Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԵՐԿՈՒՇԱԲԹԻՆ՝ ԻՋԵՑՎԱԾ ՍԱԿԱԳՆԵՐՈՎ

Ապրիլ 13,2002 00:00

ԵՐԿՈՒՇԱԲԹԻՆ՝ ԻՋԵՑՎԱԾ ՍԱԿԱԳՆԵՐՈՎ ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Անդրանիկ Մանուկյանը երեկ մամուլի ասուլիսում տեղեկացրեց, որ ապրիլի 15-ից բա-ժանորդները կօգտվեն տեղական եւ միջքաղաքային հեռահաղորդակցության ծառայությունների օրեր առաջ հայտարարված իջեցված սակագներից։ Միանգամից կանխելով լրագրողների տրամաբանական հարցը եւ փարատելով բոլորի զարմանքը, նախարարը հայտարարեց, որ «ԱրմենՏելն» այդ քայլին գնացել է հանուն նրա, որ «Հայաստանի սոցիալական ծանր վիճակում գտնվող բնակչության հոգսերը թեթեւանան»։ Նա հատկապես հավելեց, որ հարցի լուծման համար կա նաեւ իր ղեկավարած նախարարության լուման։ Ի փոխհատուցումն, դրական լուծում է ստացել «ԱրմենՏելի» խնդրանքը, որով, ըստ նախարարի, «մի փոքր» բարձրացվել է ԱՊՀ երկրների գործող հեռախոսակապի վճարը։ Ի դեպ, համաձայն պայմանավորվածության, նախարարի կարծիքով, «ԱրմենՏելի» «մեծահոգության» արդյունքում այսուհետեւ աղետի գոտում հեռախոսի վերատեղադրման ծառայության համար կկիրառվի 500 դրամ սակագինը։ Մարզերում լարային ռադիոյի սպասարկման ապահովումը երկարացվել է մինչեւ սույն թվի սեպտեմբերը, իսկ մինչ այդ փորձ կարվի հարցին վերջնական լուծում տալ։ Չի բացառվում նաեւ, որ «ԱրմենՏելի» հերթական «մեծահոգության» արդյունքում հունիսի 1-ից աբոնենտային 900 դրամ վարձի փոխարեն գործի 750 դրամ սակագինը։ Այս ամենից հետո պարոն Մանուկյանը հաստատակամորեն պնդեց, որ այս սակագների իջեցումը չի ենթադրում, թե ինքը հրաժարվում է իր այն մտքից, որ ոլորտում մենաշնորհին պետք է փոխարինի ազատ մրցակցությունը, իհարկե՝ «դա պետք է լինի օրենքի սահմաններում»։ «ԱրմենՏելի» գործադիր տնօրենի տեղակալ Գ. Վասիլյակիսն էլ իր հերթին պիոներական կեցվածքով ազնիվ խոսք տվեց, որ «ԱրմենՏելը» կանի «բոլոր անհրաժեշտ ներդրումները, որ Հայաստանում կապի որակը լավանա»։ ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել