ՈՒՐԱՑՈՒՄ՝ ՀԱՆՈՒՆ ԱՐԿԱԾԱԽՆԴՐՈՒԹՅԱՆ ՇԱՐՈՒՆԱԿՄԱՆ Եթե ապագայի պատմաբանի ձեռքի տակ որպես աղբյուր լիներ միայն վերջին չորս տարիների իշխանական մամուլը, ապա լուրջ խնդրի առաջ էր կանգնելու։ Նա դրանց միաձայն վկայությամբ 1992-94 թվականները արձա նագրելու էր որպես «ցրտի ու խավարի» կամ «էներգետիկ տեռորի» տարիներ։ Միաժամանակ բազմաթիվ տեղերում հանդիպելու էր Ադրբեջանի դեմ տարած փայլուն հաղթանակների, արյունով ազատագրված հողերի մասին վկայությունների։ Ու դժվարանալու էր որոշել, թե այդ ինչ անպատերազմ հաղթանակներ են, թե դրանք որ թվականներով պետք է թվագրել, Հայաստանը դրանց հետ կապ ունի, թե չունի, եթե չունի, ինչո՞ւ են հենց այստեղ խոսում «ոչ մի թիզ հող հետ չտալու» մասին եւ այլն։ Բայց ինչո՞ւ միայն իշխանամետ լրատվամիջոցներ։ Վերջիններիս կողմից «ՀՀՇամետ» համարվող մամուլում նույնպես այս տարիներին կարծես թե հազվադեպ են եղել հիշեցումները, որ հաղթանակները եւ ազատագրումները պատերազմի արդյունք են եղել, պատերազմն էլ հենց նույն այդ 1992-94 թվականներին է եղել։ Եվ դրա արդյունքների համար կուրծք ծեծողներն էլ այդ իրավունքը չէին ունենա, եթե Հայաստանը դրա հետ կապ չունենար։ Ուստի վերջերս «Առավոտում» հրապարակված «Ոչ թե ցրտի ու խավարի, այլ պատերազմի տարիներ» վերնագրով Վ. Մարտիրոսյանի հոդվածը այս թեմայով եթե ոչ միակը, ապա հազվադեպներից մեկն է ըստ էության, որին չի կարելի չարձագանքել եւ չլրացնել։ Հայաստանը պատերազմի դաշտում տվեց 5000 զոհ։ Հարցրեք զոհվածների այրի մնացած կանանց, որբ մնացած երեխաներին, որդեկորույս ծնողներին, մյուս հարազատներին՝ այդ թվականները նրանց համար «ցրտի ու խավարի՞», թե՞ պատերազմի տարիներ էին։ Հայաստանն այդ պատերազմում ունեցավ 15000 վիրավոր։ Հարցրեք հաշմանդամ դարձած այդ մարդկանց եւ նրանց ընտանիքների անդամներին, թե ինչ տարիներ էին նրանց համար 1992172 94 թվականները։ Հարցրեք վերջապես Հայաստանի՝ Ադրբեջանի հետ սահմանակից շրջաններում գտնվող բնակավայրերի հսկայական նյութական, նաեւ մարդկային կորուստներ ունեցած բնակիչներին, կրակի տակ հող մշակող, վերջում էլ բերքը հավաքել չկարողացած գյուղացուն, թե նրանց համար դրանք ի՞նչ տարիներ էին։ Այո, պատերազմը միայն Ղարաբաղում չէր, ռազմաճակատի գիծը ձգվում էր նաեւ Ադրբեջանի հետ Հայաստանի սահմանի ողջ երկայնքով, սահմանամերձ բնակավայրերը ամենօրյա գնդակոծության ու հրետակոծության տակ էին։ Իսկ ոչ սահմանակից մասերը ապրում էին իսկական թիկունքային կյանքով։ Գուցե պետք է հարցնել Ադրբեջանո՞ւմ, որը նույն այդ պատերազմում (ըստ իր պաշտոնական տվյալների) ունեցավ 30.000 զոհ եւ 90.000 վիրավոր։ Ուրեմն պատերազմն ուրացողները եւ «ցրտի ու խավարի տարիներ» ճղղացողները միայն մի բանի՝ «նախկիններին» մրոտելու համար, դրանով նաեւ ուրանում են զոհաբերված կյանքերը, թափված արյունը, կրած զրկանքները, վիրավորում այրիներին, որդեկորույսներին, որբերին, պատերազմի հաշմանդամներին, տասնյակ ու հարյուր հազարավոր մարդկանց, փաստորեն՝ ողջ ժողովրդին, վիրավորում ամենավերջին ստահակի նման։ Դժվար է սա անգամ անբարոյականություն կոչել, այսպես չեն վարվում նույնիսկ անբարոյականների զավակները, այդպես չեն վարվում ամենավերջին պոռնիկները։ Այո, Լեռնային Ղարաբաղը եւ նրա հարակից շրջանները ադրբեջանցիները թողեցին ո՛չ ՀՅԴ բյուրոյի որոշմամբ, ո՛չ նրա «դեպի երկիր» ամպագոռգոռ կոչից, ոչ էլ այդ կոչով Ղարաբաղ եկած 2 (երկու) դաշնակից վախենալով։ Դա Հայաստանի եւ Ղարաբաղի մղած պատերազմի, հաղթական պատերազմի, դաժան պատերազմի, պատերազմական արվեստի տեսակետից եզակի պատերազմի արդյունք էր։ Դա նվազագույն ռեսուրսներ ունեցող երկրի ճշգրիտ գնահատված հնարավորությունների, դրանց արդյունավետ օգտագործման, ռազմական, դիվանագիտական ասպարեզների անսխալ ներդաշնակման եւ քաղաքական խիզախումի արդյունք էր։ Որպես այդպիսին՝ այն ոչ թե պատմության, այլ համապատասխան գիտության դասագրքերի մեջ մտնելու է արժանի։ Այո, Հայաստանը պատերազմ չէր հայտարարել պաշտոնապես։ Ավելին, պաշտոնապես պնդում էր, որ ինքը պատերազմին չի մասնակցում։ Գուցե այսօր էլ դեռ շատ բան չի կարելի բարձրաձայն ասել, բայց հայտնի է, չէ՞, որ Ղարաբաղի 10.000 կռվողների կողքին ամենաքիչը 15.000172ը կռվում էին Հայաստանից։ Կռվում էին նախ կամավորները, իսկ հետո նաեւ Հայաստանի կանոնավոր բանակը։ Չէ՞ որ այս ամենը գիտեն հրամանատարներից սկսած մինչեւ շարքային զինվորը։ Գիտեն, որ չորս ռազմաճակատներից 3-ում կռվողները Հայաստանից էին։ Ինչո՞ւ չեն տեր կանգնում իրենց պատերազմին։ Նույն այսօրվա «ցրտի ու խավարի տարիների» տեսաբանները այն ժամանակ էլ պահանջում էին պատերազմ հայտարարել պաշտոնապես։ Շատ լավ իմանալով, այո, շատ լավ իմանալով, որ դա մեզ համար կավարտվի ստույգ պարտությամբ եւ Ղարաբաղի վերջնական կորստով։ Նույն խնդիրն ուներ նաեւ Ադրբեջանի դիվանագիտական եւ քարոզչական ողջ մեքենան, փորձում էր համոզել աշխարհին, որ միջազգայնորեն ճանաչված իր սահմանների ներսում կռվում է Հայաստանը։ Եթե նրան էլ հաջողվեր դրանում համոզել աշխարհին, դարձյալ կստացվեր նույն արդյունքը։ Այսինքն՝ երկուսն էլ նույն խնդիրն ունեին, որը լուծելով՝ մեկը կտիրեր իշխանության, մյուսը՝ Ղարաբաղին։ Անհավատալի է թվում։ Բայց այդպես է եղել։ Նման անհավատալի բաներ շատ կան։ Օրինակ, դեռ 1990թ. սեպտեմբերին Հայաստանը, ԽՍՀՄ հանրապետությունների մեջ առաջինը եւ երկար ժամանակ միակը, ի դեմս 1500 անձնակազմով Հատուկ գնդի՝ ուներ իր օրինական բանակը՝ օրինական զենքով ու հանդերձանքով։ Ոչ թե որովհետեւ Մոսկվայում ՀՀՇ-ական իշխանությանը շատ էին սիրում։ Իսկ այստեղ դեռ երկու տարի «սպարապետության» ու «ազգային բանակի» որոշում-թուղթն էին ուզում՝ մեղադրելով այդ բանակի ապահով հիմքը վաղուց դրած «ապազգային» Լեւոն Տեր-Պետրոսյանին։ Մի այլ օրինակ՝ նույն այդ ուժերի համար Լեւոն Տեր172Պետրոսյանը «պարտվողական» է եղել եւ «ծախել է Ղարաբաղը» եւ 1990-ին, եւ 91172 ին, եւ Շուշին ազատագրելիս, եւ Լաչինը բացելիս, եւ հարակից շրջանները ազատագրելիս, եւ հրադադար հաստատելիս, միշտ։ «Պարտվողական» էր 1997-ին, երբ Լեռնային Ղարաբաղը նրա պաշտպանած ծրագրով կարող էր լիակատար փաստական անկախության ունենալ ինքնիշխանության տասն անգամ ավելի մեծ իրավունքներով, քան Հայաստանը ԽԱՀՄ կազմում, ու դրա հետ մեկտեղ նաեւ անվտանգության այնպիսի երաշխիքներ, ինչպիսին չէր ունեցել վերջին 1500 տարում։ Դա նույն այդ պատերազմի արդյունքն էր։ Ուրեմն ինչի՞ համար էր այս տարիներին իշխանական ուժերի եւ մամուլի քարոզչական շոուն «ցրտի ու խավարի» տարիների մասին։ Արդյո՞ք միայն ցուցադրելու համար «նախկինների» տնտեսական չարաշահումները։ Ամենեւին ոչ. քառամյա տքնանքն այս ուղղությամբ արդյունք չտվեց, եւ իրենց իսկ սպասարկող դատախազությունն ստիպված էր արձանագրել, որ ոչ մեկը «մազութ չի կերել»։ Իրական եւ շատ ավելի մեծ նպատակը մարդկանց հիշողությունից իրականությունը ջնջելն է՝ այն նենգափոխելու, վարագուրելու միջոցով։ Որովհետեւ այդ պատերազմում հաղթանակները «նախկինների» անվան հետ են կապվում, նրանց քաղաքական վաստակն է։ Որովհետեւ մեր քիմքը Ավարայրից ի վեր սովոր է եղել «բարոյական հաղթանակների», իսկ այդ տարիները հայ քաղաքական մտքի հարյուրամյա արկածախնդրության մերժումն է՝ ծանրակշիռ փաստով։ Արկածախնդրություն, որ կրկին այսօրվա իշխանության քաղաքական ուղեգիծն է։ ԱՐԱՄ ԲԱԳՐԱՏՅԱՆ