Լրահոս
Օրվա լրահոսը

Էլցանցն արթնացավ լեթարգիական քնից

Ապրիլ 13,2002 00:00

Էլցանցն արթնացավ լեթարգիական քնից Դիմումատուի փաստարկն աշխատեց ընդդեմ դիմումատուի Ստացվեց այսպես. Մարիանա Ոսկանյանը դիմեց «Առավոտին»՝ իր եւ «Երեւանի էլեկտրացանց» ՓԲԸ-ի միջեւ ծագած վեճի առնչությամբ։ Ինչպես մենք էինք տեղեկացրել (մարտի 8, «Վճիռը կա, կատարողական թերթիկը 2 տարի է՝ չկա» հրապարակման մեջ), Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանն էլ, առանց Մ. Ոսկանյանի, բավարարել էր էլցանցի հայցը եւ, փաստորեն, քաղաքացուց 298.270 դրամ պիտի բռնագանձվեր։ Երկու տարվա ընթացքում կատարողական թերթ էլ չէր «իջեցվել» ԴԱՀԿ, էլցանցը հետամուտ չէր եղել (հավանաբար, զգալով ի՛ր սխալը), իսկ քաղաքացին էլ հաշվիչի տեխնիկական վիճակն էր այս ընթացքում ստուգում փորձագիտական հիմնարկներում… Մ. Ոսկանյանի փաստարկները հիմնավոր էին, սակայն, հրապարակումից հետո դրանք առիթ դարձան ոչ թե քրեական գործ հարուցելու, այլ, հերթական անգամ, առանց նրա իմացության եւ մասնակցության՝ մի նոր դատական նիստի, մի նոր որոշման։ «Կատարողական թերթը կատարման ներկայացնելու բաց թողած ժամկետը վերականգնելու մասին» դիմումով Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարան է դիմում «Երեւանի էլեկտրացանց» ՓԲԸ տնօրեն Ա. Ավագյանը։ 22.03.2002 թ. դատարանը որոշում է դիմումը բավարարել եւ երկու տարի առաջ կայացրած վճիռը (11.10.2000 թ. թիվ 2-565) «կատարման ներկայացնելու համար բաց թողած ժամկետը եւ այն վերականգնել»։ Մ. Ոսկանյանը 22.03.2002 թ. որոշումը ստացել է… 8.04.2002 թ.-ին։ Նա հայտնեց նաեւ, որ էլցանցի դիմումը դատարանում մուտք է եղել 21.03.2002 թ.-ին։ Համաձայնեք, որ նման օպերատիվությամբ հայաստանյան եւ ոչ մի դատարանում գործ չէր լսվել։ Սակայն… Մ. Ոսկանյանը իր հաշվիչի հետ կապված հարցը չբարձրացրեց, որպեսզի տեղի ունենա այդ խայտառակ… որոշումը։ Տեղեկացնեմ, որ նա դիմել էր նաեւ Կենտրոնի եւ Նորք-Մարաշ համայնքների դատախազ պրն Վ. Շահինյանին, վերջինս էլ դիմումն ուղարկել էր Կենտրոնի ՆԳ բաժնի պետ պրն Ա. Միրիջանյանին. «Ուղարկվում է քաղ. Մ. Ոսկանյանի դիմումը՝ էլցանցի աշխատակիցների կողմից անօրինականություններ թույլ տրվելու մասին։ Խնդրվում է ստուգել դիմումում նշված փաստարկները եւ լուծել ընթացքը» բովանդակությամբ (09.01.2002 թ.)։ «1998 թ. սեպտեմբերից մինչեւ 1999 թ. մարտը բացակայել եմ իմ բնակարանից, քանի որ խնամում էի Քանաքեռի ուռուցքաբանության ինստիտուտում գտնվող հիվանդ մորս։ Մարտին Կենտրոնի էլցանցի տնօրեն Ա. Մովսիսյանի հրահանգով հոսանքազրկվեց իմ բնակարանը։ Մասնաճյուղ ներկայանալուց հետո միայն իմացա, որ իմ օգտագործած էլէներգիայի պարտքը վերջին 3,5 ամսում կազմել է 300 000 դրամ, որից 3000 կվտ-ն գրանցվել է ֆիկտիվ, առանց իմ գիտության, ինչը երեւում է էլցանցի էպիկրիզից»,- պատմում է Մ. Ոսկանյանը։ Ապա, ինչպես եւ տեղեկացրել էինք, եւ քաղաքացին կրկին հաստատեց. իր գրավոր պահանջից հետո 01.04.99 թ. ստուգումներ են տեղի ունենում, որի արդյունքներով բացահայտվում է կապարակնիքների կեղծ լինելը։ «Էլցանցին առաջարկվեց վերահաշվարկ հօգուտ ինձ՝ բնակչի, կամ պատրաստ էի դիմել դատարան։ Էլցանցն ընդունեց վերահաշվարկի տարբերակը»,- շարունակում է դետեկտիվ իրողության առջեւ հայտնված քաղաքացին։ Վերջինս… ինքն է հայտնվում դատարանում, որտեղ սպասվում էին նոր անակնկալներ։ Պարզվում է՝ դատական անդրանիկ նիստից հետո (2000 թ. փետրվարի 14) համբարձվել են մի քանի փաստաթղթեր։ Փոխարենը… «թիվ 456 հանձնարարականի փոխարեն Կենտրոն էլցանցում առկա էր թիվ 3-77 հանձնարարականը (08.04.99 թ.), որտեղ կեղծված էր իմ ստորագրությունը եւ գրանցված չէր լաբորատորիայի համապատասխան մատյանում։ Եվ որ իմ հաշվիչի փաստացի համարը՝ 7330729, չէր համապատասխանում էլցանցի համակարգչում ֆիքսված համարին՝ 7880781»։ Չկար նաեւ «Էներգապետհսկողություն» վարչության ակտը»։ Հետաքրքիր է, որ քաղաքացու դիմումում առկա փաստարկներին (ուղարկված Կենտրոնի դատախազություն, Կենտրոնի ՆԳ բաժնի հետաքննչական բաժանմունք) ոչ մի պատասխան չտրվեց։ «Տեղյակ են պահել, որ գործը փակվում է, քանի որ առկա է վճիռը։ Ինձ առաջարկվել է դիմել վճռաբեկ դատարան, անտեսվել է այն բանը, որ այս գործով քրեական պատասխանատվության պիտի ենթարկվեին ինձ այս վեճի մեջ ներքաշողները եւ կատարողները»,- վրդովված ասում է քաղաքացին։ Տեղեկացնեմ, որ Մ. Ոսկանյանը դիմել է Արդարադատության խորհրդին, արդարադատության նախարարին, գլխավոր դատախազին, Երեւանի դատախազին, ԱԺ պետաիրավական հարցերով հանձնաժողովին։ Մ. Ոսկանյանը պահանջում է փորձաքննություն անցկացնել ինչպես հաշվիչի, այնպես էլ կատարված կեղծիքների կապակցությամբ։ Նա պնդում է նաեւ, որ Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների դատախազությանը դիմելուց հետո է հետին թվով կայացվել վճիռը, քանի որ հայցվոր կողմը եւ ոչ ինքը՝ պատասխանողը տեղյակ չեն եղել վճռից։ Մի հարց էլ կա առկախ։ Ըստ «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքի 23 հոդվածի, կատարողական թերթը կարող է կատարման ներկայացվել մեկ տարվա ընթացքում։ Հետեւաբար, որքանով էր օրինական, երբ էլցանցն այդքան ուշացումով դիմեց դատարան եւ… փաստորեն հաղթեց (այն էլ հրապարակումից հետո…)։ ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել