Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Եվ քարավանը սին խոստումների

Ապրիլ 13,2002 00:00

Եվ քարավանը սին խոստումների Արգենտինահայ բարեկամներին այցելած մեկը ցնցված էր այդ երկրում տարածված դրամաշորթության, կաշառակերության եւ կազմակերպված հանցավորության մակարդակից։ Եգիպտոս շրջագայության մեկնած ծանոթս զարմացել էր այդ երկրի ոստիկանի պահվածքից. զբոսաշրջիկների ավտոբուսն անհարկի կանգնեցրել ու մի քանի պետությունների քաղաքացիների խմբից դոլարներ էր պահանջել։ Ամիսներ առաջ տեսանք, թե ինչ ընթացք ստացան իրադարձությունները Արգենտինայում. դարավոր պատմություն ունեցող Եգիպտոսում էլ կյանքը սպասվածին համարժեք չի բարելավվում։ Որտե՞ղ ենք մենք՝ դարավոր ու նորօրյա հայերս։ Ըստ Հայաստանում գործող միջազգային կառույցների ներկայացուցիչների, Հայաստանն ապագա ունեցող երկրների շարքում է։ Բայց ինչքան էլ տարօրինակ հնչի, հայերիս գերակշիռ մասը նվազագույն չափով իսկ չի զգում իր կյանքի դրական փոփոխությունը։ Ինչո՞ւ, որովհետեւ արմատավորվում է կուշտը սովածին մանր է բրդում սովորույթը։ Մեզ պետք են տեսանելի ժամանակահատվածում որոշակի փոփոխություններ, իսկ հրամցվում են հեռակա շրջանների անորոշ պատկերներ։ Հնարավոր չէ գեթ մի ոլորտ փաստել, ուր համաշխարհային հանրության վարկավորումներն ու օգնությունները հիմնարար արդյունքներ են ապահովել։ Ասենք, լսում ենք, որ հսկայական գումարներ են ծախսվում ճանապարհաշինության ուղղությամբ, սակայն կանոնավոր երթեւեկելի ոչ մի մայրուղի չունենք։ Առողջապահությունը տասնյակ միլիոնավոր դոլարներ է կլանում, որոնց արդյունքները հասու չեն հարյուր հազարավոր անառողջներին։ Մարդիկ անհանգիստ են էլեկտրաէներգիայի ոլորտի համար, որի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը վերջերս կտրուկ պատասխան չտվեց եկող տարի կվտ/ժ-ի սակագնի հնարավոր բարձրացման անհանգստության առումով։ Բնական է, որ այսքան բան տեսած հայ մարդիկ տարակուսում են հերթական գործընթացի կապակցությամբ։ Խոսքը բնակչության ջրամատակարարման բարելավման ուղղությամբ նախատեսվող ծրագրին է վերաբերում, միլիոնավոր դոլարներ նոր վարկին։ Սա հանրահայտ էլեկտրաէներգիան չէ, ուր ինչ էլ արվի, միեւնույն է, ծախսված էներգակիրների դիմաց պարտադրված պետք է վճարել։ Ջրի սպառման ծավալների չափման պարագայում կստացվի, որ մարդիկ այն հիմնավորապես խնայում են, լողանում ամիսը մեկ անգամ, լվացք գրեթե չեն անում։ Ինչ մնում է երաշտ տարիների գործոնին, այստեղ արդեն իշխանությունը որոշակի փորձ ունի, օգնություն կարելի է աղերսել անգամ Երկիր մոլորակի համայնավար պետություններից։ Արդյունքում ունենալու ենք նոր պարտքեր ու հերթական հուսալքումը համաշխարհային հանրությունից։ Որոշակի մակարդակներում տեղյակ են այսօրինակ գործընթացներին, սակայն նրանց անձնական շահագրգռությունները վեր են մի ողջ ժողովրդի ակնկալիքից։ Բանն այն է, որ տրվող այդ վարկերով են պայմանավորվում նրանց աշխատանքի արդյունքները, ստացվող տասնյակ հազարավոր դոլար աշխատավարձերը, վարձած ապարանքները, որոնց կնախանձեն անգամ արաբական էմիրները։ Եվ «ի՞նչ անել» հարցը շարունակում է ուղեկցել մեզ, մինչ… արգենտինյան դեպքերի կրկնությունը մեզանում։ Թե՝ տիրապետող կարող է լինել եգիպտացիների պես մեզ բնորոշ համբերատարությունը։ Բայց չէ՞ որ կան նաեւ այլ միջոցներ։ ԳԵՂԱՄ ՔՅՈՒՐՈՒՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել