Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԱՂՔԱՏՈՒԹՅԱՆ ԿՐՃԱՏՈ՞ՒՄ, ԹԵ՞ ԽՈՐԱՑՈՒՄ

Ապրիլ 13,2002 00:00

ԱՂՔԱՏՈՒԹՅԱՆ ԿՐՃԱՏՈ՞ՒՄ, ԹԵ՞ ԽՈՐԱՑՈՒՄ Համատարած այս աղքատության մեջ շատ ծանր ու դժվարին առաքելություն է բաժին հասել սոցիալական աշխատողին: Գրեթե ամեն օր աշխատասենյակիդ դուռը բացում են արդեն բոլորովին հուսահատված, զայրացած, ուժասպառ քաղաքացիներ, որոնցից ոմանք լացակումած խնդրում են օգնել, մյուսները սպառնում ու անիծում են, շատերը կորցնելով վերջին հույսն ու ինքնատիրապետումը՝ հայհոյում այս պետությանն էլ, նպաստ ստեղծողին էլ, տվողին էլ: Աղքատներ շատ կան, պետք է փնտրել ու գտնել աղքատից աղքատին, անսխալ ճշտել հասցեականությունը եւ նպաստը հասցնել նրանց, ում համար այն հանապազօրյա հաց հայթայթելու միակ միջոցն է: Գիտակցելով, որ դու պետական աշխատող ես եւ պետք է պետական մտածողություն ունենաս, պետական մոտեցում ցուցաբերես քաղաքացու հանդեպ, փորձում ես պետական աշխատողի տեսանկյունից մոտենալ խնդրին: Սակայն համակարգն այնպիսին է, որ ցանկանալով եւ քաղաքացու համար անելանելի վիճակից ելք չգտնելով, նրա հետ միասին տառապում ես, զայրանում ու մոլեգնում, թե ինչպե՞ս, ի՞նչ մեթոդներով ու բանաձեւերով պետք է գտնես անապահովին ու նպաստառուին: Ինչպե՞ս հասկացնես 35.99 կամ 36.00 անապահովության միավոր ունեցող ընտանիքին, որ նրա նպաստ ստանալուն պակասում է ընդամենը 0.02 կամ 0.01 հարյուրերորդական միավոր, որ այդ չնչին, բայց ամենազոր հարյուրերորդականը իրեն համարում է կարիքավոր առանց նպաստի, իսկ 36.01 միավոր ունեցողին դարձնում կարիքավոր նպաստառու: Ինչպե՞ս բացատրես նույն պայմաններում ապրող, նույն սոցիալական խմբեր ունեցող երկու տարբեր ընտանիքներից մեկին, որ մյուս ընտանիքում պարզապես երկրորդ կարգի հաշմանդամի կարգավիճակ գնած անձ կա, որը ավելի առողջ է, քան մյուս ընտանիքի ցանկացած անդամ, եւ հենց այդ երկրորդ կարգի պատճառով էլ նրա ընտանիքը նպաստ է ստանում: Երկուսն էլ կարիքավոր են, ընտանիքում աշխատող չկա, երեխաները փոքր են, ոչ մի եկամուտ չունեն, բայց մեկն ստանում է, մյուսը՝ ոչ: Այս դեպքում արդեն պետական մտածողությունը պղպջակի նման հօդս է ցնդում մարդկային խղճի առաջ: Կամ՝ նույնանման երկու ընտանիքներից մեկը նպաստ ստանում է, որովհետեւ նրա անդամներից մեկը ունի գործազուրկի կարգավիճակ, իսկ մյուսի աշխատանք չունենալը հանդիսանում է ոչ թե գործազուրկի կարգավիճակ, այլ՝ չզբաղվածի, որոնց տարբերությունը նման է սովածի ու քաղցածի տարբերությանը: Պետական մտածողություն ունենալ չես կարող, երբ միայն նպաստով ապրող ընտանիքի մայրը, հերթական ամսվա նպաստը չստանալով, անհանգստացած դիմում է սոցծառայության կենտրոն, եւ դու ստիպված ես նրան բացատրել, որ իր երեխան դարձել է երկու տարեկան: Նրա զարմացած ու լացակումած հարցին, թե մի՞թե երկու տարեկան դառնալուց հետո այդ երեխայի սնունդն ու հագուստը շատ ավելի թանկ չեն, քան մինչ այդ, դու պատասխանում ես, որ մայրն արդեն կարող է աշխատել եւ այդ ծախսերն ինքը հոգալ: Պատասխանում ես պետական աշխատողի կեցվածք ընդունելով, սակայն շատ լավ հասկանալով, որ նա ոչ մի տեղ էլ չի կարող աշխատել եւ երբեք էլ այդ ծախսերը ինքը հոգալ չի կարող: Սառնասրտորեն պատասխանում ես, որ ոչինչ անել չես կարող, որովհետեւ նրա ընտանիքի անապահովության միավորը իջել է սահմանայինից: Նա այդ ամենից ոչինչ չի հասկանում, պարզապես փորձում է բացատրել ու հասկացնել, որ այդ ամիս արդեն հաց թխելու ալյուր այլեւս չունի, որ սպասում էր նպաստին, որն էլ անխղճորեն «կտրել» են: Գրեթե նույնանման զրույց է տեղի ունենում նաեւ նրանց հետ, ում ընտանիքում երեխան դառնում է տասնվեց տարեկան, իսկ հետո՝ չափահաս: Պատասխանը այսպիսին է. ձեր երեխան դարձել է տասնվեց տարեկան եւ արդեն համարվում է աշխատունակ, կարող է աշխատել եւ օգնել ընտանիքին: Գիտես, որ դա այդպես չէ, դա ճիշտ չէ, որ դա ճիշտ կարող էր լինել այն պետության մեջ, որտեղ այսպես համատարած գործազրկություն չկա: Սակայն այդպես ես պատասխանում, որովհետեւ պետական աշխատող ես այնպիսի պետության մեջ, որտեղ աղքատությունը չափում են բանաձեւով, որը գոյանում է շատ հաճախ կեղծ ու գնված տեղեկանքների հիման վրա, եւ որոնց շնորհիվ նպաստառու դառնում են, այսպես կոչված, «աչքաբաց» մարդիկ, իսկ իրական, խեղճուկրակ աղքատներն այդպես էլ մնում են նպաստից զուրկ: Քաղաքացու հետ հանդիպման ժամանակ աշխատում ես հավասարակշռված ու բարեհամբույր լինել, համբերատար ու քաղաքավարի բացատրել ու հանգստացնել, հասկանում ես, որ լավ օրից չէ նա դիմել քեզ. հնարավոր է՝ նա մեծ ճիգ ու ջանք է թափում հանգիստ ու արժանապատիվ կեցվածք պահելու համար: Գիտես, որ հացի խնդիրն է նրան քո աշխատասենյակ հասցրել: Բայց հաճախ եւ այցելուն է ափերից դուրս գալիս, եւ դու այլեւս չես կարողանում պահել սառնասրտությունդ: Ի՞նչ պատասխանես երիտասարդ, ուժով ու եռանդով լեցուն, սակայն կարիքի ու հոգսի տակ կքած տղամարդուն, որ վերջապես վճռել է դիմել քեզ, իսկ դու բացատրում ես, որ ոչնչով չես կարող ընդառաջել, որովհետեւ երեխաներն արդեն չափահաս են եւ աշխատունակ: – Իսկ դուք կարծում եք, որ եթե ես կամ իմ երեխաները աշխատանք ունենայինք, աշխատանքի տեղ լիներ, ես կդիմեի՞ ձեզ : Ես թքել եմ ձեր տված նպաստի վրա, ինձ աշխատանք տվեք՝ ամենածանրը, ես կաշխատեմ եւ մի քանի ընտանիք էլ իմի հետ կպահեմ: Ամբողջ ազգին մուրացկան դարձրիք, մուրալ սովորեցրիք, էս ու՞ր եք գնում: Ծերին նորմալ թոշակ տվեք, հաշմանդամին հաշմվածության գումար, երեխային՝ երեխայի փող, ծնողազուրկին՝ ծնողազրկության նպաստ, զոհվածի ընտանիքին՝ նրա արյան գինը: Նպա՞ստս որն է, քանի՞ միլիարդ եք բաժանում որպես նպաստ, դրանով աշխատատեղ ստեղծեք, որ ես, երկու մետրանոց բոյիցս ամաչելով, չգամ եւ ափս պարզեմ ձեզ, նպաստ խնդրեմ: Լսում ես եւ գիտես, որ քո մեջ նա տեսնում է պետության իշխանավորին, պետական պաշտոնյային, պետությանը: Նրա կռիվը պետության հետ է, իշխանությունների հետ է, օրենք ու օրինականություն ստեղծողի հետ է: Լսում ես, լուռ համաձայնում նրա ասածներին, ուզում ես ներողություն խնդրել, բայց ու՞մ փոխարեն, ինչի՞ համար, չէ՞ որ դու էլ գրեթե նրա վիճակում ես. առավելությունդ ընդամենը քո չնչին աշխատավարձով աշխատանքն է: Ուզում ես բարձրաձայնել, որ համաձայն ես նրա բերած փաստարկներին, ավելացնել, որ դեռ ավելին. կան նաեւ մարդիկ, ովքեր 5000 դրամ աշխատավարձով աշխատանք ունեն եւ հրաժարվում են աշխատանքից, որպեսզի 8200 դրամ նպաստ ստանան, մորթում են կովը եւ, կովի անկման մասին տեղեկանք ներկայացնելով, նպաստ ստանում, հրաժարվում վարելահողից, պարապ-սարապ թափառում՝ պարծենալով, թե նպաստ են «դասավորել»: Այդպես է, աղքատ ենք, գործազուրկ ենք, օգնության կարիք ունենք, ու քանի դեռ աշխատանք ու աշխատատեղ չկա, նպաստի հույսին ենք, իսկ քանի դեռ ամենաաղքատին գտնելու ճիշտ ձեւը չկա, նրանցից ոմանք պիտի նպաստ ստանան, մյուսները՝ ոչ. մանավանդ որ 4.5 միլիարդով կրճատվել է պետբյուջեից նպաստին հատկացվող գումարը: ՀՀ կառավարությունը աղքատության կրճատման ռազմավարական ծրագիր է մշակել: Սոցիալական ու տնտեսական ոլորտում ոչինչ չի փոխվել, մարդկանց կենսապայմաններում ոչ մի առաջխաղացում չկա, իսկ հանապազօրյա հաց գնելու նպաստը շատ ընտանիքների համար դադարեցվել է, մյուսների համար՝ կրճատվել: Նպաստառու ընտանիքների թիվն արհեստականորեն իջել է, որը կարող է աղքատության կրճատման պատրանք առաջացնել, սակայն պարզ ու հասարակ տրամաբանությամբ՝ սա ոչ թե աղքատության կրճատում է, այլ խորացում, որովհետեւ նպաստ համակարգից դուրս մնացած ընտանիքները ոչ թե դուրս են եկել աղքատության ճիրաններից, այլ ավելի են ընկղմվել դրա մեջ: Ա. ԳԵՎՈՐԳՅԱՆ Սոցիալական աշխատող

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել