Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Դառը հաց

Ապրիլ 13,2002 00:00

Դառը հաց Ամեն օր վեր եմ կենում, շորերս հագնում ու մտածում եմ, որ գործի եմ գնում. էդ մտքից շատ եմ ուրախանում։ Հարեւաններիս էլ ասել եմ, որ ունեմ «ստաբիլ աշխատավարձ»։ Իսկ նրա՛ «գործը» ողորմություն հավաքելն է։ 57 տարեկան է, հնամաշ ժակետով, կիսասպիտակ մազերով, կնճռոտ դեմքով ու կոշտացած ձայնով։ Չնայած ընկճված տեսքին, խոսելիս ժպտում է. – Մեծ տղաս անցյալ տարի է մահացել, թողել է երեք փոքրիկներ, հարսս թողել-գնացել է։ Աշխատանք ճարելու վերջին հույսս էլ որ կորցրի՝ մտածեցի, որ մարդկանցից փող խնդրեմ։ Իսկ երբ առաջին անգամ դուռ պիտի ծեծեի՝ երկար ժամանակ ձեռքս օդում պահել էի. ռիսկ չէի անում։ Մտածում էի՝ «բա որ ծանոթ մարդի՞կ դուրս գան…»։ Էդպես գնացի մեր թաղից հեռու։ Երբ պատմում է իր «աշխատավարձի» մասին, աչքերի անկյուններով ժպտում է, իսկ դեմքը լուսավորվում է. – Փողը ծախսում եմ հացի, ձեթի, շաքարի, բրնձի, մակարոնի վրա։ Մեկ-մեկ ինչ-որ քաղցր բան եմ առնում ամենափոքր թոռիս, որովհետեւ ամեն իրիկուն առաջ է վազում ու «կակա» ուզում։ Ցրտերին ինչ էի անո՞ւմ… Ի՞նչ պիտի անեի, պլիտա չէի միացնում, որ «լուսի փող» չտայի, հարեւանից տաք ջուր էի բերում, լցնում պլաստմասի շշերի մեջ ու տաքանում էինք։ Որ ճիշտն ասեմ՝ տունը դրսից ցուրտ էր… Լենա Միլիտոսյանի տունն իսկապես ցուրտ էր։ Դա Անաստասավանում սեփական տան առաջին հարկում մի սենյակ էր, որ տվել են ծանոթները՝ մինչեւ գարուն «յոլա գնալու» համար։ Սենյակում լույսը վառվում էր, բայց մեկ է՝ դրանից սենյակը չէր լուսավորվում… – Թաղապետարան շատ եմ գնացել, բայց ամեն անգամ ասում են՝ տեղում չի, մեկ թաղում է գնացել, մեկ՝ հուղարկավորության, մի անգամ էլ ասին՝ հոգեհանգստի (Աջափնյակ թաղամաս)։ Էլ չեմ գնում, իսկ մի 2 շաբաթ առաջ, գիտե՞ս, մի հարուստ մարդ ու կին ինչքան տվին՝ հիսուն դոլար… Նրա ձեռքի տոպրակի մեջ ոչ թե ուտելիք էր (որ լինում է նման դեպքերում), այլ՝ մահացած տղայի մահվան փաստաթղթերը, որոնք նա պատրաստ է ներկայացնել ամեն վայրկյան՝ որեւէ հետաքրքրված եւ ուշադիր մարդու։ – Շատ բան չեմ ուզում, եղանակները շուտ տաքանան (փոքր թոռս շատ մրսկան է)։ Հետոյի մասին ես հարցնո՞ւմ, հետո… էս տղա թոռներս ո՞ւմ համար են, հայ ազգիս համար չե՞ն, կգնան բանակ, ետ կգան, լավ հայկական ընտանիք կստեղծեն, բա աղջի՞կ թոռս՝ իսկական հայի համապատասխան է՝ խելոք ու համեստ։ Զրուցելուց հետո Լենա տատը հաց ու թեյ հյուրասիրեց։ Հացը՝ համով, բայց մի տեսակ դառը։ ՄԱՐԻՆԵ ԴՈԽՈԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել