Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«ԿԵՂԾԱՐԱՐՆԵՐ ԲՈԼՈՐ ԵՐԿՐՆԵՐԻ, ՄԻԱՑԵ՛Ք»

Ապրիլ 13,2002 00:00

«ԿԵՂԾԱՐԱՐՆԵՐ ԲՈԼՈՐ ԵՐԿՐՆԵՐԻ, ՄԻԱՑԵ՛Ք» «Առավոտում» (30.03.2002թ.) ինձ համար անհասկանալիորեն հայտնված «Արդարությունը վեր է անձնական շահից» վերնագրով հոդվածագրին. անուն-ազգանուն՝ որն առաջին անգամ եմ լսում, մեկը՝ որն իր գրածների հավաստիությունը ստուգելու համար նույնիսկ ինձ հետ չի հանդիպել: Չգիտես ումից լսել է ու գրել: Չգիտես ինչ է գրել ու զրպարտել: Նա լրագրո՞ղ է: Ո՛չ, որովհետեւ, եթե այդպիսին լիներ, նախ՝ խնդրին վերաբերող փաստաթղթեր պետք է ունենար, հետո՝ պետք է բոլոր կողմերին հանդիպեր եւ ամեն ինչ պարզելուց հետո գրիչը շարժեր: Նա փաստաբա՞ն է: Էլի ո՛չ, որովհետեւ եթե այդպիսին լիներ, միայն ու միայն ՓԱՍՏԵՐ-ին կհենվեր, նոր միայն կփաստարկեր: Բացի այդ՝ եթե նա փաստաբան լիներ, ուրեմն պիտի պարզ իմացվեր, չէ՞, թե նա ում շահերն է պաշտպանում եւ որտեղ: Նա սկսում է գինու կոմբինատից, անցնում Ջերմուկ, հետո ԱՄՆ Լոս Անջելեսի «Հայրենիք» միություն անունով մարդասիրական կազմակերպություն: Քանի՞ տիրոջ ծառա է նա եւ այս ինչքա՜ն ինձ ծանոթ հաճախորդներ է միանգամից ձեռք բերել: Հենց «իմ թշնամու թշնամին իմ բարեկամն է» սկզբունքով են քով-քովի եկել եւ գտել իրենց նմանին: Օրինակ՝ եթե Ֆրանսիայում որեւէ խոհարար այսքան մարդու փոխարեն բանջարեղենի տեսակ ունենար ձեռքի տակ՝ հաստատ մի լավ աղանդեր կսարքեր: Նա իրավապաշտպա՞ն է: Չեմ կարծում, որովհետեւ եթե այդպիսին լիներ, այս մեր ֆինանսա-տնտեսական եւ արդեն վճիռներ ստացած գործում հազիվ թե «իրավապաշտպանություն» որոներ: Լավ, ուրեմն ո՞վ է նա եւ ի՞նչ է ուզում վերջապես: Նա ստեր լսած՝ ստեր ասող, կեղծիք տեսած՝ կեղծիքի դիմող, «Սուտ ասա, հավատացող էլ չլինի՝ դա մեկ է՝ հետք կթողնի»-ն հորինած Գեբելսի հավատարիմ ժառանգներից է: Մի հեծանիվ, որի վրա ով ուզում եւ հասցնում՝ նստում է: Նա շատ հասարակ, հերթական պատվեր կատարող է, պատվիրատուները՝ տարիներ շարունակ ինձ հազար ու մի ձեւերով, կաշառք առաջարկելով, շահագրգռելով, վախեցնելով, սպառնալով եւ այլ բոլոր տեսակի միջոցների դիմած, բայց իրենց ուզածին չհասած, իրականում՝ վախկոտ ու նենգ մարդկանց մի խումբ են: Նրանց մեջ կան ու եղել են վարչապետ, նախարարներ, այլ բարձրաստիճան պաշտոնատարներ, քննիչներ, ոստիկաններ, հարկադիր կատարողներ, Արժեթղթերի հանձնաժողովից պետական պաշտոնյա եւ այլք։ Նրանք եւ նրանց նմանները մի քանի կոպեկով հսկա գործարաններ ձեռք բերող եւ դրանք թշնամուց նվաճած ավարի կարգով թալանող ու մշտապես ջրի երեսին մնալու սովոր երեւույթներ են: Ինչը եւ շատ բնական է, որովհետեւ կեղտը ամեն տեղ եւ միշտ էլ ջրի երեսն է լողում: Այստեղ արտասովոր միակ երեւույթը, ինչքան հասկանում եմ, հանդիսանում եմ ես: Որովհետեւ ես երբեք չեմ ցանկացել «խառնվել նրանց վայրի արջի ցեղերին»: Ահա՛ եւ ինչն էլ հիմնական պատճառն է հերթական անգամ անորակ եւ անմակարդակ նոր «հայկական սերիալներ» նկարահանողի սկսնակ ռեժիսորը լինելու հայտ ներկայացրած պուշկինսերոբյաններից եւս մեկի՝ թերթերում հայտնվելը: Մի փոքր պատմություն. ՀՀ-ում հանդիսանալով արտասահմանում բնակվող հայ 7 գործարարի տնտեսական եւ իրավական հարցերով լիազոր ներկայացուցիչը՝ նրանց ոտնակոխ արվող բաժնետիրական իրավունքները պաշտպանելու նպատակով անցած 4 տարիների ընթացքում դիմել եմ ՀՀ դատական ատյաններ եւ, անցնելով եռաստիճան դատական համակարգով, ստացել արդարադատության մեզ հասանելիքը՝ օրենքի ուժ ստացած եւ բողոքարկման ոչ ենթակա վճիռ, արդար ու մեզ բավարարող։ Իմ պատկերացումները թյուր էին կարծես, վճռի կատարմանը սպասելիս՝ ես ինձ վերստին գտա նույն կարուսելում. այս անգամ իրենք էին դիմել դատարան։ Եվ անցնելով դատական ատյանները՝ ստացա էլի նույն արդյունքը, արդար վճիռ, որը հօգուտ մեզ էր։ Իմ պատկերացումները կարծես կրկին թյուր էին, որովհետեւ ինչ առաջ եւ ինչ էլ վերջում ստացված վճիռներից եւ ոչ մեկը չկատարվեց այդպես էլ, ու դրանից հետո միայն իմ ներկայացրած անձանցից մեկը՝ պրն Կայծակ Զեյթլյանը, իբրեւ օրենքների կիրառման երաշխավոր ու իրավական պետություն հանդիսացող Հայաստանի Հանրապետության նախագահին դիմեց՝ հասկանալու համար իր հետագա անելիքները, եթե այդպիսիք դեռ կային անշուշտ։ Նախագահի աշխատակազմից ստացված պատասխան նամակում բառացիորեն գրվել էր հետեւյալը. «Հարգելի պարոն Զեյթլյան, Թույլ տվեք շնորհակալություն հայտնել Հայաստան-Սփյուռք գործարար կապերի հաստատման գործում Ձեր ծավալած հայրենանվեր գործունեության համար։ ՀՀ նախագահն անձամբ տեղյակ է այն խնդիրներին, որ ներկայացրել եք … Ձեր նամակում։ Ի նկատի ունենալով այն, որ Հայաստանը խիստ շահագրգռված է օտարերկրյա ներդրումների խրախուսմամբ, մենք ամեն քայլ ձեռնարկում ենք, որպեսզի Ձեզ նման գործարարները հաջողություն ունենան Հայրենիքում, ինչը կնպաստի թե՛ մեր ժողովրդին, թե՛ Ձեզ»: Ասա ո՞վ է պատվիրատուդ, ասեմ՝ ով ես դու Հիմա արդեն անդրադառնամ «Առավոտի» վերոհիշյալ համարում մեր նորօրյա դետեկտիվ հայկական Շերլոկ Հոլմսի «հայտնաբերած գերգաղտնի տեղեկությունների» անհեթեթությանն ու հիմնազուրկ չարամտությանը եւ բերեմ հակափաստարկներ: Ճիշտն ասած չգիտեմ՝ արդյո՞ք մեզ է նկատի ունեցել «հայրենասիրության անվան տակ հիշատակված պարոններ» ասող հոդվածագիրը, բայց անձամբ ես հենց հայրենասիրության պատճառով է, որ իբրեւ կամավոր սփյուռքահայ 1991թ. մեկնել եմ Արցախ, որտեղից հաստատված զինադադարից ուղիղ մեկ ու կես տարի հետո, այսինքն 1995թ. վերջին վերադարձել եմ Երեւան։ Թե այս ընթացքում այնտեղ ինչ եմ արել, նա կարող է ուղղակի հարցնել այժմ ՀՀ պաշտպանության նախարար Ս. Սարգսյանից, բանտում գտնվող Ազգային հերոս Ս. Բաբայանից, ՀՀ նախագահ Ռ. Քոչարյանից, ԼՂՀ ՊՆ նախարար, գեներալ Սեյրան Օհանյանից։ Իսկ մոտավորապես նույն ժամանակահատվածում Կայծակ Զեյթլյանը հանդիսացել է Հայաստանի Հանրապետությունում առաջին պլաստիկ շշերի արտադրության, շշալցման ժամանակակից հոսքագիծն ու «Ջերմուկ» հանքային ջրերի մայր գործարանում գոյություն ունեցող բոլոր տեսակի նոր տեխնոլոգիա ներկայացնող սարքերի ներդրողը, ուստի եւ նա այդ մութ ու ցուրտ տարիներին իր Հայրենիքում միլիոն դոլարից ավելի ներդրում կատարող առաջին սփյուռքահայն է։ Սա, անկախ ձեր կամքից, հայկական Երրորդ հանրապետության պատմության մեջ արդեն արձանագրված, անհերքելի փաստ է։ Երկրորդ՝ հակառակ հոդվածագրի պնդումներին, Կայծակ Զեյթլյանը եւ իր թիմակիցները երբեւիցե չեն ներդրել 800.000 դոլար գումար, եւ չեն ցանկացել տիրանալ Երեւանի «Արարատ» գինու կոմբինատի հսկիչ փաթեթին։ Եղածը պարզապես հետեւյալն է. 1997թ. աշնանը վերոնշյալ բաց բաժնետիրական ընկերության հարյուրավոր բաժնետերերից միայն երկուսի (որոնք Սամվել Թադեւոսյանը եւ Անահիտ Հարությունյանն են) ձեռքում գտնվող, քսանվեց հազար վեց հարյուր երեսունչորս հատ բաժնետոմսերից միայն տասնվեց հազար ինը հարյուր ութսունմեկ հատը, ուղիղ 500.000 $, այսինքն՝ կես միլիոն դոլար վճարելով՝ գնել են։ Կատարվել է առք ու վաճառք, մարդիկ պարզապես գույք են գնել, ինչպես կարող էին, օրինակ, Երեւանում սեփական տուն կամ ինքնաշարժ գնել։ Այս է ամբողջ եղածը, որն էլ ցանկացած հասուն անձ կհասկանա շատ հեշտությամբ։ Ու եթե կատարվածը, այսինքն՝ բաժնետոմսեր գնելը, մեզ համար անհասկանալիորեն, բայց, այնուամենայնիվ, իբրեւ «ներդրում» է որակվում, շնորհակալություն եմ հայտնում մեր փաստորեն չարածը այդպես «որակավորող» հարգարժան պարոնին: Եվ տեսեք, թե 10.11.1997թ. կողմերի միջեւ ստորագրված, նոտարական կարգով վավերացված հիմնադիր պայմանագրում ի՞նչ է նշված. «Համատեղ ձեռնարկության կանոնադրական հիմնադրամը մնում է անփոփոխ, ընդ որում՝ դա կազմում է 266.336 հազար դրամ, որը ձեւավորվում է Ընկերության տեղաբաշխված 33.292 հատ սովորական բաժնետոմսերի անվանական արժեքների գումարից, որոնց յուրաքանչյուրի անվանական արժեքը 8.000 դրամ է։ Այդ թվում՝ կանոնադրական հիմնադրամը եւ բաժնետոմսերը բաշխվում են հետեւյալ կերպ. 51%-ը Ամերիկահայ-Կանադահայ ներքոհիշյալ ներդրողներին եւ 49%-ը՝ Հայաստանյան կողմին»: Սա, ի դեպ, Կայծակ Զեյթլյանը եւ իր թիմակիցները չեն գրել։ Դա վավերացված է ե՛ւ ընկերության, ե՛ւ նոտարական գրասենյակի կնիքներով։ Այն ստորագրել են նաեւ իմ կարծիքով պուշկինսերոբյան ստորագրված հոդվածը պատվիրող անձանցից երկուսը՝ Ս.Թադեւոսյանն ու Զ.Կիրակոսյանը։ Նույն պայմանագրում նշված է նաեւ, որ այդ կնքելու պահին, արտասահմանյան բաժնետերերն արդեն իրենց վճարելիք ամբողջ գումարը՝ 500.000 դոլարը վճարել են։ Հիմա թող հետաքրքրվողը մի պարզ հաշվարկ անի ու պարզի, թե ինչո՞ւ վճարված գումարն ամբողջ կանոնադիր հիմնադրամից ավելին էր եւ ինչո՞ւ իրենց վճարածի դիմաց Կ. Զեյթլյանն ու իր թիմակիցներն այդքան քիչ ստացան։ Ու ամենակարեւորը՝ ո՞վ էր ծնկաչոք խնդրելով ցանկացել, որ Կայծակ Զեյթլյանն ու թիմակիցներն այդ հսկիչ փաթեթին տիրանային: Երրորդ՝ հակառակ եղած պնդմանը, հենց վերոնշյալ երկու (Ս.Թ. եւ Զ.Կ.) անձինք են, որ ձեր իսկ բառերով ասած «հանցավոր նպատակին հասնելու համար չխորշեցին դիմելու մեկ այլ հանցագործության»՝ կեղծ փաստաթուղթ են պատրաստել Երեւանում եւ այն ներկայացրել ՀՀ դատարան։ Մեր պնդմանն հակառակ, ՀՀ Վճռաբեկ դատարանը, այդ տխրահռչակ (27.11.1997թ.) եւ բացահայտ կեղծ փաստաթուղթը չքննարկեց նույնիսկ։ Ինչի շնորհիվ նրանք քրեական հետապնդումից փրկվեցին։ Բայց ես հույս ունեմ դեռ, որ գոնե այս հրապարակումից հետո ՀՀ Գլխավոր դատախազությունն այս առթիվ կանի անհրաժեշտը։ Չորրորդ՝ հոդվածագրի գրած «քրեական գործ, նախաքննություն ու հայտարարված հետախուզումն» էլ, որով նա ցանկանում է մատնացույց անել իբր արտասահմանյան բաժնետերերին, իր հիվանդ երեւակայությունից այն կողմ չի անցնում: Քանի որ Կ. Զեյթլյանն ու իր թիմակիցները հաճախ ՀՀ են այցելում, հանդիպում են երկրի նախագահին, վարչապետին եւ նախարարներին, իսկ Սփյուռքում ՀՀ բազմաթիվ պետական կառույցների կողմից կազմակերպված անխտիր բոլոր գործարարական հանդիպումներին պատշաճ ձեւով հրավիրվում են եւ լուրջ քննարկումների են մասնակցում, ԱՄՆ-ում բավականին կշիռ ունեցող հայկական մի կառույց պարոն Կ. Զեյթլյանին առաջարկում է ՀՀ-ում ներդրումը խթանելու նպատակով ստեղծվելիք ամերիկահայ գործարարների խմբի ղեկավարումը ստանձնել։ Ինչպե՞ս հասկանալ… Հինգերորդ՝ մրգահյութերի արտադրության ծրագրի իրականացման նպատակով հիմնադրված եւ «ԱՐԱՐԱՏ-ՆՈՎԱ» ՓԲԸ-ի առթիվ նրա գրածները, ցավում եմ, բայց ցանկության դեպքում անհեթեթ չեն նույնիսկ, դրանք պարզապես ծիծաղելի են։ Ուրեմն, 6.08.1997թ. միմիայն 1.800 դոլարին համարժեք դրամ կանոնադիր հիմնադրամով ստորագրված պայմանագրային հիմնադրումը ապահովված մի ընկերություն պատկերացրեք։ Այդտեղ Կայծակ Զեյթլյանն ու իր, այսպես ասած, թիմակիցները մի օրվա մեջ, ըստ իրենց ստանձնած պարտավորության, 550.000$-ից ուղիղ 340.000$-ն իբրեւ անվերադարձ ներդրում փոխանցում են, իսկ նույն ժամանակ Հայաստանյան կողմ անվանվածներն էլ (Ս.Թ. եւ այլք) պարտավորվում են իրենց հերթին ապրանքի տեսքով 500.000 դոլար գումարի արժեքով «ԱՐԱՐԱՏ-ՆՈՎԱ» ՓԲԸ-ում դարձյալ անվերադարձ ներդրում անել։ Սակայն արի ու տես, որ Ս.Թադեւոսյանը մի օրում եկած այդ 340.000 $ գումարը մի վայրկյանում բանկից հանել կարողանում է, բայց իր ստանձնած պարտավորությունը կատարելը մինչեւ օրս չի էլ հիշում։ Մենք առ այսօր չգիտենք, թե որտե՞ղ են գտնվում մեր ուղարկած գումարները եւ ե՞րբ են ետ հայտնվելու վերոհիշյալ ընկերության բանկային դրամարկղում ու այս առթիվ ակնկալում ենք ՀՀ պատկան մարմինների անհապաղ միջնորդությունը։ Եկեք մի փաստի կողքից չանցնենք ու Զ. Կիրակոսյանի կողմից ստորագրված հետեւյալ փաստաթուղթը կարդալով հասկանանք «ԱՐԱՐԱՏ-ՆՈՎԱ» ՓԲԸ մեր ներդրած գումարներից մի մասի որտեղ ծախսված լինելը. «15.000$՝ Ս.Թադեւոսյանի 75.000$ անձնական պարտքին մասնակի վճարում, 3.000$՝ Ս.Թ.-ի Ս.Պետերբուրգ գործուղման համար, 8.000$՝ Ս.Թ.-ի նոյեմբեր, դեկտեմբեր, հունվար, փետրվար ամիսների ամսականների կանխավճար, իսկ 12.000$՝ կադրերին չորս ամսվա աշխատավարձի վճարում», եւ այլն եւ էլի եւ այլն… Շարունակե՞մ, թե՞ այսքանը հերիք է արդեն։ Վեցերորդ՝ դեռ այսքանից հետո Կայծակ Զեյթլյանը ՀՀ նախագահին գրած նամակում շատ հստակ նշել էր, որ «իր ստանձնելիք պարտավորությունների իր մեղքով չիրագործման պարագային, մինչեւ իր խոստումների իրականացումը՝ պատրաստ է մյուս կողմին յուրաքանչյուր ուշացած օրվա համար 1.000 դոլար տուգանք վճարելու». եթե դուք Երկիր մոլորակում կգտնեք թեկուզ մի մարդու, որն էլ այս աստիճանի ռիսկով carte blanche-ային առաջարկ արած լինի եւ ամենահետաքրքիրը՝ Ս. Թադեւոսյանի կողմից մերժում ստանա, ահա եւ այդ ժամանակ էլ կհասկանաք, թե արդյոք ո՛վ է այսքան շահագրգռված, որ մեր բազմաչարչար հսկան (եթե դրա հսկայությունից Սերոբյանին հոդված պատվիրողները բան թողած լինեն, անշուշտ)՝ «Արարատ» գինու կոմբինատը, ՉԱՇ-ԽԱ-ՏԻ։ Հետո պարզեք նաեւ այդ չուզողների ազգությունը… Ինձ թվում է, որ այս մի փոքր օրինակը շատ լավ ապացուցում է, թե ովքե՛ր են իրականում հավելյալ դոլարներ կորզում Հայաստանի մեկ ձեռնարկությունից: Եղա՞վ։ Յոթերորդ՝ Լոս Անջելեսում բնակվող Խաչիկ Սիմոնյանը, պատվեր կատարողի պնդմանն հակառակ՝ դատապարտված չէ: Իսկ նա ինձ հեռախոսով հայտնել է, որ Պուշկին Սերոբյանը քրեական բազմաթիվ՝ այդ թվում զրպարտություն, ակնհայտ սուտ մատնություն, կաշառք ստանալ (դրանցից մեկն էլ՝ անչափահաս աղջկա խմբակային բռնաբարության քստմնելի գործը կոծկելու համար) եւ այլ հոդվածներով ուղիղ 40 տարվա բանտարկության դատապարտված ու բանտարկված է եղել, ու թեեւ մինչեւ այժմ արդարացված չէ, սակայն ազատության մեջ է, իսկ դրա մասին բազմիցս գրվել է ու ոչ միայն Հայաստանը, այլեւ ամբողջ նախկին Խորհրդային Միությունը գիտի: Հիմա անցնենք իմ եւ Կայծակ Զեյթլյանի հայաստանյան կենսագրության մեջ գոյություն ունեցող մի այլ ոլորտի, որպեսզի վերեւում պուշկինսերոբյանին հրամցված գինուց հետո, նրա կերածն ու ճաշակածը նաեւ «Ջերմուկ»-ով մարսվի: «Ջերմուկ» ՓԲԸ-ում Կայծակ Զեյթլյանի երկու հարազատների եւ Ա. Ղազարյանի մասին նրան տրամադրված տեղեկությունները ոչ միայն թերի են, այլ հիմնազուրկ՝ ընդհանրապես: Եվ որովհետեւ այդպես են, ուղիղ նույն երգը դեռ 1999թ. ի վեր մի հազարից ավելի անգամ լսած անձս, արդեն հուսահատված, վերոնշյալ ձայնասկավառակը վերստին ու կրկին լսելուց չհոգնած, «Ջերմուկ» ՓԲԸ-ում երեք բաժնետերերից մեկը հանդիսացող պարոն Գ. Օսկանյանին հասցեագրածս նամակում այդ առթիվ տեսեք, թե ես ինչ եմ գրել. «Գալով Թոսունյան Հ., Զեյթլյան Հ. եւ Ղազարյան Ա.-ին՝ «Ջերմուկ» ՓԲԸ-ին իբրեւ ունեցած պարտքերի առթիվ ձեր գրածներին, ապա ինձ համար իսկապես անհասկանալի է, թե ինչու մինչեւ հիմա ընկերությունը նրանց առաջ եւ ոչ մի պահանջ չի ներկայացրել, իսկ ձեր պաշտելի փրկչին (Գ. Օսկանյանի հարսանիքի սանահայր Արմեն Տեր-Ստեփանյան) հորդորեք, խնդրեմ, որպեսզի նրանց անհետաձգելիորեն դատի տա: Իսկ ես հույսով սպասելու եմ, որ դատի արդյունքից ընկերության գանձարկղը գումար մտնի»: Եվ, ի՞նչ եք կարծում, բացի կանացի բամբասանքներից, այլ բանի անընդունակ անգործները հիմա էլ հանձին նոր սուտասանի՝ ահա այսպես օդ են կրակում: Նա պարզապես ստախոս է, որովհետեւ իմ կինը Ա. Ղազարյան անուն-ազգանունով եղբայր չունի: Իրականությունն այն է, որ նրա ասածներին հակառակ ոչ թե վերոնշյալ անձինք են «Ջերմուկ» ՓԲԸ-ին պարտք, այլ ընկերությունն է նրանց այդ նշված գումարներից մի քանի անգամ ավելի պարտք եւ այդ իսկ պահանջով էլ նրանք դիմել են օրենքին, որն էլ շուտով կպարզի իրականությունը: Սկսեք հաշվել, սա մարսողությանը անհրաժեշտ՝ իմ կողմից մատուցված դեռ առաջին Ջերմուկն է: Եռյակից առանձնացնելով Ա. Ղազարյանին՝ ասեմ մի բան՝ ապավինելով նախկին քննիչ Սերոբյանի գաղտնապահությանը, եւ խնդրեմ, որ ուրիշներին չասի այդ մասին: Պատվիրատուներդ, ըստ երեւույթին, մի տեղ անուն-ազգանունները հաստատ խառնել են: Այլապես պիտի որ գրած լինեիր, թե Գ. Օսկանյանի հարսանիքի սանահայր, «Ջերմուկ» ՓԲԸ-ում, մինչեւ դատարանի որոշմամբ հեռացվելը, գործադիր տնօրեն աշխատած Արմեն Տեր-Ստեփանյանը, այդ «Նույն անձը պարզվում է, որ գիշեր ու ցերեկ որպես ոչ հաստիքային աշխատող, միաժամանակ գտնվել է նաեւ Երեւանից շուրջ 200 կմ հեռավորության վրա գտնվող «Ջերմուկ» գործարանում, եւ որպես գ. տնօրեն, վերահսկել, որ Ջերմուկի քիմիական բաղադրությունը չխախտվի: Հետաքրքիր է, թե ինչպե՞ս էր աշխատում, երբ մի ոտքը գտնվում էր Երեւանի Աբովյան փողոցում գտնվող իր Petit Bateau խանութում, իսկ մյուսը՝ Ջերմուկում»: Վստահ ու անկեղծությամբ, ես չեմ ծաղրում, նախօրոք գրվածներում անունների շիլա-շփոթ ես սարքել անպայման: Սրանով արդեն խմեցիր երկրորդ Ջերմուկը: Ա. Տեր-Ստեփանյանը, պարզվում է, ընկերությունում իր հայտնված օրից մինչեւ իմ կողմից հարկադիր արձակուրդի ուղարկվելը, ինքն իրեն ամսական աշխատավարձ վերապահել է 1200-1500 ԱՄՆ դոլար: Բայց մշտապես հիշողության կորստի պատճառով, ինչպես դուք եք սիրում ասել, Հայաստանի Հանրապետության հարկային մարմիններին ցույց է տվել միայն 300 դոլարին համարժեք դրամ: Ուստի ձեր օգնությանը դիմած, Գ. Օսկանյանի նման «մեծ» հայրենասերների կողմից «մոռացված», նշված եւ չնշված գումարներից հարկեր, տուրքեր կբռնագանձվե՞ն, թոշակառուները, ուսուցիչները, բուժանձնակազմը, գիտնականները կարո՞ղ են բավարարել իրենց հանապազօրյա հացը, երբ նորօրյա փրկիչները վատնում են, եւ նրանց հովանավորները մնում են անպատիժ, ահա քո կողմից գրված այս ամենին, մնում է, որ ՀՀ համապատասխան մարմինները պատասխան գտնեն: Սա էլ քեզ երրորդ Ջերմուկը, որը հիշողության համար էլ օգտակար է, իմանաս: Վերջում նշեմ նաեւ, թե Գ. Օսկանյանի միանձնյա նշանակած տնօրենի «շնորհիվ», 1999թ. մի քանի ամիսների, 2000թ. եւ 2001թ. ընթացքում «Ջերմուկ» գործարանին հասցված վնասի կոնկրետ չափերի (ըստ աուդիտի եզրակացության) մասին իմանալու համար համբերեք մի փոքր ժամանակ եւս. սկսվելիք քրեական դատավարության ընթացքում իրականությանը, ամբողջ ՀՀ հանրության նման՝ դուք էլ իրազեկ կդառնաք: Ահա թե ինչու նրա հարազատները հիշողության «կորստի» եւ «համեստության» պատճառով ամոթ են զգում «Ջերմուկ» ընկերությանը վերադարձնել մի քանի տասնյակ միլիոն դրամից ավելի պարտքեր: Այսքանով վերջին Ջերմուկն էի մատուցում, բայց այս Ջերմուկն էլ բարով մարսելուդ համար շատ Ջերմուկներ դեռ պիտի ընդունես: Ինչքա՜ն ուրախացել եմ, որ ընթերցողին իրազեկել ես մարդասիրական օգնության բնագավառում գործունեությանս մասին՝ անշուշտ դա ներկայացնելով այլ պատվիրատուներիդ բերանից լսածներով միայն: Քանի որ իմ մասին այդքան փութաջանորեն տեղեկություններ հավաքելով ես անցկացրել քո թանկագին ժամանակը, բայց նախքան հոդված տպագրելը գոնե մի անգամ անձամբ չես փորձել ինձ հետ հանդիպել, որպեսզի է՛լ ավելի համոզվեիր, թե ինչ հրեշ եմ ես, քո գիտելիքները ստուգելու նպատակով հայտնում եմ հետեւյալը: Նախ՝ քո կողմից գրվածը սուտ է, նշված բեռնարկղը ոչ թե ես, այլ ստացել է ՀՀ-ում գրանցված ԱՄՆ-ի «Հայրենիք» միության Հայաստանի մասնաճյուղը, բայց դու անպայման ստելու պետք ունես: Այդտեղ գտնվող «Ջիպ չիրոքի» ավտոմեքենան Լոս Անջելեսից ուղարկվել է սրանից ինը տարի առաջ ուղարկված եւ մի քանի տարիներ առաջ վթարված եւ անօգտագործելի դարձած, Միությանը պատկանող փոխադրամիջոցի փոխարեն: Դրա ուղարկման թույլտվությունը տվել է ԱՄՆ պետդեպարտամենտը, այլապես դա ՀՀ չէր կարող ուղարկվել: Գրածդ ստերից մյուսն էլ այդ է, որ հակառակ քո լոլոներին, ավտոմեքենան, ինչպես նաեւ նախկինը երբեւիցե ոչ մի ատյանի կողմից չի որակվել «մարդասիրական» եւ ունի միայն մեկ նպատակ՝ «Հայրենիք» միության՝ ՀՀ եւ Արցախում կատարած մարդասիրական գործունեությանը իբրեւ փոխադրամիջոց ծառայել: Ստերդ շարունակվում են. նախ՝ իմ օգտագործած ինքնաշարժը գերմանական «Ֆորդ» մակնիշի է, իսկ «Ջիպ չիրոքին» ամերիկյան է եւ պետհամարանիշը ոչ թե քո ներկայացրած 1119 է, այլ 264 ԼՏ 64: Մոռացել ես նաեւ նշել, որ մեկը կանաչ գույնի է, մյուսը՝ կապույտ: Եվ վերջապես՝ դու շատ էլ ցանկանաս՝ «Հայրենիք» միության ավտոմեքենան՝ այսինքն «Ջիպ չիրոքին», չի կարող կանգնել իմ շենքի առաջ, որովհետեւ նա իմ շենքից մոտավորապես 450 կմ հեռու է գտնվում: Ախր, մի ժամանակ, Ս.Թադեւոսյանը երեւանյան սրճարաններում գաղտնիորեն ինձ լուսանկարելով եւ դատարաններում դրանք ներկայացնելով էր զբաղված, այդ իր հին մասնագիտությունը ինչպե՞ս քեզ չի փոխանցել, որ այսքան շատ չվրիպեիր. զարմանում եմ։ Այս ամենը ոչ թե, որովհետեւ դու ստում ես, այլ որովհետեւ Լոս Անջելեսից ուղարկված այդ մեքենան իր հայկական պետհամարանիշը Երեւանում ստացած օրվանից, Միությանս Արցախի ներկայացուցչության հատկացված լինելով, գտնվում է Մարտակերտում եւ մի քանի անգամ ընդամենը վերանորոգման եւ մասեր ճարելու անհրաժեշտությունից ելնելով հարկադրաբար հայտնվել է Երեւանում: Այդպես որ, ինչպես հայտնել ես, այդ մեքենայով հիանալ ցանկացողները կարող են իրենց իղձը կատարել՝ մշտապես Արցախի Մարտակերտ, Հադրութ եւ այլ շրջաններն այցելելով միայն: Իսկ հակառակ քո հերթական ստին, իմ բնակարանը ինձ որեւէ մեկի կողմից հանձնված չի եղել. գալով դրա շքեղությանը (քո առանց տեսնելու նկարագրելու գերմարդկային հատկությամբ իրոք որ հիանալ կարելի է), ախր «Առավոտ» թերթում շքեղ տներ ու բնակարանների գծով մասնագիտացած լրագրողուհի Սաթիկ Սեյրանյանը մեր օջախում եղել է, բայց թե ինչու՞ բնակարանիս լուսանկարները ի լուր աշխարհի չի հրապարակում, իսկապես չեմ հասկանում: Մի հատ էլ դու հարցրու: Այնուամենայնիվ, համաձայն եմ՝ ինչ էլ ճիշտ ես գուշակել, որ «բնակարանս բարեգործական եւ ոչ թե ձեր, այլ իմ Հայրենիքը փրկելու նպատակին» է ծառայում, որտեղ մեծանում են երկու երեխաներս, իսկական հայ մոր դաստիարակությամբ, որպեսզի դառնան մեր երկրի լիարժեք տերերը: Որովհետեւ քեզ պես անհայրենիք անհատին հասու չէ ԱՄՆ-ի «Հայրենիք» միության կատարած առաքելության էությունը, ուստի եւ իմ պատվից ցածր եմ համարում, քո մակարդակին իջնելով՝ հավասարվել քեզ ու ուղարկված բեռնարկղի առթիվ ծաղրի ենթարկել Հայաստանից հազարավոր կիլոմետրեր հեռու ապրելով հանդերձ, տարիներ շարունակ անանուն զինվորի կարգավիճակով, մաքրամաքուր քրտինք թափող իմ (եւ դարձյալ ոչ երբեք քո) հայրենակիցների կատարած գործը: Թե՞ մարդկային քո կերպարին հասու կարող է լինել միմիայն մանրածախ առեւտրականի հոգեբանությամբ ապրող, արեւմտյան դրամաշնորհներ մուրացողի ծնկաչոք կարգավիճակը: Հենց այս պարագայի համար է ըստ երեւույթին Վ.Տերյանը գրել «Մի խառնեք մեզ…»: Որպես պատմության համար մնայուն եւ անհերքելի փաստ, ինչպես ընդունված է ասել՝ «Աստծունը՝ Աստծուն, Կեսարինը՝ Կեսարին», ստերդ քեզ վերադարձնեմ հերթական անգամ: Լոս Անջելեսից ուղարկված վերոնշյալ բեռնարկղի ամբողջ պարունակության առթիվ, այո՛, ի հեճուկս քեզ՝ թյուրիմացության մեջ գցող եւ անհարմար դրության մատնողները դիմեցին քո նշած բոլոր հասցեներով՝ ՀՀ կառավարության մարդասիրական հանձնաժողով, ոստիկանություն, ներքին գործերի նախարարություն, գլխավոր դատախազություն, հեռուստատեսություն, թերթերին եւ վերջապես դատարան: «Homo sovieticus»-ների սուտլիկ փուչիկը պայթեց, «գործ սարքել» փորձողները իրենք իրենց ձեռքով դատարանում գրեցին, թե՝ «Սարգիս Հացպանյանի դեմ մեր տված հայցից ինքնակամ հրաժարվում եւ հայցը հանում ենք», իսկ ես իմ հակընդդեմ հայցից չհրաժարվեցի երբեք: Եվ հակառակ քո ստերին, իրողությունն այլ է։ «Հայրենիք» միությունը ՀՀ-ում գործող միակ մարդասիրական գործունեություն ծավալած միությունն է, որ երբեւիցե կառավարությանը չի դիմել՝ ինչ-ինչ հանգամանքներում կատարած գործի առթիվ ավելացված արժեքի հարկերից ազատվելու խնդրանքով: Չնայած դրա իրավունքը ունի: Հասկացա՞ր: Դու նույնիսկ մեղանչելու փորձն անելիս էլ ստում ես, եթե իրոք «Ձեզ հայտնի է, որ «Հայրենիք» միությունը բարի համբավ ունի …բայց Սարգիս Հացպանյանի գործունեությունը մեծ վնաս է հասցրել Միության համբավին», ապա ինչու՞ տասից ավելի սփյուռքյան հայկական կազմակերպություններ, ում պատվով տարիներ շարունակ ներկայացրել եմ ՀՀ-ում եւ ԼՂՀ-ում, ինձ անընդհատ առաջարկել են կատարածս աշխատանքների դիմաց կայուն ամսական վճարել, ինչից հրաժարվել եմ: Եվ ինչու՞ նրանք խնդրում են, որպեսզի շարունակեմ իրենց ներկայացնել մշտապես: Շատ եմ խնդրում՝ դիմիր նրանց ու բաց՝ հազարներով ապատեղեկացված եւ իմ կողմից խաբված հայրենակիցների աչքերը, վերջապես: Ես դրանց տեղերը քեզ ասեմ, որ գործդ հեշտանա: Ուրեմն կսկսես Ֆրանսիայից, հետո Բելգիա, Հոլանդիա, Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Շվեդիա, Շվեյցարիա, «Թուրքիա», Հունաստան, Լիբանան, կանցնես օվկիանոսը ու կհասնես Կանադա եւ ԱՄՆ: Եվ որպեսզի քո տվյալներն իմ մասին ամբողջական լինեն, ասեմ, որ կինս, որ անցյալում քեզ ճանաչելու դժբախտությունն է ունեցել, «Ջերմուկ» գործարանից հսկիչ դրամարկղային մեքենա չի ստացել եւ այդ պատճառով էլ պարտք չունի գործարանին: Չնայած որ այս առթիվ ես քո պատվիրատուներից մեկին՝ Գ. Օսկանյանին գրածս նամակում հարկ եղածը արդեն հայտնել էի, բայց նա, ինչպես միշտ չունենալով համարձակությունը գրածիս հակազդելու, ստիպված քո՝ սրտխառնուք առաջացնող ստերին է ապավինել: Թե ընկերությունն ինձ ու տիկնոջս ինչքան է պարտք, որն էլ պարտադիր կվճարի, մոտ օրերս կլսես: Էլի ի, զուր ես ստել, որովհետեւ ես, Արաբական Միացյալ Էմիրություններ գործուղվել եմ ոչ թե Կայծակ Զեյթլյանի, այլ Ջանիկ Օսկանյանի խնդրանքով, եւ կատարել եմ այն, ինչ իրենց կողմից նշանակված տնօրենը (անօրենը, ինչպես «Ջերմուկ» գործարանում սիրում են ասել) ի պաշտոնե պարտավոր լինելով՝ չէր կատարում: Կատարված բոլոր ծախսերի ամբողջ փաթեթը կից փաստաթղթերով դեռ առկա են ինձ մոտ, եւ որոնք էլ, դարձյալ ի դժբախտություն քեզ, քո գրածների սուտ լինելն են ապացուցում, այսինքն՝ ես Դուբայում եղած մեկ շաբաթում ծախսել եմ միայն հինգ հարյուր դոլար: Այս մեկն էլ եղա՞վ: Գրությունս ոչ թե քո, այլ «Բելգիայից հայտնի բարերար Ջանիկ Օսկանյանի» ոչ թե գրած նամակից, այլ փաստացի արածից մի հատված պատմելով եմ ավարտում: 12.06.2000թ. Ջանիկ Օսկանյանն իր որդու՝ Գ. Օսկանյանի եւ Կայծակ Զեյթլյանի հետ՝ իր իսկ ամիսներ տեւած խնդրանքի արդյունքում ՀՀ նախագահ Ռ.Քոչարյանին էր այցելել: Հանդիպման ընթացքին նախագահին հանձնվեց իր ստորագրությունը կրող երկէջանի մի նամակ եւ անգլերեն լեզվով, իր որդու կողմից գրված լայնածավալ մի գրքույկ, որտեղ գրված էին ձեր գրածները ամբողջովին հերքող, իսկ իմ գրածները հաստատող անվիճարկելի փաստեր: Նա բողոքելով որոշ մարդկանցից՝ նախագահին աղաչում էր նրանց խստորեն պատժել՝ հանուն արդարության…: Նախագահը իր բարձրության վրա մնաց եւ, ընդառաջելով խնդրանքին, արդար գործողություններ կատարվեցին: 16.06.2000թ., ուղիղ չորս օր հետո, Ջանիկ Օսկանյանն իր բողոքարկած մարդկանցից պատկառելի գումար ստացավ, եւ իր պահանջած արդարությունը դադարեց գոյություն ունենալուց: Մի ժամում հանկարծ համր դարձավ՝ իր որդուն էլ հորդորելով նույնն անել: Նա անշուշտ չէր գիտակցում, որ փողի դիմաց նախ եւ առաջ իր պատիվն արժեզրկեց, բայց որ շատ ավելի կարեւոր է՝ Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնի վարկի հետ խաղաց: Եվ կարծես պատվախնդիր հայ մարդու համար վիրավորանքը հերիք չէր, մի անգամ եւս կերպարանափոխվեց, նույն տարվա դեկտեմբեր ամսին, Հանրային հեռուստատեսությամբ ցուցադրված հատուկ պատվիրված հաղորդման ընթացքին, վերստին կրկնեց նույն բաները, ինչ ՀՀ նախագահին էր ասել հունիսին: Կարծելով, որ իրոք մեկնաբանություններն ավելորդ են, այնուամենայնիվ, Ջանիկ Օսկանյանի կողմից գրված, բայց իմ սրտով ասված խոսքերը վերհիշեցնեմ ընթերցողին. «Հայրենասիրությունը պարապ խոսք չէ, որ իր եւ ձեր նմանները չեն հոգնում անընդհատ իրենց վերագրել, դա գործ է, որն արվում է ի նպաստ Հայրենիքի բարգավաճման եւ ոչ թե սեփական շահերի»: Նայած, անշուշտ, թե ասվածը մարդու Ջանիկ տեսակի համար ինչ նշանակություն ու արժեք է ներկայացրել, վերեւում բերված փաստը ձեզ ակնհայտ օրինակ չէ՞: Ախր, իմ գրության ամենասկիզբից ի վեր սիրտս բաբախում էր ու ինձ հազիվ զսպում էի չգրելու համար, որ «Նմանն զնմանին գտանէ»՝ կարծես ձեզ համար ասված լիներ: ՍԱՐԳԻՍ ՀԱՑՊԱՆԵԱՆ Հայ մարդ, որի իրավունակությունը ծագել է նրա ծննդյան պահին եւ դադարելու է մահվամբ, ու դեռ միամտորեն հույս է փայփայում, որ դա կլինի բնական մահով Երեւան, 01.04.2002թ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել