Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՆԿՈՐԻԶ ԵՐԳՉԱԽՄԲԻ ՈԴԻՍԱԿԱՆԸ

Ապրիլ 13,2002 00:00

ԱՆԿՈՐԻԶ ԵՐԳՉԱԽՄԲԻ ՈԴԻՍԱԿԱՆԸ Զուգահեռներ տանելով իր եւ Մոցարտի միջեւ, Հայաստանի պետական ակադեմիական երգչախմբի ղեկավար Հովհ. Չեքիջյանը բավականին շատ «ճակատագրական» ընդհանրություններ գտավ, իր անձնական օրինակով վերստին համոզվելով, որ բոլոր երկրների բոլոր ժողովուրդներն էլ բոլոր ժամանակներում «ունեցել են հանճարեղ մարդկանց սեւացնելու, նրանց գլխին կեղտաջուր լցնելու սովորություն»։ «Ախր ամբողջ էությամբ նվիրվել եմ այս գործին, 40 տարի անընդմեջ այս խմբի ղեկավարն եմ եղել, որ արժանի լինեմ այսպիսի բաների՞»,- ստնեղեց հովանավորչական գումարները յուրացնելու մեջ երգիչների կողմից մեղադրվող մաեստրոն։ Եվ ի հեճուկս վերջիններիս ու նրանց հավատացողների՝ Հովհ. Չեքիջյանը հայտարարեց, որ Սենիկ Գեւորգյանի գումարներից իր «գրպանը չի դրել թեկուզ կես դոլար՝ ոչ աշխատավարձերի, ոչ հոնորարի, ոչ էլ պարգեւատրման տեսքով»։ Բացի այդ, արդարացավ, որ ստիպված, բանկի թելադրանքով է երգիչներին ամսական 100 $-ի փոխարեն 20-ը վճարել՝ պատճառաբանելով շատ հարկվելուց խուսափելու հանգամանքով։ Հովհ. Չեքիջյանի հաշվարկներով, 17 ամիսների ընթացքում իր ստացած գումարների հաշվին յուրաքանչյուր երգիչ վճարվել է ոչ պակաս, քան $103։ «Եթե անգամ երգիչները ստացել են $20, ապա դրան գումարվել են Փարիզում ստացած $120-ը եւ պետական աշխատավարձը»,- ասաց մաեստրոն։ «Ինձ համար դժվար չէ նաեւ ապացուցել, որ գնացել ենք Սալոնիկ եւ Աթենք, եւ երգիչները ստացել են $150՝ պլյուս 20 եւ պետական աշխատավարձ։ Մոսկովյան շրջագայության ժամանակ եւս $20-ից ու պետական աշխատավարձից բացի՝ նրանք ստացել են $130, էլ չեմ խոսում աթենքյան երկրորդ համերգի մասին, ինչի համար երգիչներին վճարվել է $120, 20 եւ պետական աշխատավարձ»,- հաղթական հայտարարեց ակադեմիական երգչախմբի գեղարվեստական ղեկավարը։ Հովհ. Չեքիջյանին վրդովեցրեց նաեւ մեր այն հարցը, թե երբեւէ որեւէ գումար «բաժին հասե՞լ է» երգիչներին երգչախմբի՝ ամենուր վաճառվող ձայնագրություններից։ Հովհ. Չեքիջյանը փորձեց մեզ հավաստիացնել, որ այդ խնդրի հետ ինքը «կապ չունի» եւ մեղադրեց կուլտուրայի նախկին նախարարներից մեկին՝ Հակոբ Մովսեսին։ Ըստ մաեստրոյի, թեեւ վերջինս խոստացել էր վճարել երգչախմբի անդամներին, սակայն խոստումնապահ չէր գտնվել, որովհետեւ վճարել էր միայն ձայնագրման ստուդիային։ Հովհ. Չեքիջյանը հպարտորեն պատմեց, որ հանուն 5-6 ամիս աշխատավարձ չստացած իր երգիչների, ինքը մեծահոգաբար դադարեցրել է այնքա՜ն կարեւոր նոր կառուցվող փորձասենյակի շինարարությունը, որպեսզի մի կերպ կարողանա նրանց վճարել։ Թեեւ համոզված էլ չէ, թե առաջիկայում գումարներ կլինեն շինարարությունը վերսկսելու համար։ Ու փոխանակ շնորհակալ լինելու՝ իրենց «կորիզ եւ առաջատար հռչակած մի խումբ երգիչներ» «սադրանքներ են տարածում» իր հասցեին՝ խայտառակելով իր բարի անունը։ Հովհ. Չեքիջյանը համոզված է, որ երբեւէ իր երգչախմբում «որեւէ կորիզ չի եղել» եւ «իր համար բոլոր երգիչները մեկ են, քանի որ հաստիքացուցակով բոլորը հավասար՝ 6700 դրամ աշխատավարձ են ստանում»։ Ըստ նրա՝ ակադեմիական երգչախմբի բոլոր երգիչները «նույն կատեգորիային են պատկանում», «պարզապես մեկի երաժշտական ունակություններն են շատ, մյուսի՝ ձայնային տվյալները, մեկի ձայնն է խռպոտած ու շունչը չի հերիքում, մյուսը թարմ ուժ է»։ Ի դեպ, նա ձեռնպահ մնաց իր կարծիքով լավ ձայնային կամ երաժշտական տվյալներ ունեցող երգիչների անունները տալուց, որովհետեւ, այնուամենայնիվ, մտավախություն ուներ, թե նրանցից ոմանք գուցե բողոքողների թվում կլինեն։ Փոխարենը իրենից դժգոհողների մասին ասաց. «Այդ 20 հոգու նման ես էլ կարող եմ ինձ առաջատար հայտարարել… Էդ իմ ձեռքերն են նրանց խումբ սարքել, թե չէ առանձին-առանձին բոլորն էլ մի բան չեն»։ Չնայած իր անվան շուրջ պտտվող լուրերին՝ Հովհ. Չեքիջյանը շարունակում է մնալ այն կարծիքին, որ ինքն ազնիվ մարդ է՝ վկայակոչելով մշակույթի նախարարության այն եզրակացությունը, թե ստուգումների արդյունքում խմբում գերատեսչական եւ ֆինանսական խախտումներ չեն հայտնաբերվել։ Իսկ թե ինչո՞ւ են աշխատանքից ազատվել տնօրենն ու հաշվապահը, պրն Չեքիջյանը «տեղյակ» չէ, միայն լսել է, որ «տնօրենը 65 տարեկան էր, թոշակառու», իսկ հաշվապահը «մի շատ լավ, խելոք կին, որը ազատվել է դիմումի համաձայն»։ ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել