Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԾՌԵՐԻ ԵՐԿԻՐ ՀԱՅԱՍՏԱ՞ՆՍ

Ապրիլ 13,2002 00:00

ԾՌԵՐԻ ԵՐԿԻՐ ՀԱՅԱՍՏԱ՞ՆՍ Ողնաշարի ծռումներն ու կեցվածքի խախտումները լուրջ պրոբլեմ են դարձել Եթե հավատանք պաշտոնական վիճակագրությանը, 2000 թվականին ստուգված 0-14 տարեկան երեխաների սոսկ 0,03 տոկոսն է ունեցել ողնաշարի ծռում եւ միայն 0,71 տոկոսը՝ կեցվածքի խախտում: Ընդ որում, այդ ցուցանիշները վերջին տարիներին բարելավվել են: Կուրորտաբանության եւ ֆիզիկական բժշկության գիտահետազոտական ինստիտուտի աշխատակից Անահիտ Լոփոյանն ասաց, որ այսօր սկոլիոզի եւ կեցվածքի խախտումների իսկական համաճարակ է, եւ ինքը համոզված է, որ եթե պրոֆիլակտիկ զանգվածային ստուգումներ անցկացվեն, կպարզվի, որ երիտասարդության շուրջ 90 տոկոսը տառապում է այդ հիվանդություններով: Ժնեւի քոլեջն ավարտած մասնագետը նշեց նաեւ այդ հիվանդությունների առաջացման հիմնական պատճառները. «Շատ դպրոցներում ֆիզկուլտուրայի դասերը, չգիտես ինչու, անտեսվում են, աշակերտների նստարանները մեծամասամբ հարմար չեն, ձմռանը դպրոցականները ցրտից կուչ եկած են նստում դասարաններում, ինչը նպաստում է սկոլիոզի առաջացմանը: Երեխաների սնունդը լիարժեք չէ, նրանք չեն ստանում կալցիումի անհրաժեշտ քանակը: 13-14 տարեկան աղջիկները՝ ժամանակից շուտ ձգտելով նմանվել օրիորդների, սկսում են կրել բարձրակրունկ կամ «պլատֆորմա» կոշիկներ, ինչը խիստ վնասում է կեցվածքին»: Ըստ Անահիտ Լոփոյանի, ծնողները նույնպես ուշադրություն չեն դարձնում իրենց երեխաների կեցվածքին եւ, նույնիսկ հայտնաբերելով խախտումներ, չեն դիմում բժշկի: Ընդսմին, Անահիտը նշեց, որ դեռահասները սկոլիոզով հիվանդանում են հիմնականում 10-14 տարեկան հասակում, երբ հասունացման բուռն պրոցեսներ են ընթանում: Նա ասաց նաեւ, որ առաջին եւ երկրորդ կարգի սկոլիոզները մինչեւ 18 տարեկանը հնարավոր է բուժել կամ կանգնեցնել, իսկ ավելի ուշ տարիքում՝ ոչ: Այդպիսի դեպքերում երբեմն անհրաժեշտ է լինում դիմել շատ բարդ եւ թանկ վիրաբուժական միջամտությունների: Նույն ինստիտուտի 30 տարվա մերսողի աշխատանքային փորձ ունեցող Տատյանա Հայրապետյան-Երմիշեւան հաստատեց, որ վերջին 10 տարվա ընթացքում բազմապատկվել է «Ֆիզիոթերապեւտիկ» դիմած երեխաների եւ երիտասարդների թիվը, որոնք տառապում են ողնաշարային հիվանդություններով՝ սկոլիոզներով եւ կիֆոզներով (կուզիկություն), ինչի հետեւանքով այսօր մեծ է նաեւ օստեոխոնդրոզով եւ ռադիկուլիտով տառապող երիտասարդների թիվը: Ըստ Տատյանա Լեոնիդովնայի, դրա պատճառներից մեկն էլ այն է, որ «վերջին 10 տարիներին դպրոցներում բացակայում են սկոլիոզի հայտնաբերման նպատակով անցկացվող պրոֆիլակտիկ բժշկական ստուգումները»: Իսկ «ֆիզիոթերապեւտիկ» ինստիտուտի բաժնի վարիչ տիկին Խաչատրյանն ասաց, որ «կեցվածքի խանգարումն ազդում է ներքին օրգանների վրա եւ սկսվում են ներքին օրգանների հիվանդություններ: Երեխաները շուտ են հոգնում, ունենում են գլխացավեր, չեն կարողանում երկար կանգնել, նստել»: Շտապօգնության բժիշկ Վարուժան Կարապետյանը մեր զրույցի ընթացքում ասաց, որ, իր կարծիքով, դեռահասների շուրջ 80 տոկոսն ունի կեցվածքի շեղումներ: Դրա պատճառների թվում նա նշեց ֆիզկուլտուրայի դասերի անբավարար մակարդակով անցկացումը: Նաեւ այն, որ դպրոցներում բժիշկների հաստիքները կրճատվել են եւ թողնվել է միայն 1/4 դրույք: Ինչը չնչին գումար է, քանի որ պոլիկլինիկայի բժշկի աշխատավարձը, օրինակ, կազմում է ընդամենը 7000 դրամ: Դպրոցներից հանվել են նաեւ բժիշկները, որոնք ճանաչում էին աշակերտներին՝ հետեւելով նրանց առողջությանը, ամիսը մեկ քարտեր էին լրացնում դպրոցականների առողջական վիճակի մասին: Հիմա դպրոցներում բուժքույրեր են նստած, որոնք միայն առաջին օգնություն կարող են ցուցաբերել: Սպորտային բժշկության կենտրոնի բժշկական ֆիզկուլտուրայի բաժանմունքի վարիչ Մարինա Շաքարյանն ասաց, որ իր դիտարկումներով դեռահասների շուրջ 90 տոկոսը տառապում է սկոլիոզով եւ կեցվածքի շեղումներով: Դա նրանից է, որ դպրոցներում ֆիզկուլտուրայի դասերը կամ չեն անցկացվում, կամ էլ վատ են անցկացվում, երեխաները կոփված չեն, ծով չեն գնում, սնունդը լավը չէ, կաթնամթերք քիչ են օգտագործում, ինչի հետեւանքով առաջանում են կրծքավանդակի ռախիտիկ դեֆորմացիաներ: Նույն կենտրոնի բժշկուհի Էլյա Առաքելյանն ասաց, որ դպրոցներում ոչ միայն պետք է վերականգնել ֆիզկուլտուրայի դասերը, այլեւ նույնիսկ հիվանդ երեխաները չպետք է ազատվելու իրավունք ունենան: Նրանք պետք է պարապեն հատուկ խմբերում: Իսկ կեցվածքի խախտումներ ունեցող երեխաները պետք է անպայման հաճախեն բուժական ֆիզկուլտուրայի դասերի: Իմ 8-րդ դասարանցի դստեր օգնությամբ հաջողվեց անցկացնել նաեւ հեռախոսային մի փոքրիկ հարցում եւ տեղեկանալ, թե ինչպես են անցկացվում ֆիզկուլտուրայի դասերը 21 դպրոցներում եւ քոլեջներում, ինչպես նաեւ 1 մասնավոր բուհում: Պարզվեց, որ, եթե այդ դասերը նույնիսկ տեղի են ունենում, դրանք անցկացվում են ազատ խաղերի ձեւով: Այդ կապակցությամբ հետաքրքիր է նշել, որ ըստ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության կողմից 2001թ. հրատարակված «Հայաստանի Հանրապետության սոցիալական վիճակը 1999 թվականին» ժողովածուի, «1999-ին հանրապետությունում գործել է ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի 4026 կառույց»: Եվ այդ «մարզական կառույցների 75,5 տոկոսը գործել է հանրակրթական դպրոցներում»: Այսինքն, այդ «մարզական կառույցներ» կոչվածների մեծ մասը սոսկ տարածքներ են՝ առանց որեւիցե հարմարությունների, որտեղ դպրոցականները երբեմն վազվզում են կամ խաղեր են խաղում: Ըստ «Հանրապետական մանկական վերականգնողական կենտրոն» ՊՓԲԸ տնօրեն Արթուր Ռոստոմյանի, դեռահասների շուրջ 50 %-ն ունի կեցվածքի խախտումներ եւ ողնաշարի ծռումներ, ինչը հետագայում կարող է հանգեցնել հենաշարժական պրոբլեմների: Դրա պատճառներից մեկն էլ այն է, որ «դպրոցներում ֆիզկուլտուրա չկա»: Նա հայտնեց, որ ֆիզիկական կուլտուրայի ինստիտուտի բժշկական ֆիզկուլտուրայի ամբիոնի հետ համատեղ սկսել են մի ծրագիր, որի շրջանակներում դպրոցներում անցկացվելու են զանգվածային պրոֆիլակտիկ զննումներ՝ հայտնաբերելու կեցվածքի խախտումներ ունեցող աշակերտներին: Պարոն Ռոստոմյանն ասաց, որ իրենք մտադիր են ստեղծել առողջարարական կենտրոն, որը նվազագույն գներով, համարյա ինքնարժեքով, կսպասարկի հիվանդ դպրոցականներին: Արդեն իսկ պրոֆիլակտիկ զննումներ են անցկացվել թիվ 114 եւ թիվ 73 դպրոցներում: Կազմվել են կեցվածքի շեղումներ ունեցող աշակերտների ցուցակները: Շատ են սկոլիոզի դեպքերը: Դպրոցականներից քառասունն ակտիվ բուժման կարիք ունեն, մնացածներին «պրոֆիլակտիկա է պետք»: Ինչպես արդեն ասվեց, բուժման գները լինելու են նվազագույն, տրվելու են նաեւ զեղչեր, շատ ծնողներ դեռ չեն տվել իրենց համաձայնությունը: Ըստ երեւույթին, նույնիսկ այդ ինքնարժեքային գներն էլ նրանց ուժերից վեր են: ՀՀ ԿԳ նախարարության հանրակրթության վարչության պետ Նորիկ Ղուկասյանը ասաց, որ դպրոցներում Ֆիզկուլտուրայի դասերն անցկացվում են պետական ծրագրին համապատասխան, սակայն ձմռան ամիսներին, ինչպես եւ մյուս առարկաների դեպքում, լինում են դժվարություններ: Նույն վարչության գլխավոր մասնագետ Անահիտ Մուրադյանը հավաստիացրեց, որ ԱԺ-ում որպես օրենք հաստատված Կրթության զարգացման 2001-2005թթ. ծրագրում նախատեսված է դպրոցական գույքի նորացում: Նա ասաց, թե իրենք այժմ ձեռնամուխ են եղել կրթության մեթոդների փոփոխությանը եւ դպրոցներում ներդնելու են ուսուցման ակտիվ մեթոդը, որը չի ստիպելու երեխաներին ժամերով «զգաստ» նստել: Անահիտ Մուրադյանն ասաց նաեւ, որ 1994-ին իրենց նախարարությունը բողոքել է Առողջապահության նախարարության՝ դպրոցներում բժիշկներին բուժքույրերով փոխարինելու ծրագրի դեմ, որ ժամանակին գործել է նաեւ սկոլիոզով հիվանդ երեխաների գիշերօթիկ դպրոցը, որն ուներ լողավազան: Այսօր այդ դպրոցը չկա: Բայց գործում է հենաշարժային խախտումներ ունեցող երեխաների գիշերօթիկ դպրոցը: Իսկ ՀՀ Առողջապահության նախարարությունում տեղյակ չեն վերը նշված խնդրի մասին, քանի որ վիճակագրությունն այլ բան է ասում: Ըստ Կարինե Սարիբեկյանի, բուժքույրերը «նույնպես պետք է տարին մեկ անգամ «սքրինինգ տեստ»-ի օգնությամբ ստուգեն երեխաների առողջությունը»: Եվ սկոլիոզի հայտնաբերումն այնքան պարզ խնդիր է, որ դրա համար բժիշկ պետք չէ՝ բուժքույրն էլ կարող է դա անել: Ինչ վերաբերում է ֆինանսական միջոցներին, ասվեց, որ կառավարությունը չի կարողանում միջոցներ գտնել նույնիսկ «առաջին օգնության» կազմակերպման համար, ինչպե՞ս կարող է փող հատկացնել այս հարցի լուծմանը: Սակայն եթե միջոցներ չգտնվեն, Հայաստանը կարող է վերածվել կուզիկների եւ բառացի իմաստով՝ ծռերի երկրի: Իսկ մեր անմահ էպոսի անվանումը ծաղրական երանգ կստանա: ԳՐԻԳՈՐ ԷՄԻՆ-ՏԵՐՅԱՆ Նյութն ամբողջությամբ կարող եք կարդալ Հետաքննող լրագրողների ընկերակցության www.hetq.am էջում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել