Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԵՐԲ ՇԱՔԱՐԱՄԱՆԻՑ ՊԱԿԱՍԵՑ…

Ապրիլ 13,2002 00:00

ԵՐԲ ՇԱՔԱՐԱՄԱՆԻՑ ՊԱԿԱՍԵՑ… Դժվար է Նար-Դոսին հանճարեղ գրող որակել, բայց դասական է հաստատ, իսկ դասականները ունենում են դասական բնորոշումներ, որոնք կյանքի շատուշատ հանգամանքներում ճիշտ են ու բնութագրական: Հիշու՞մ եք, «Թե ինչ պատահեց հետո, երբ շաքարամանից պակասեց երկու կտոր շաքար» սրտաճմլիկ նովելը. պատմություն այն մասին՝ ինչպես դրոգապան Յագորը մի մուշտիով սպանում է կնոջը՝ Մայինին, որ համարձակվել էր երեխային կերակրելու կաթ ունենալու համար շաքարամանից երկու կտոր շաքար վերցնել ու թեյ խմել: Հազիվ թե Յագորը մարդասպան էր ու նպատակ ուներ որբացնել երեխաներին: Նա չի էլ հասկանում՝ ինչու՞մ են իրեն մեղադրում, երբ տվածը մի մուշտի էր… «Կոպիտ դար է, կոպիտ բարքեր»՝ պիտի ասեինք մենք՝ մեջբերելով մեկ այլ դասականի: Դարերի հերթագայությունը շարունակվում է, չի փոխվել ոչինչ, եւ ռոմանտիզմ էլ չկա: Դա արդեն մեր ողբերգությունն է: Արտաքին քաղաքականությունը միջպետական հարաբերությունների այն ոլորտն է, որ սովորաբար տնօրինում են երկրի նախագահները՝ որոշելով գերակայություններն ու գերակայությունների հաստատման մեխանիզմները: Այնուհանդերձ՝ արտաքին քաղաքականությունը սերտորեն առնչվում է ներքին քաղաքականությանը ու ցանկացած պետության համար հայելի է՝ տեսնելու իր պատկերն աշխարհի աչքում: Այդ հայելին այսօր տխուր պատկեր է ներկայացնում: Տխրությունը, իհարկե, քաղաքական կատեգորիա չէ: Հազիվ թե արժեր անդրադառնալ տխրությանը, եթե չվերաբերեր ամբողջ մի ժողովրդի ներկային ու ապագային: Չանդրադառնալով Հայաստանի ու այլ երկրների հարաբերությունների ամբողջ գունապնակին, քննարկենք հայ-ռուսական փոխհարաբերությունները: Օրհնված սհաթից, երբ ռսի օրհնած ոտը մտավ մեր երկիրը, անցել է համարյա երկու դար՝ դասական Խաչատուր Աբովյանին իր դասական դարձած ասույթի համար շնորհակալ լինելով՝ հիշենք, որ մինչեւ հիմա չգիտենք՝ ու՞ր անհետացավ նա՝ առավոտյան տնից դուրս գալով, բայց սա իմիջիայլոց: Իսկ ընդհանրապես, եթե հետեւենք ազգային բնավորությանն ու ավանդույթներին՝ պատմական անցյալի դեպքերին ու դեմքերին վերագրելով մեր ներկա վիճակը, պիտի հիշենք, որ Ռուսաստանը ոչ միշտ է, պաշտպանելով իր ազգային շահերը՝ պաշտպանել մեր ազգային շահերը: Ավանդույթը շարունակվում է: Հարավկովկասյան հանրապետություններից միայն Հայաստանին հռչակելով իր ռազմավարական դաշնակից (ի դեպ՝ Ռուսաստանի ռազմավարական դաշնակից են նաեւ Բելառուսը եւ Ուկրաինան)՝ Ռուսաստանը գործնականում իր զինվորական ներկայությունն է ապահովում դաշնակցի հողում՝ չմոռանալով պահպանման ծախսեր գանձել եւ պահանջել պետական պարտքը, որ Հայաստանի համար գուցե շատ մեծ, բայց Ռուսաստանի համար շատ փոքր գումար է նման համագործակցության առկայությամբ: Եվ որովհետեւ մեր շաքարամանում շաքար չկա, մեզ արտոնվեց շաքարամանը հանձնել, բայց8230 սկսվում է պատմության ամենահետաքրքիր մասը՝ ՌԴ նախագահը գույք պարտքի դիմաց գործընթացը բնորոշում է իբրեւ ՀՀ նախագահի անգերազանց խորամանկություն, որ ապահովում է մեծ ներդրումների անխափան հոսք իր երկիր: Այնուհանդերձ՝ հոսքն այդքան էլ անխափան չէ, որովհետեւ տարակարծություններ կան եւ Ռուսաստանում: Տարբեր պատճառներով այն, ինչ հմայում է դեռ ոչ վաղ անցյալում ՌԴ փոխվարչապետ Իլյա Կլեբանովին, ընդհանրապես դուր չի գալիս ՌԴ վարչապետ Միխայիլ Կասյանովին: Իսկ Հայաստան-Ռուսաստան միջկառավարական հանձնաժողովի համանախագահը հենց Իլյա Կլեբանովն է: Պարտքի դիմաց օտարվող գույքը կենտրոնացած է հինգ ձեռնարկություններում, որոնց նախնական աուդիտից, գույքագրումից ու վերագործարկմանն անհրաժեշտ ներդրումների շատ նախնական հաշվարկներից հետո ռուսական կողմն օրինական խնդիր է դնում երաշխիքներ տալ ներքաղաքական կայունության եւ ներդրումների ապահովության համար: Բացի այդ՝ ձեռնարկությունների ցանկի ընդլայնման, որ պատճառաբանվում է այդ ձեռնարկությունների աշխատանքն ապահովող ենթակառուցվածքների անհրաժեշտությամբ: Ավելացրած՝ Մեծամորի ատոմակայանի տրաստային կառավարման իրավունքը, որովհետեւ կառուցված է ռուսական նախագծերով, աշխատանքը դադարեցրել եւ վերագործարկել են ռուսները, հումքն ապահովում են ռուսները: Ատոմակայանի փակման եվրոպական պահանջներն էլ անհիմն են ու նշանակում են արդյունաբերության վերագործարկման, եղած ու չեղած տնտեսական աճերի խափանում, որովհետեւ ատոմակայանն ապահովում է էլեկտրաէներգիայի արտադրության 40 տոկոսը այսօր եւ ատոմակայանի աշխատանքի հաշվառումով են կազմված արդյունաբերության վերագործարկման ծրագրերը: Սա ուլտիմատում է: Ռազմավարական դաշնակցի: Հայաստանը Ռուսաստանին պետք է իբրեւ տարածք, ուր կարելի է սպառել ինքնարտահայտման այն հնարավորությունները, որ այլեւս չկան Վրաստանում ու Ադրբեջանում: Ռուսաստանում եւս կա կառավարման համակարգի եթե ոչ ճգնաժամ, ապա ներքին հակասությունների մեծ թնջուկ, որ քակել նախագահը չի ցանկանում, ինչպես Ալեքսանդր Մակեդոնացին՝ դամոկլյան սրով հատելով հանգույցը: ՌԴ կառավարության նախագահի մոտալուտ պաշտոնանակության լուրերը չափազանց երկար են շրջանառվում, որպեսզի անհիմն համարվեն, այնուհանդերձ՝ ՌԴ կենտրոնական բանկի նախագահն է հեռանում՝ մարդ, ում ֆինանսական աշխարհում Հերակլես են անվանում: ՌԴ Պետական Դուման իր բացակայությամբ փորձում է քննարկել նախագահ Գենադի Սելեզնյովին անվստահություն հայտնելու հարցը եւ նրան զրկում է խմբակցությունների ղեկավարներից կազմված խորհրդում ձայնի իրավունքից: ՌԴ Դաշնային ժողովի նախագահ Սերգեյ Միրոնովը համարյա թե ստանձնում է արտաքին գործերի նախարարի դերը՝ դառնալով ռուս-իսրայելյան, ռուս-պաղեստինյան հարաբերությունների բարոմետր: Մամուլում բացահայտորեն արտաքին գործերի նախարարի թեկնածուներ են առաջադրվում ու քննարկվում՝ Մարկելով, Ռագոզին, Յաստրժեմբսկի, Պրիխոդկո, Վերբիցկայա: Դե իսկ վարչապետի եւ իր նախկին տեղակալի հարաբերություններն այնքան «բարեկամական» են, որ հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի աշխատանքային բոլոր փաստաթղթերը անհետանում են կամ մեկի, կամ մյուսի դարակներում: Երբ եւ որտեղ իրար կգտնեն Հայաստանի տնտեսության մեջ արվելիք ներդրումները եւ հայ-ռուսական համատեղ ձեռնարկությունները, մնում է գուշակել: Իսկ թե Ռուսաստանի կառավարման համակարգում ինչ է տեղի ունենում ավելի ցածր մակարդակներում, քաղաքական-քրեական բեստսելերի նյութ է: Հայերինս ավելի հիշեցնում է տափակ անեկդոտ…8230 Ի՞նչ ենք ուզում հայերս: Ոչինչ: Սովորել ենք դրոգապան յագորներին արդարացնել: Եվ հետո՝ ավելի հեշտ է առանց շաքարամանի ու շաքարի: Քաղաքական անկախության հռչակումը պարտադիր չի դարձնում տնտեսական անկախությունը, որ առասպել է գերտերությունների համար էլ: Մենք ունենք մեր կոմպլեմենտար շաքարամանը, որը կորցնելուց հետո չենք էլ հիշի, որ մարդիկ երբեմն թեյը քաղցրացնում են, եւ դա օրգանիզմի կենսապահովման համար ինչ-որ նշանակություն ունի: Չնայած բանակցած-խոստացած-հաշվարկվածին՝ ռուսական ծավալուն ներդրումները չեն արվի Հայաստանում մինչեւ նախագահական ընտրությունները, որոնց արդյունքներն էլ պարզ կդարձնեն՝ ՌչՐՈ րՑՏՌՑ րՉպփ? Մենք այդ ընթացքում կհասցնենք մի տասն անգամ կողմնորոշվել ու ապակողմնորոշվել՝ «Կարեւորը մենք ենք ու Ամերիկա՞ն», թե՞ վտանգավոր է քնից արթնացնել մեծ արջին՝ մեկ էլ ու կատաղի, իսկ որ լավ մտածենք՝ կհիշենք, որ Ավստրիան էլ կար բացի Ամերիկան, այսինքն՝ Եվրոպան էլ կա: Դե որտեղի՞ց մեզ այդքան շատ շաքարաման… ԱՐԱՄ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել