Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԻՐԵՆՑԻՑ ՀԵՏՈ՝ ԹԵԿՈՒԶ ՋՐՀԵՂԵՂ

Ապրիլ 13,2002 00:00

ԻՐԵՆՑԻՑ ՀԵՏՈ՝ ԹԵԿՈՒԶ ՋՐՀԵՂԵՂ 2001-ի դեկտեմբերի 17-ին «Զվարթնոց» օդանավակայանը 30 տարի ժամկետով կառավարման եւ առեւտրային օգտագործման տալու վերաբերյալ պայմանագիր է կնքվել մի կողմից՝ ՀՀ կառավարության՝ ի դեմս վարչապետ Անդրանիկ Մարգարյանի, մյուս կողմից՝ «Կորպորասիոն-Ամերիկա Ս.Ա» ընկերության միջեւ՝ ի դեմս վերջինիս տնօրենների խորհրդի նախագահ Էդվարդո Էրնեկյանի։ Սույն պայմանագիրը վավերացվել է նոտարի կողմից։ Պայմանագրի պարունակած մի քանի կետեր հատկապես ցնցող ու ապշեցնող են՝ իրավական տեսանկյունից տգետ, խուճուճ ու անհասկանալի ձեւակերպումներով։ Այսպես. պայմանագրի 6.2 կետում նշված է. «Եթե Կառավարչի գործերը գտնվում են լավ վիճակում, ապա Կառավարիչը հնարավորություն ունի իր բացառիկ հայեցողությամբ Տիրապետման առաջին եւ հետագա յուրաքանչյուր 5-ամյա ժամկետի ավարտից 6 ամիս առաջ լրացող օրվա դրությամբ անորոշ տեւողությամբ երկարաձգել Պայմանագիրը յուրաքանչյուր անգամ 5 տարի ժամկետով՝ սկսած 6.1 կետում մատնանշված ժամկետի եւ դրա յուրաքանչյուր երկարաձգման ավարտից»։ Կամ պայմանագրի 16.1 կետում արձանագրված է. «ՀՀ կառավարությունը ողջամիտ ժամկետում Օդանավակայանը շրջապատող հողամասերը մատչելի կդարձնի Կառավարչի համար, կախված նրանից, թե Կառավարիչն ինչն անհրաժեշտ կհամարի Օդանավակայանի ենթակառույցի պահպանման եւ կամ բարելավման համար։ Այդ նպատակի համար ՀՀ կառավարությունը կիրականացնի այն բոլոր վարչական եւ կամ դատական գործողությունները, որոնք կարող են անհրաժեշտ դառնալ իր բացառիկ պատասխանատվության համաձայն»։ Ինչ խոսք, կնքվող որեւէ պայմանագիր իր բովանդակությամբ ուղիղ համեմատական է կոնկրետ ոլորտի նկատմամբ իշխանությունների դրսեւորած վերաբերմունքին, նաեւ պայմանագիրն կնքող կողմերի մտավոր ու կրթական մակարդակին։ Բայց տվյալ դեպքում ամենագլխավորն ու ցավալին այն է, որ սույն պայմանագիրը իր անորոշ ու վերացական ձեւակերպումներով բազում սողանցքեր է թողնում կողմերի միջեւ՝ ըստ հայեցողության գործարքներ կնքելու եւ կամայական որոշումներ կայացնելու համար։ Ինչպես մյուս բոլոր դեպքերում, այս դեպքում եւս, պետական շահը ստորադաս նշանակություն ունի։ Մյուս կողմից՝ կնքված այս պայմանագիրը կարող է շատ ծանր նստել ապագա որեւէ կառավարության վրա։ Ն. Մ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել