Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Անտեսանելի փոթորիկներ

Ապրիլ 13,2002 00:00

Անտեսանելի փոթորիկներ Վերջին ժամանակներս մեր առօրյայում ավելի ու ավելի հաճախ կարելի է լսել «մագնիսական փոթորիկ» հասկացության մասին: Վերջինս սովորաբար կապակցվում է ինքնազգացողության վատացման, աշխատունակության անկման, վարքի եւ հոգեվիճակի անհասկանալի դրսեւորման, հիվանդությունների սրացման եւ այլնի հետ: Իրականում ինչ է իրենից ներկայացնում մագնիսական փոթորիկը, ինչպես է այն առաջանում, ինչ ձեւով է ազդում մարդու օրգանիզմի վրա: Արեւային «պոռթկումների» երկրային արձագանքները Երկրային մագնիսական փոթորիկները հետեւանք են արեւի վրա տեղի ունեցող բարդ հելիոֆիզիկական ակտիվ պրոցեսների: Արեւի վրա պարբերաբար տեղի են ունենում գերհզոր ժայթքումներ, որի հետեւանքով շրջակա միջավայր են արտանետվում հսկայական քանակի գերակտիվ մասնիկներ /արեւային քամի/: Վերջիններս հասնելով երկրագնդի մագնիտոսֆերային, ուղղակի ազդեցություն են ունենում մեր մոլորակի մագնիսական դաշտի վրա, առաջ բերելով գեոմագնիսական ֆոնի կտրուկ փոփոխություն: Հենց այս երեւույթն է, որ կոչվում է մագնիսական փոթորիկ: Մագնիսական փոթորիկների ժամանակ էլեկտրամագնիսական դաշտի տատանումները կարող են գերազանցել սովորական ֆոնը մոտ 300000 անգամ: Երկրագնդի մագնիսական դաշտի տատանումները գրանցվում են հատուկ մագնիտոգրամմաների վրա եւ բաժանվում են 3 խմբի. 1-ին խումբ – Առաջ են գալիս միաժամանակ ամբողջ երկրագնդի մակերեւույթի վրա: 2-րդ խումբ – Լոկալ տատանումներ, որոնք սահմանափակվում են երկրագնդի որոշակի հատվածով: 3-րդ խումբ – Պերմանենտ տատանումներ, որոնք առաջանում են անընդհատ: Ըստ առաջացման արագության՝ տարբերում ենք հանկարծակի եւ աստիճանաբար սկսվող մագնիսական փոթորիկներ: Բժշկական տեսանկյունից խիստ վտանգավոր են մեծ հաճախականությամբ, հանկարծակի սկսվող մագնիսական փոթորիկները: Վերջինս կարող է պատճառ հանդիսանալ բազմաթիվ, հատկապես սիրտ-անոթային հիվանդությունների սրացման: Մագնիսական փոթորիկները կարող են խախտել արբանյակային նավիգացիոն համակարգերի աշխատանքը, խափանել ռադիո եւ հեռախոսային կապը եւ այլն: Այդ երեւույթի պատճառն այն է, որ մագնիսական փոթորիկների ժամանակ մթնոլորտում առաջանում են այսպես կոչված «պարազիտային էլեկտրական հոսանքներ», որոնք երբեմն կարող են հասնել այնպիսի ուժգնության, որ նույնիսկ ի վիճակի են շարքից հանելու էլեկտրահաղորդալարերը: Նավթա եւ գազատարների շուրջը ուղղորդված պարազիտային էլեկտրական հոսանքները կարող են առաջ բերել մագիստրալների ճեղքվածքի առաջացում՝ հետագա ողջ հետեւանքներով հանդերձ: Հզոր մագնիսական փոթորիկները կարող են խափանել համաշխարհային ինտերնետ ցանցի բնականոն աշխատանքը: Էլեկտրամագնիսական սմոգ – միջավայրի էլեկտրամագնիսական աղտոտում Այս երեւույթի առաջացումը վերջին տասնամյակների ընթացքում մարդու կողմից էլեկտրոմագնիսական տեխնոլոգիաների ինտենսիվ յուրացման եւ բուռն զարգացման արդյունք է: Բացի այդ, առաջ է եկել քաղաքակրթության մի նոր նոզոլոգիա՝ այսպես կոչված՝ «ռադիոալիքային» հիվանդություն: Վերջինիս առաջացման հիմնական նախապայմաններն են բջջային եւ ռադիոհեռախոսակապը, համակարգիչները եւ զանազան ռադիոապարատուրան: Ներկայումս պարզաբանված են մագնիսական դաշտի՝ օրգանիզմի վրա ներազդման մի քանի մեխանիզմներ, որոնցից նորագույնը մագնիսական փոթորիկների ազդեցությունն է օրգանիզմի այսպես կոչված մագնիտոռեցեպտորների վրա: Վերջիններս հանդիսանում են հատուկ մագնիսական ընկալիչներ, որոնց դրդումը կարող է օրգանիզմում առաջ բերել տարբեր օրգան-համակարգերի ֆունկցիոնալ տեղաշարժեր: Պարզվում է, որ մագնիսական դաշտի ազդեցության տակ օրգանիզմում կտրուկ բարձրանում է ադրենալինի քանակը, բարձրանում է զարկերակային ճնշումը եւ սրտի զարկերի հաճախականությունը: Հատկապես վտանգավոր է այն իրավիճակը, երբ մագնիսական դաշտի փոփոխությունը հանընկնում է մթնոլորտային ճնշման տատանման հետ, ընդ որում, երբ մագնիսական փոթորիկը զուգորդվում է բարձր մթնոլորտային ճնշմամբ, ապա խիստ մեծանում է ինսուլտի հավանականությունը, իսկ երբ այն համընկնում է ցածր մթնոլորտային ճնշման հետ՝ խիստ բարձրանում է ինֆարկտի հավանականությունը: Մագնիսական դաշտի ազդեցության տակ խիստ փոփոխվում է ԿՆՀ-ի ֆունկցիոնալ վիճակը, որը իր հերթին կարող է բերել զգայունության եւ կենտրոնացման թուլացման, թուլանում են նաեւ տեսողական եւ լսողական անալիզատորների ֆունկցիաները, առաջանում է նյարդային անհասկանալի գրգռված վիճակ՝ հետագա ողջ հետեւանքներով հանդերձ: Մագնիսական դաշտերի՝ օրգանիզմի վրա ունեցած ազդեցությունների մեխանիզմների առավել խոր ուսումնասիրումը կարող է զգալի լույս սփռել ինչպես բժշկությանն առայժմ անհայտ հիվանդությունների հիմնախնդրի լուծման առումով, այլ նաեւ հնարավորություն կտա զգալի կրճատել հիվանդացությունը եւ սոցիալ-կենցաղային տարբեր վթարներն ու կոնֆլիկտները: ՀԱՅԿ ԱՌԱՔԵԼՅԱՆ ՀՀ ԱՆ Կուրորտաբանության եւ Ֆիզիկական բժշկության գիտահետազոտական ինստիտուտի գլխավոր բժիշկ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել