Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչով են կահավորված նոր հյուրանոցները

Ապրիլ 13,2002 00:00

Ինչով են կահավորված նոր հյուրանոցները Հայաստանում ամեն ինչի՝ ներառյալ նաեւ տնտեսության վրա խիստ նկատելի է մոդայամոլության ազդեցությունը: 70-ականներին մոդա էր ընտանեկան գրադարան ունենալը, զավակներին ամեն գնով բարձրագույն կրթություն ապահովելը: Վերջին տարիներին մոդայիկ է սրճարան կամ հյուրանոց կառուցելը: Կառուցում են բոլոր օլիգարխները, կառուցում են որտեղ պատահի: Հատկապես անզուսպ է հյուրանոց կառուցելու կիրքը: «Բոն-բոն» հյուրանոցներ շինում են մերոնք ու այլք (օտարերկրացի ներդրողները): Դժվար է ասել՝ հյուրանոցներ շինում են երկիր ժամանող զբոսաշրջիկներին տեղավորելո՞ւ, թե՞ իշխանություններին հաճոյանալու մղումով: Անհամեմատ ավելի հեշտ է տնտեսական պաշտոնական վիճակագրությունից պարզել, թե ինչպես եւ ինչով են կահավորված մեր հյուրանոցները: Վիճակագրությունն արձանագրում է հետեւյալը. 1997թ. համեմատությամբ մինչեւ 2000թ. կահույքի, անկողնային պարագաների ներմուծումը պակասել է 35 տոկոսով: 1997թ. ներմուծվել են 9,5 մլն դոլարի կահույք եւ անկողնային պարագաներ: 2000-ին՝ 6,2 մլն դոլարի: Տեսականորեն կարելի է ենթադրել, որ հյուրանոցները կահավորվում են տեղական արտադրության կահույքով: Բայց նույն վիճակագրությունն արձանագրում է, որ նույն 97թ. համեմատ աթոռների եւ մահճակալների արտադրությունը կրճատվել է մի քանի անգամ: Փաստորեն, եթե հավատանք վիճակագրությանը, նորակառույց հյուրանոցները կահավորված չեն: Այդ շքեղ շենքերը դատարկ են: Չնայած, որ առողջ բանականությունը բացառում է նման փաստը եւ հուշում հնարավոր միակ տարբերակը: Կահույքի եւ ներմուծումը, եւ արտադրությունը անցել են տնտեսության չհաշվառվող՝ ստվերային հատված: Որովհետեւ հյուրանոցաշինությունը տնտեսության ֆավորիտային ոլորտ է: Ա. ԳԱԼՈՅԱՆ Հ. Գ. Շինարարությունն ընդհանրապես ֆավորիտային ոլորտ է: Հաջորդ հրապարակման մեջ կներկայացնենք շինանյութերի արտադրության վիճակագրությունը: www.hetq.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել