Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Պարելը թատրոնից լավ է

Ապրիլ 13,2002 00:00

Պարելը թատրոնից լավ է Ընկերուհիս՝ Անժելան, սովորում է Ռուսաստանում եւ ամեն անգամ արձակուրդներին Հայաստան գալիս պատմում է իր ուսանողական կյանքի մասին։ Ուսանողների համար գործում են հատուկ զեղչեր՝ կինոյում, թատրոնում։ Ուսանողները հաճույքով են գնում թանգարաններ ու ես ակամայից դա համեմատում եմ մեր ուսանողական կյանքի հետ։ Մեր ուսանողական կյանքում էլ կարծես թե ամեն ինչ այդպես պետք է լինի։ Պետք է լինեն խնջույքներ, բազում խենթություններ, մի խոսքով՝ բազմաբովանդակ ուսանողական կյանք։ Մենք՝ ուսանողներս, փորձում ենք որքան հնարավոր է լիարժեք ապրել այդ տարիները։ Բայց անցյալ տարիների համեմատ փոխվել է մեր ապրելակերպը, աշխարհայացքը եւ մտածողությունը։ Ուսանողը, որը պետք է խնջույքի համար գումար խնդրի ծնողներից, գերադասում է այն ծախսել ավելի անհրաժեշտ կարիքների վրա։ Դասերի ավարտից հետո շրջաններում ապրող ուսանողները ստիպված են լինում 30 րոպե շուտ հասնել ավտոկայան՝ տեղ պահելու ավտոբուսում, որպեսզի կանգնած չգնան։ Քաղաքում ապրողները հաճախ գնում են զբոսայգի։ Զրուցելիս սովորաբար մեզ է մոտենում 11-13 տարեկան մի տղա եւ կուրսի տղաներին առաջարկում ձնծաղիկ կամ մանուշակ գնել՝ 100 դրամի փոխարեն 300 դրամ պահանջելով։ Մի օր մտա մոտակա disco ակումբը՝ հարցումներ անելու։ Այստեղ կյանքը եռում է։ Շուրջս ծխամշուշ է։ Ծխում են նաեւ աղջիկները։ Մոտենում եմ նրանց՝ «ինչո՞ւ չեք գնում թատրոն, թանգարան, օպերա» հարցերի պատասխանները իմանալու համար։ Պատասխանում են տարբեր՝ հատկապես ժարգոնով։ Ինչպես բոլոր disco-ակումբները, սա եւս ունի իր մշտական հաճախորդները։ Նրանցից 6-ը միանշանակ պատասխանում են, որ «մենք ավելի շատ հաճույք ենք ստանում պարելուց, քան, ասենք, թատրոն գնալուց»։ Գոյություն ունի հաճախորդների մի խումբ եւս. նրանք գալիս են այստեղ ժամանակ առ ժամանակ՝ առօրյայից շեղվելու համար։ Դրա հետ մեկտեղ այցելում են ե՛ւ թանգարան, ե՛ւ օպերա, ե՛ւ թատրոն։ Իսկ այն հարցին, թե ինչպե՞ս են վերաբերում նրան, երբ աղջիկը ծխում է, երիտասարդներից վեցը պատասխանեցին՝ բացասական, իսկ չորսը՝ դրական։ Հարցումներս երիտասարդների շրջանում շարունակեցի փողոցում։ Մեծամասնությունը պատասխանից խուսափում էր. մի քանի աղջիկներ նույնիսկ կարմրեցին, չիմանալով, թե ինչ պատասխանել։ Երիտասարդներից մեկը պատասխանեց. «Մենք հայ ենք եւ նույնիսկ այսօր, ինչպիսի մտածողություն էլ որ ունենանք, պարտավոր ենք պահպանել մեր պապերի ավանդույթները»։ ԼԻԼԻԹ ԿՈՍՏԱՆԴՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել