Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«ԿՄՈՒԾՎԵՆ» ԸՍՏ ՈՒՆԵՑՎԱԾՔԻ

Ապրիլ 13,2002 00:00

«ԿՄՈՒԾՎԵՆ» ԸՍՏ ՈՒՆԵՑՎԱԾՔԻ Պետեկամուտների նախարար Երվանդ Զախարյանը երեկվա իր ասուլիսում անակնկալ մատուցեց հայաստանցի դղյակատերերին՝ հայտարարելով, որ շուտով կգործի, այսպես կոչված, հարուստների կամ շքեղության հարկ (օրենքի նախագիծ է պատրաստվում)։ Պարոն Զախարյանը սա հայտարարեց, պատասխանելով լրագրողներից մեկի այն հարցին, թե արդյոք այդ դղյակներն իրենց իրակա՞ն արժեքով են ձեւակերպված եւ թե արդյոք ըստ այդ արժեքի էլ վճարո՞ւմ են մասնավորապես գույքահարկը։ ՊԵ նախարարը ասաց. «Միանգամայն տեղին է հարցը։ Մեզ էլ է շատ անհանգստացնում։ Օրենքի նախագիծ ենք մշակում, ըստ որի, եթե մարդ կառուցում է 500000 դոլարանոց տուն, ապա պետք է բարի լինի այդ 500000 դոլարանոց տան համար վճարել այնքան, ինչքան պարտավոր է։ Նա պետք է ավելի շատ վճարի, քան սովորական առանձնատան (որը փոքր է) կամ բնակարանի տերերը։ Դրանից բացի, որոշակի մտադրություններ կան, որ շքեղ մեքենաների տերերը նույնպես ավելի շատ վճարեն, քան սովորական մեքենաների տերերը»։ Խեղճ նախկին տրեստի կառավարիչներն ի՞նչ են անելու, ասենք թե, ինչպես Ռոբերտ Քոչարյանն է ասում, ժամանակին շատ փող են ունեցել ու շքեղ առանձնատներ կառուցել, ասենք թե նույն տրամաբանությամբ 10 տարի առաջ 2000թ. արտադրության «Մերսեդես» են գնել, հիմա ինչպե՞ս իրենց սահմանափակ պետական աշխատավարձից այդքան գույքահարկ տան։ Ի դեպ, ի հակակշիռ նախագահի «ես նախկին տրեստի կառավարիչ չգիտեմ, որ մի քանի հարկանի տուն չունենա» արտահայտության, մի քանի օր առաջ «Առավոտի» խմբագրություն էր եկել մի նախկին տրեստի կառավարիչ, որը անգամ 1000 դրամ ի վիճակի չէր մուծել իր հայտարարությունը տպագրել տալու համար։ Իսկ պետական պաշտոնյաների գույքի եւ ունեցվածքի հայտարարագրերի հրապարակման ժամկետները համառորեն երկարաձգվում են։ Առայժմ ներկայացվել է ընդամենը 3600 հայտարարագիր, որոնք արդեն ուղարկվել են արդարադատության նախարարություն եւ սպասում են հաստատման։ Տվյալները կհրապարակվեն մինչեւ հունիսի մեկը։ Ե. Զախարյանը հայտնեց, որ անպայման համապատասխան տույժ կկիրառվի նրանց նկատմամբ, ովքեր ուշացրել են հայտարարագրերը։ «Առավոտի» հարցին ի պատասխան, թե ինչպես եք վերաբերվում հանրապետության նախագահի այն քննադատությանը, համաձայն որի՝ տարադրամի շուկայում դրամի փոխարժեքի կուրսի անկումը պայմանավորված է հարկային եւ մաքսային մարմինների ոչ ռիթմիկ աշխատանքով, պետեկամուտների նախարարն իր համաձայնությունը հայտնեց երկրի նախագահի հետ, չնայած, ակնհայտ է, որ սա պատճառների շարքում վերջին տեղերից մեկում է։ Բացի այդ, հարկ է նկատել, որ վերջին տարիներին միշտ էլ նույն ռիթմով են հավաքագրվել պետական եկամուտները, շատ լարված շրջաններ են եղել մուտքերի առումով, բայց երբեւէ պետբյուջեի մուտքերը նման վատ կամ ընդհանրապես որեւէ ակնհայտ ազդեցություն չեն ունեցել տարադրամի շուկայի վրա։ Հասկանալի չէ, թե ումից են ուզում թաքցնել իրական պատճառը՝ բանկային համակարգի վերջին զարգացումների անդրադարձը։ Ինչեւէ, Ե. Զախարյանի տեղեկատվությամբ, այսուհետ մուտքերի հավաքագրումը կապահովվի ըստ տասնօրյակների։ ՊԵ նախարարը համեստաբար իր վրա վերցրեց նաեւ, ըստ էության, մեկ այլ պետական գերատեսչության մեղքը։ Նա տեղին համարեց նաեւ նախագահի (աշխատակազմի) այն դիտողությունը, որ բացթողումներ կան խաղատների եւ կազինոների բիզնեսը ամբողջությամբ օրինական դաշտ բերելու գործում, որ «հարկային եւ մյուս նախարարությունները պետք է հետեւողական աշխատանք տանեին, իրոք, թերություններ, բացթողումներ կան»։ Հայտնի է, որ ՊԵ նախարարությունը հարկերի հավաքագրմամբ է զբաղվում, իսկ վերահսկողական լիազորությունները վերապահված են ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարությանը։ Ե. Զախարյանը պարզաբանեց, որ շատ դեպքերում խաղատներում հնարավոր է լինում հարկերից խուսափել՝ «այս խաղասեղանը չի աշխատում» պատճառաբանությամբ։ Այժմ, ըստ նախարարի, օրենքի պահանջի համաձայն, նման խաղասեղանները կամ պետք է ապամոնտաժվեն, կամ դրանց համար մյուսների նման հարկեր մուծվեն։ Չնայած արդեն հայտնի է, որ ՊԵ նախարարությունը բավականին լավ ցուցանիշներով է փակել եռամսյակը, բայց հարկ է նկատել, որ Երվանդ Զախարյանը մյուս նախարարներից տարբերվում է նրանով, որ համակարգի փրկությունն իր անձի պաշտոնավարման հետ չի կապում։ Այլ ավելի շատ խոսում է բացթողումներից ու անելիքներից։ ԱՐՄԻՆԵ ՈՒԴՈՒՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել