Լրահոս
Օրվա լրահոսը

Չապրված տարիներ

Ապրիլ 13,2002 00:00

Չապրված տարիներ Ապրիլի 15-ին սպանվեց գրող, հրապարակախոս Վարդգես Պետրոսյանը: Նրա սպանության առեղծվածը այդպես էլ չի բացահայտվել: Այս աշխարհում ամեն ոք էլ իր ոտնահետքերը թողնում է։ Նրանից հետո եկողներից յուրաքանչյուրն իր յուրովի վերաբերմունքով կնայի դրանց՝ մեկն այդ ոտնահետքերի վրա կհարմարեցնի իր քայլերն ու ազատ կանցնի ճանապարհը՝ ավելի բանուկ դարձնելով այն եւ օրհնելով արահետը բացողին, մյուսն անփութորեն կտրորի, երրորդը պարզապես չի նկատի, եւ, ցավոք, կարդարացվի բանաստեղծի տագնապը՝ «Մամուռներում կորան արահետ ու անուն»։ Ապրիլի 15-ին Վարդգես Պետրոսյանին բարի հիշողներն անհրավեր կհավաքվեն Աշտարակի գերեզմանոցում, ուր Վարդգեսի հավիտենական հանգիստը հսկում է նրա մենավոր ընկուզենին՝ խաչքարի վրա քարե պատկերով: Անպատասխան մի հարցական այս էլ քանի տարի կշարունակի կախված մնալ մարդկանց շուրթերին, հայացքներին, եւ խոսքերը, որ պիտի ասվեն Վարդգես մարդու, ընկերոջ, հարազատի հասցեին, սոսկ մխիթարանք կմնան ու զսպվող զայրույթ՝ աշխարհի քրեածին բարքերի, վերջինները չկանխողների եւ անօրեն իրավիճակ ստեղծողների հասցեին: Արդարացվող այդ զայրույթը գալիս է առաջին հերթին այն բանից, թե՝ սպանելով Վարդգեսին, ինչ է, իրենցո՞վ էին լցնելու այդ բաց մնացած տեղը: Սա Հրանտ Մաթեւոսյանի զայրույթն էր, որի շարունակությունն այն պարզ ճշմարտությունն է, թե՝ «Այդպիսի տեղ չկա՝ նա ինքն էր տեղ, պաշտոն ու գործ»: 8230Ապրիլի 15-ը Վարդգես Պետրոսյանի հիշատակը խնկարկելու, նրան անհրավեր այցի գնալու օրն է: Մեծ ու փոքր կորստի, լավ ու վատ հիշողության խնդիր չէ՝ մարդուն հիշողությունից օտարելու խնդիր է: Թե չէ վաղը մեծագույն անտարբերությամբ հանկարծ կարող ենք ասել՝ մարդ էր, էլի, եկավ, ապրեց, գնաց: Իսկ որքա՜ն բարոյական կլիներ, որ գոնե նրանք, ովքեր Վարդգես Պետրոսյանի կենդանության օրոք բազում անգամներ են իրենց «կարգավորել» նրա աջակցության շնորհիվ, գոնե նրա հիշատակի օրը խտացնեն «մենավոր ընկուզենուն» այցի գնացողների՝ տարեցտարի նոսրացող շարքերը: Գնան ու մի քիչ զարմանան, մի քիչ էլ զայրանան, թե այդ ի՞նչ քաշքշուկի արդյունք է, որ Աշտարակում Վարդգեսի կառուցած առանձնատունը չեն կարող մտնել որպես տուն-թանգարան: Եվ այդ «ինչու»-ի պատասխանն էլ փնտրեն այն մյուս «ինչու»-ների շարքում, որոնք ոչ մեկին վնաս չտված այդ մարդու մահվան առեղծվածի պատասխանն են ակնկալում այս էլ քանի տարի: Այսպես մտորենք, այսպես ինչ-որ բան հուսանք եւ սպասենք օգոստոսի 9-ին, երբ կլրանա Վարդգես Պետրոսյանի ծննդյան 70-ամյակը: Մինչ այդ օրը հարցականներից մի մասն արդյո՞ք պատասխան կստանա: Հ. ՊԱՊԻԿՅԱՆ Մի խումբ մտավորականներ՝ այդ թվում եւ Գրականության ինստիտուտի տնօրեն Ա. Եղիազարյանը, «Ազգի» գլխավոր խմբագիր Հ. Ավետիքյանը, ՀՀ լրագրողների միության նախագահ Ա. Գեւորգյանը, ՀՀ մշակույթի նախարարության գրահրատարակչության գործակալության տնօրեն Էդ. Միլիտոնյանը, «Ոզնի» թերթի գլխավոր խմբագիր Ա. Սահակյանը եւ «Գարուն» ամսագրի գլխավոր խմբագիր Վարուժան Այվազյանը դիմել են ՀՀ նախագահ Ռ. Քոչարյանին՝ նրա միջնորդությամբ գրողի առանձնատունը տուն172թանգարան դարձնելու խնդրանքով։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել