ բերելու, ինչ որ բան նորից վերապրելու, վերափոխելու անհնարինության դաժան մտքից»: ՎԱԶԳԵՆ ՍԱՐԳՍՅԱՆ, «Հինգ օր» Կռիվը հավաքում էր ռամիկ տղերքին, հայրենասիրությունից հազիվ հավես ունենան մի երկու բառ իրար կապել՝ չխոսկան-խռովկան հարսների նման էդ թեմայից հեռու էին փախչում, բայց մանկությունն ու պատանեկությունն էս Քերծին կպած գյուղում են անցըցըրել, քաղցր տարիների քաղցր ու թեթեւ, անդժվար ու հանգիստ ապրելիքն ու ժամանակը կյանքի մնացյալ դառը հարվածներից էս գյուղում էին պահպանել ու զգացել ու ապրել: Ու գյուղը հիմա քանդված ու քարուքանդ է, եւ թուրքի ձեռքին է ու թուրքը մեջը նստած է: Եվ չնայած՝ հեռուներում տարածված-բնավորված, սակայն գուժը ստանալուն պես կամաց-կամաց հավաքվեցին՝ Ռոստովից, Օդեսայից, Մոսկվայից, Սիբիրից, Ուզբեկստանից, Հայաստանի փռված կենտրոններից: Ու տարբեր էին արդեն՝ մտածելակերպով, ստացած սովորությամբ, ունեցած խոսելաձեւով, պահվածքով, աշխարհայացքով. միակ մխիթարականն այն էր, որ գյուղի թիկունքին պինդ ու հպարտ կանգնած՝ որպես արդեն առաջապահ դիրք, Փթոս-Բերդ-Ուս-Քերծի նման, իրենց սկզբունքների տերն են: ԵՎ Սիբիրից եկած Վովան ասաց՝ 18 ռուբլի էի տվել ու թուրքի – Աղդամից մի լավ-փափուկ-մորթին խիտ ու փարթամ գլխարկ էի առել թուրքից, ու թուրքն ասում էր՝ մադաղ ինիմ, չեմուչում մի արա, գինն էլ լավ եմ ասում՝ 25-ից եմ իջել 18-ի, դիր գլխիդ ու մինչե՜ւ Թայգա գնա, որ գլուխդ սառեց, կբերես-հեդ կդաս, ես իմ խոսքի տերն եմ՝ հեդ կվերցնեմ ու փողդ կդամ՝ մադաղ ինիմ, չեմուչում մի արա. մի դես՝ ի՜նչ էլ սազում է՝ փա՜հ, փա՜հ, փա՛հ՝ ոնց որ մի Շահրզադե: Եվ Վովան ասաց՝ առա-դրի գլխիս, ճամպրուկներս կապեցի ու տնեցիներին հաջող արեցի՝ գնացի ԲԱՄ: Թուրքի մերը՝ ասաց՝ մինինգիտ էի ստանում. ինքնաթիռից իջա, թե՝ չէ, գլուխս մի սառել էր, մի սառել էր, դիմավորողները նայում-խնդում ու մեջքիս թփթփացնում էին. ցրտից գլխարկս մազաթափ ու բրդաթափ էր եղել եւ գլխիս չորացած կաշին էր կպած մնացել-պարզվում է՝ այստեղի գլխարկները այնտեղ չեն դիմանում, այնտեղի կենդանիների մորթուց պատրաստված գլխարկներն են դիմանում մինչեւ -45 աստիճան C-ին: ՈՒ Վովան ասաց՝ հիմա եկել եմ, 12 տարուց հետո եկել եմ ու թուրքին եմ փնտրում, թուրքին եմ փնտրում՝ 18 ռուբլիս հետ վերցնեմ: Եվ Վադոկան կողքից հուշեց, ասաց՝ կասես, թող դրամով չտա, թող լումայով տա… Բայց Վովան փոխվել էր, ու տղաները շուտ նկատեցին. աղջիկների համար աջ ու ձախ կռիվ տվող, աղջիկների համակրանքից ու սիրատեծումներից ոգեւորված, ՊՏՈՒ-ի «դժվար-ուսանող»-Դոն-Ժուան Վովան Ռուսաստանից հետո փափկել ու … փոխվել էր: Ամեն ինչին մի տեսակ ծույլ-անտարբերությամբ էր նայում, ու տղաները շուտ նկատեցին եւ իրենք միշտ Վովային՝ արդարության, սրտացավության, ազնվության ասպետ էին հիշում ու իրենցից հեռու նրա ապրած տարիներին նրան այդպես էին փայփայում նորից տեսնել: Եվ տղաներից մեկը չդիմացավ, հիասթափված ասաց, ասաց՝ բա հայրդ 10 տարի առաջ էր մահացել, մայրդ այդքա՜ն տարիներ միայնակ, ինքն-իր ցավի, կորուստների, դժվարությունների տակ կքած ամեն տարի ասում էր, ինքն-իրեն հույս էր տալիս, ասում էր՝ մի Վովաս գա՜, մի թող գա ի՛մ Վովա՜ն, եւ ամեն տարեվերջին համագյուղացիներիս առաջ նեղվում էր, նեղվում էր, որ էս տարի էլ իր Վովան ուշանում է, բա դու չէիր կարոտո՞ւմ քո մորը, բա չէիր ասո՞ւմ՝ միայնակ, ծեր կին է, տեսնես գյուղի հոգսերը ո՞նց է հոգում, հորս գերեզմանը ո՞վ է մոլախոտերից մաքրում ու կարգավորում, բա իմ մայրը գիշերները չի վախենո՞ւմ, բա ո՞նց էիր այդքան տարի ապրում անկարոտ: Եվ Վովան ծանր ասաց, հոգոց հանեց, ասաց՝ է՜հ, հետո ռուսավարի, անփույթ-ծույլ ասաց՝ ժիզն տրուդնայա շտուկա: Ու տղաները սպասեցին, որ Վովան էլի բան կասեր, էլի բան կխոսեր, բայց Վովան ասաց՝ էդ ներքեւի չայխանայում ժամանակին այնքա՜ն կռիվ եմ արել: Հետո բութ մատը ցցեց, հորիզոնին պահեց ու աչքաչափով նայում էր, եւ ասաց՝ վաղը լավ տաք արեւ է անելու, եւ ձմռան կեսն էր ու բարձր սարոտ տեղ էր ու ցրտոտ տեղ էր ու հիմա անասելի ցուրտ էր ու անասելի սառնամանիք էր եւ իրականում հաջորդ օրը՝ լավ, տաք, պայծառ արեւը խփեց, ու Վովան ասաց՝ է է է՜հ, նատաշկաներս հիմա սպասում են ինձ ու ինձ երեւի կարոտում են ու նաեւ ասաց՝ նրանք հիվանդ տղամարդ չեն սիրում, էդ մեր աղջիկներն ու կանայք են, որ հիվանդ-անկողնում գամված տղամարդ դեմ տաս, չտեսի նման վրա թափվեն ու ոտքերը տաք ջրի մեջ կոխեն, իրենց իմացած բուժումներն անեն սրտացավ ու նվիրված, հետո դանդաղեց ու ինքն-իրեն ուսերը հարցական թափ տվեց՝ եսի՞մ, ասում են՝ մերոնք էլ են թուլացել-հետ կանգնել ազնիվ սիրուց, իսկ նրանք՝ սազ, ամուր, առողջ տղամարդ են ուզում. նրանց հետ գուլյատ անես-մերոնցից կին առնես՝ մեր կանայք սիրում են ժամանակավոր հիվանդացած-անկողնում գտնվող տղամարդու նկատմամբ՝ ջերմ, երեւակայած խնամք տանել-տաք թեյով բուժում անցկացնել: Հետո, մի կարճ տող երգեց՝ կրասիվըխ նե լյուբիտե, բայց շուռ տվեց եւ կանանց՝ իր տեսակի տղամարդու երգը երգեց կանանց մասին՝ բոլնայա՜ ժենա նե կոմու՜ նե նուժնա՛8230 Ու տղերքը հարցադրումներից հետ քաշվեցին եւ ամեն-մեկն իր մտքերի հետ էր, ու իրենք-իրենց մտածեցին, որ հողը՛, որի վրա ծնվել ու կանգնած են, որտեղ իրենց մանկությունն ու պատանեկությունն էր անցել, ամեն մեկին նորից սրսկելու է նախնիների ջերմությունն ու դրվածքը, եւ Վովան մի քանի ամսից նորից իրենց իմացած Վովային է դառնալու: Բայց Վադոկան չէր հանդարտվում, Վովայի թիկունքին-տղերքին տեսանելի ծամածռություններ էր անում անփույթ-ծույլ-իբր թե ռուսավարի շարժումներով-Վովային նմանակելով, եւ, կարծես, իրար դժվար էին տանում ու մեկ-մեկու չէին հասկանում, եւ արդեն մի երկու անգամ-աչքից թաքուն իրար քաշքշել ու ճակատ-ճակատի են տվել: Ու տղերքը, բոլորն էլ գիտեն, որ Սիբիրում որսի ժամանակ սկյուռի աչքին կրակող ու հիմա լավ, թուրքի վրա դիպուկ կրակող Վովան որսորդի հոտառությամբ արդեն զգում ու տեսնում է, թե Վադոկան ոնց է թիկունքում իրեն նմանակում ու հանգն անում, ու կանխակալ քայլով նորից սպասվող քաշքշոցը Սերգեյը խափանեց, խափանեց Վադոկային ուղղված իր հարցով, ու ավելի շատ խնդրանք-պահանջ էր, եւ ասաց, ասաց՝ դու՛, Երեւան մեկնելուդ ու ավտոբուսի պառավի հետ կապված պատմությունդ պատմիր, հլը պատմիր, թող տղերքը լսեն: Եվ Վադոկան, նույնպես, ժամանակին շատ դժվար տղա էր ու սրամիտ էր ու շատ պատմությունների մեջ էր ընկնում եւ՝ կլոր դեմք, լիքը-լիքը մարմին ու կեռ ունքեր ուներ, եւ ունքի մեկը շատ կեռ էր, շատ կեռ էր, այնպես, որ ուր նայում էր, թվում էր, թե շատ զարմացած էր նայում, ու, եթե չէր ժպտում, չէր ծիծաղում, լուրջ նայում էր, ապա շատ բարձր կանգնած, ինքն-իրենից զարմացած պաշտոնյայի տեսք էր ստանում սովետի գիտական կոմունիզմ քարոզող ծակ փիլիսոփաների նման: Եվ շատ էր եղել, որ տղերքն իրենց ունեցած-չունեցածը հագցնում-կապում էին ու դեմները գցած-թուրքի-Աղդամի շուկա էին իջնում… Ու մոլի թուղթ էր խաղում, թղթախաղի մոլի վարպետ էր, եւ թուրքի-Աղդամից թուրքերի թղթախաղի վարպետները գալիս ու հերթով Նուռնուն-ծորում Վադոկային կրվում էին, հերթով կրվում ու մեծ փողեր էին թողնում: Ու խաղերից մեկի ժամանակ թուրքերից մեկը պատահաբար շրջվում եւ թիկունքում, որոշ հեռավորության վրա, թմբի վրա աճած նռան խիտ թփերի արանքում Բարսեղին է տեսնում «պահված» մի մեծ «պատի հայելիով», որ անհրաժեշտ պահին Բարսեղը հայելին բարձրացնում ու թուրքի խաղաքարտերն է արտացոլում-տեսանելի դարձնում Վադոկային: Եվ հայի տարածք էր, ու համագյուղացի տղաները Բարսեղի կանչով հեւասպառ հասնում են, ու նաեւ էդ կրված փողերով Վադոկան իրենց՝ գառ, ուլ, գինի-օղի էր պատիվ տալիս եւ հիմա իրենց գործելու ժամանակն էր, ու՝ քաշքշոցներից, միմյանց ուշունց կապելուց հետո, ծեծված ու դատարկաձեռն թուրքի-Աղդամ վերադարձող թուրքերը հեռվից, շատ հեռվից կանչել ու Վադոկային ապսպրել են, ապսպրել են, որ հանկարծ իրենց Աղդամ չմտնի, հանկարծ չսխալվի ու իրենց Աղդամ մտնի, քանզի՝ «թիքյա-թիքյա անելու ու միսը չախկալների փայ են անելու»: Եվ պատմությունը մոռացած տղաները մի օր պատմությունը մոռացած Վադոկային հագցնում-կապում ու առաջները գցած, թուրքի-Աղդամի շուկա են մտնում:8230Ու «Բլեֆի» հերոսները ղալաթ էին արել Վադոկայի ու նրա տղաների դեմը, ու՝ Վադոկան հագած-կապած, գլուխը բարձր- ունքը կեռցրած-զգաստ-սաստող-զարմացած քայլում էր շարքերի արանքով ձեռքի մեկը գոտու արանքը խրած: Եվ տղերքին ասել էր, զգուշացրել էր, ասել էր՝ հետս թուրքերեն կամ ռուսերեն կխոսեք ու ազգանունով կդիմեք: Ու Բարսեղը թուրքի բնույթն իմանալով, հենց առաջին շարքի առաջին պատահած թուրքի ականջին կռացել, Վադոկային աչքերով ցույց տվել ու խորհրդավոր շշնջացել էր: Եվ մի քանի րոպեում ամբողջ թուրքի շուկան իրար աչքերով հասկացնում էր, իրար հասկացնում էր աչք-ունքով խորհրդավոր, որ շարքերի միջով-տղաները հետեւից գցած կեռ ունքերովը՝ իրենց Բաքվի օփեխեսեսից է: Ու Վադոկան կերպարի մեջն էր, եւ ուզած ապրանքը տղաները ի ցույց բռնում ու նրան էին ցուցանում՝ յոլդաշ Սահակո՛վ, եւ Վադոկան կեռ ունքով ապրանքի տիրոջը նայում ու սա գալարվում էր շողոմ՝ ջանըմ, լափ ուզում ես ՝փեշքյեշ անեմ: Բայց Վադոկան թուրքի բնույթը լավ գիտեր՝ աղա-մարդը հենց այնպես «փեշքյեշը» չի ընդունում եւ ընդունելուց՝ ուզում ես «լա՜փ ֆորմայով ու պագոններով միլիցիա եղիր», «մի բան» պիտի թողնես, իսկ այդ «մի բանը» հենց ապրանքի գինն է, որ Վադոկան անխոս Բարսեղին նայում, եւ սա՝ 3,5,10 ռուբլի պակաս էր տալիս ապրանքի գնից ու սա հենց թուրքի-օբեխեսեսին թուրքի արած-սրտանց լավությունն ու «փեշքյեշն է», ու սա հենց բնույթն է, որտեղ՝ եւ՛ թուրքի օբեխեսեսն է իր աղա-պահվածք-մեծահոգությունը դրսեւորում սպեկուլյանտ-շորեր վաճառող ու սպեկուլյանտ թուրքի նկատմամբ, ու սպեկուլյանտ-վաճառող թուրքի աղա-պահվածքն է «հոքյումաթ»-պետության նկատմամբ: Այլ պահվածքում հենց՝ «Գյադադան Բյագ օլմազ»-«Գյադայից՝ Բեկ չի լինի» թուրքի հանրահայտ ասացվածքն էր գործելու, ու թուրքի շուկայի թուրքերը զարմացած էին մնալու, ցարմացած էին մնալու, թե՝ սա, եթե ձեռքը գրպանը տանել չի սիրում, ապա կեռ ունքն էլ այստեղ կապ չունի, կեռ ունքը միայն շարմ է թողնում, բա լավ, բա ո՞նց է հասել մինչեւ օփեխեսես՝ առանց սրան-նրան տալու, առանց սրան-նրան փող տալու: Հենա, խնդրեմ, իրենց Ալին իրենց սոված կոտորում է, կարագն ու «Սալյուտը» ու մնացած ուտելիքը հայի Երեւանից ու հայի Հայաստանից են բերում, բայց վերեւների համար՝ «Շիրոկո շագաետ Ազերբայջան»: Ու Վադոկան հպարտ քայլվածքով-տղաները հետեւից գցած թուրքի-Աղդամի ամբողջ շուկան «փեշքյեշի» տակ էր թողնելու, երբ մեկ էլ մի աժդահա թուրք դեմն ելավ ու օձիքից բռնեց՝ կյալդը՜ն, կարդա՜շ, ու՝ «գյալդն» չէր ասում ու «գարդաշ» չեր ասում, ու «գ»-ով չէր ասում, քաղաքի իրենց խոսելաձեւո՜վ «կ»-ով էր ասում, ու ասաց՝ եկա՜ր, ախպե՛ր: Ու մի թուրքի-գառի կծկվեց ու ծկլթաց, ու թուրքի բազարը վախից քարացավ, եւ «հոքյումաթի» օձիքից՝ իրենց իմացած-մոլի թղթախաղի վարպետ-խուլիգան Նաջաֆն էր բռնել, որ հիմա երեւի, թե «ուռած»-իրեն կորցրած չգիտի, թե ում հետ է կոխ բռնել: Եվ սրա արարքին արգելք չլինելու դեպքում, ջղայնացած «հոքյումաթն» իրենց՝ սպեկուլյանտների կաշին էր քերթելու: Ու թուրքի բազարի ասսախկալներից մեկն առաջացավ ու խուլիգան-Նաջաֆին ասաց, խրոխտ-ազդու ասաց՝ ամոթ քեզ, ասաց ու՝ մի լավ, պինդ ամուր ապտակ տվեց, ապտակ տվեց ու ասաց՝ ոչինչ, էդ ես եմ ապտակում, ապտակում եմ, որ էլ հոքյումաթի-օփեխեսեսի հետ կոխ չբռնես մեր աչքի առաջ եւ մեզ կրակը չգցես. ամեն-մեկս էլ ուշաղլար-երեխաներ ունենք՝ մեր տունն ենք պահում մի կտոր հացով:8230 Եվ բիձու բերանը ոսկով լիքն էր, ու ամբողջ թուրքի բազարի թուրքերի բերանը ոսկով լիքն էր ու բնական ատամները հանում եւ ոսկի էին լցնում իրենց ուղեկցվող կծվահոտի պարտավորվածությամբ, ամբողջ բերանը ոսկի են լցնում, որպեսզի տուն տարվող իրենց բաժին «մի կտոր հացը» մթության մեջ շողշողալով- թաքուն ծամեն, եւ՝ լավ, թաքուն-հարուստ ապրելու-համեստ երեւալու մասսալներ-պատմություններ ունեն, ու խուլիգան-Նաջաֆը ձեռքը դեռ Վադոկայի օձիքին, ոսկով լիքը բերանը բացեց ու 8230 ցավից, ծիծաղից ոռնաց, ու ցավի-ծիծաղի-ոռնոցի միջից ասաց, ասաց՝ եթե Նուռնուն-ծորից եկած քարթյոժնիկ Վաթոկան Բաքվի օփեխեսես Սահաքովն է, ապա ես էլ Թուրքիայից եկած Աթաթուրքն եմ՝ դե, չոքեք, նամազ արեք:8230 Եվ թուրքի-Աղդամի բազարը երկրորդ անգամ քարացավ ու շորեր վաճառող թուրքի-գառին երկրորդ անգամ ծկլթաց ու կծկվեց: Ու լավ էր, որ Հովսեփի քիրվա, ամբողջ թուրքի-Աղդամի ահ ու սարսափ, խըդըրլվեցի, «է է է՜, Սիբիրից մինչեւ թուրքի-Աղդամ հայտնի «հայերի ախպեր» Նիզամին» որտեղից-որտեղ բուսնեց խուլիգան Նաջաֆի ու կարտյոժնիկ Վադոկայի պրկված բռունցքների ու քաշքշոցների ու հեւոցների ու յոթհարկանի հիշոցների արանքում: Եվ՝ պրկված բռունցքների ու քաշքշոցների ու հեւոցների ու յոթհարկանի հիշոցների արանքում մինչ «հայերի ախպեր»-ջլուտ-նիհար-Հովսեփի. քիրվա ու թուրքի-Աղդամի սարսափ ու ճշտության ասպետ Նիզամին գետնի տակից կբուսներ, Վադոկան արդեն «հասցրել» եւ՝ կեռ, շարմով ունքերից՝ շատ կեռ շարմով ունքին թեւքում թաքուն պահված դանակի հարվածից՝ մի կեռ, իրար խաչող շատ գեղեցիկ սպի էր վաստակել արյունոտված: Ու Վադոկան արդեն շարմով ու շրամով ունքեր ուներ ու թուրքի բազարի թուրքերի երկրորդ քարացումն ու թուրքի գառու կծկված ծկլթոցը ափսոսանք էր ու ափսոսանքի ճիչ էր: Ափսոսանք էր, որ էդ գեղեցիկ տղա-«կաշանգ օղլանն» իրենց նման մեկն է ու խուլիգան Նաջաֆի նման քարթյոժնիկ է, ու դա ափսոսանք էր՝ իրենց ու իրենց հոքյումաթի միջեւ՝ դեռ մի քանի րոպե առաջ հեշտ լեզու գտնելու-իրար հասկանալու սուտ լինելիության ու խաբուսիկության ու ժամանակավորության համար: Շարունակելի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել