Լրահոս
Օրվա լրահոսը

ՊԱՏԺԱԽՈՒՑ՝ ՆԵՐՔՆԱՇՈՐՈ՞Վ

Ապրիլ 13,2002 00:00

ՊԱՏԺԱԽՈՒՑ՝ ՆԵՐՔՆԱՇՈՐՈ՞Վ Դատաիրավական բարեփոխումներին միտված օրենսդրությունը վերջերս համալրվեց եւս մեկով՝ «Ձերբակալված եւ կալանավորված անձանց պահելու մասին» օրենքով։ Այս օրենքի կարեւորությունն ու անհրաժեշտությունը վաղուց ակնհայտ էր եւ, թվում էր, այն պետք է բխեր այսօրվա իրողություններից, ելակետ ընդուներ մարդու իրավունքները, հասարակությունում առկա փոփոխությունները։ Սակայն այս օրենքը եւս գրվել է գրվելու համար։ Այսօր ընդունված բազմաթիվ օրենքների նման այն եւս հակասություններ ունի թե՛ գործող Սահմանադրության, թե ՀՀ քրդատավարության օրենսգրքի հետ, ձերբակալված (կալանավորված) անձանց իրավունքների խախտումը բացառող որեւէ գործող մեխանիզմ չի նախատեսում։ Այլ կերպ ասած՝ այդ վայրերում մարդու իրավունքների զանգվածային խախտումների, անձի արժանապատվության ոտնահարման, ստորացման հնուց ձեւավորված եւ առայսօր գործող պայմաններն ու ավանդույթները թողնվել են անխաթար։ Ըստ հիշյալ օրենքի 13-րդ հոդվածի, ձերբակալվածը (կալանավորվածը) կարող է իր իրավունքների եւ ազատությունների խախտման վերաբերյալ ե՛ւ անձամբ, ե՛ւ պաշտպանի կամ օրինական ներկայացուցչի միջոցով դիմել իրավասու բոլոր մարմիններին, որոնք պարտավոր են դրանք քննարկել ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ու ժամկետներում, իսկ ընդունված որոշումների մասին տեղյակ պահել նրանց (ոչ թե պատասխանել, այլ՝ տեղյակ պահել) (հ. 18)։ Մեղրով հրամցրած այս ծաղկեփնջին հետեւում է դրանից օգտվելու անհնարինությունն ապահովող նորմը՝ ձերբակալվածներին (կալանավորներին) պահելու վայրերի վարչակազմի որոշումների եւ գործողությունների առթիվ ներկայացված առաջարկությունները, դիմումները եւ բողոքները չեն կասեցնում այդ որոշումների եւ գործողությունների կատարումը։ Ստացվում է, որ վարչակազմը ցանկացած պահի, ըստ ցանկության կարող է յուրաքանչյուր կալանավորի պատժախուց նետել նույնիսկ ներքնաշորով՝ առանց որեւէ պայմանի, նույնիսկ օրգանիզմի նորմալ գործունեությունն ապահովող ջերմաստիճանի պահպանման, իսկ տաժանակիր այդ պայմաններում գտնվողի բողոքը չի կարող կասեցնել նմանատիպ անհիմն վերաբերմունքը, որը այլ կերպ, քան սադիզմ, չես անվանի։ Պատժից հետո բողոքը կարող է «երաշխավորել» այդ կալանավորի՝ պատժախցում հայտնվելու պարբերականությունը։ Օրինակ, տասը օր պատժախցում պահելուց հետո մեկ օր կարող են հանել պատժախցից, իսկ հաջորդ օրը նորից այնտեղ նետել տասը օրով կամ անընդհատ պատժախցում պահելով կատարել տարաբնույթ ձեւակերպումներ։ Այս հնարավորությունը երաշխավորում է նաեւ այդ օրենքի 36-րդ հոդվածը՝ պատժախցում գտնվելու ընթացքում կալանավորված անձանց արգելվում են նամակագրությունը, տեսակցությունները, բացառությամբ պաշտպանի հետ տեսակցությունների։ Այսօր փաստ է, որ պաշտպանի գործողությունները իր պաշտպանյալին ֆիզիկական տանջանքներից, կտտանքներից ապահովագրելու առումով միշտ անարդյունք է՝ օրենսդրական անհրաժեշտ դաշտի բացակայության պատճառով, այսինքն՝ հանդիպումը պաշտպանի հետ եւս ոչինչ չի տա։ Նկատենք, որ բողոքի հետեւանքով կատարվելիք գործողությունների չկասեցումը գործում է ռազմական կառույցներում, որտեղ պետի հրամանը օրենք է եւ քննարկման ենթակա է միայն կատարումից հետո։ Մեր օրենսդիրները մոռացել են, որ կալանավայրերն ապառազմականացված են եւ նման նորմերն անհարիր են քաղաքացիական հիմնարկներին։ Փորձը ցույց է տվել, որ արգելափակվածների դիմումները ձերբակալվածների եւ կալանավորվածների վայրերի նկատմամբ վերահսկողություն իրականացնող մարմիններին որեւէ դրական արդյունքի երբեւէ չի հասցրել՝ անկախ վարչակազմի կողմից կատարված խախտման ծավալի։ Ավելի քան երկու տարի է, որ բոլոր կալանավայրերում եւ քրեակատարողական հիմնարկներում (նախկին ՈՒԱՀ) ինչ-որ չինովնիկի հրամանով արգելվել է չեփած սննդամթերքի (մակարոն, ձավար, ձու, բրինձ, միս եւ այլն) ընդունումը։ Չնայած այդ հրամանը հակասում է ե՛ւ հիմնական, ե՛ւ բնագավառը կարգավորող բոլոր նորմերին, ինչպես նաեւ «Առողջապահության համաշխարհային կազմակերպության» (որի անդամ է նաեւ Հայաստանը) որոշումներին, վերահսկող մարմինների կողմից որեւէ վերաբերմունքի չի արժանացել եւ գործում է առայսօր՝ նույնիսկ արդարադատության նախարարության ենթակայության պայմաններում։ Սա եւս ապացուցում է, որ «մունդիրի» պատիվը մեր իրավական համակարգում անհամեմատ ավելի բարձր է, քան ցանկացած օրենք կամ իրավունք։ Այս օրենքը ձերբակալվածներին (կալանավորներին) պարտադրում է նամակագրությունն իրականացնել միայն վարչակազմի միջոցով, որը եւս անձի սահմանադրական իրավունքի խախտում է, իսկ այն, որ վարչակազմին արգելվում է ծանոթանալ նամակի բովանդակությանը եւ միայն պետք է կատարվի արտաքին զննում՝ արգելված առարկաների կամ նյութերի փոխանցումը բացառելու նպատակով՝ ծիծաղելի է. դժվար է պատկերացնել որեւէ արգելված առարկա կամ նյութ, որը հնարավոր լինի դրսի կողմից հարմարեցնելով ծրարի վրա կատարել փոստային առաքում։ Նոր օրենքը սրբագրել է նաեւ ՀՀ քրդատավարության կողմից արգելանքի տակ գտնվող անձի օրինական ներկայացուցչին, առանց քանակի եւ տեւողության սահմանափակման, տեսակցություն տալու վարչակազմի պարտականությունը (ՀՀ քրդատ. հ. 141) եւ սահմանել՝ «Օրինական ներկայացուցչի հետ տեսակցությունը տրամադրվում է քր. վարույթն իրականացնող մարմնի թույլտվությամբ», որը, բնականաբար, ենթադրում է ե՛ւ քանակի, ե՛ւ տեւողության սահմանափակում։ Սույն օրենքը չի մոռացել լուծելու նաեւ հնարավոր քաղաքական խնդիր՝ արգելվում է ձերբակալված անձի հանդիպումը զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ։ Օրենքի վերջին հոդվածներից մեկը՝ «Հասարակական վերահսկողությունը» հիշեցնում է «հի՜ն ու բարի» ժամանակները՝ իրավունք է տալիս լիազորված մարմնի ղեկավարին (ՀՀ արդարադատության նախարարին) արգելափակվածների վայրերի գործունեության հսկողության համար կազմավորել հասարակական դիտորդների խումբ, որ ե՛ւ կազմը, ե՛ւ իրավասությունները որոշում է նույն ղեկավարը։ Մնում է միայն ափսոսալ այն թղթերին, որոնք սեւացվելու են նմանատիպ դիտորդների «քրտնաջան» աշխատանքների արձանագրման համար եւ կասկած չունենք, որ լիազորված մարմնի ղեկավարը կարող է նույնիսկ հրաժարական տալ իր դիտորդների առողջ քննադատությունից ամաչելով, իսկ հարյուր տարի հետո եկող սերունդը հնարավոր է, որ ըմբռնի գաղափարի հանճարեղությունը։ Դեռեւս տոտալիտար ժամանակների հոտն է փչում նաեւ օրենքի 48-րդ հոդվածից, որը սահմանում է ձերբակալվածներին եւ կալանավորվածներին պահելու վայրերում անարգել մուտք ու ելքի իրավունք ունեցողների ցանկը. համակարգից դուրս՝ ոչ մեկին, իսկ միջազգային կազմակերպությունների հարցում առկա է փորձված աճպարարությունը՝ մինչեւ դրանց ներկայացուցիչները մեր չինովնիկների արգելքները հաղթահարելով տեղ են հասնում՝ աչքից էլ են պրծնում, աչքացավից էլ, չնայած առայսօր նրանց կողմից կոնկրետ անձի համար որեւէ կոնկրետ հարց չի լուծվել։ ՍԵՐԳԵՅ ՊՈՂՈՍՅԱՆ Դատապարտյալ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել