Լրահոս
Օրվա լրահոսը

ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ՎԵՐԱԴԱՌՆՈՒՄ Է8230

Ապրիլ 13,2002 00:00

ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ՎԵՐԱԴԱՌՆՈՒՄ Է8230 Ի պատասխան «Հայկական ժամանակի» խնդրանքի՝ մեկնաբանել վերջերս մամուլում հայտնված երկու իրարամերժ տեսակետները, այն է՝ «Լեւոն Տեր-Պետրոսյանը վերադառնում է մեծ քաղաքականություն» եւ «Լեւոն Տեր-Պետրոսյանը չի ծրագրում քաղաքականություն վերադառնալ, քանի որ զբաղվելու է գիտական գործունեությամբ», նախագահի նախկին մամլո խոսնակը՝ Լեւոն Զուրաբյանը հայտարարել էր, թե այդ երկու մոտեցումների մեջ հակասություն չի տեսնում: Ասել է, թե իշխանություններին եւ նրանց հարող քաղաքական ուժերին պատած խուճապն ու դողէրոցքը հիմնազուրկ չեն: Քոչարյանական լրատվամիջոցների «SOS», «SOS», «SOS» կոչնակի չլռող ահազանգն էլ յուրայիններին զորաշարժելու խնդիր ունի: Բայց զորաշարժ ընդդեն ինչի՞… Պատմական անխուսափելիությա՞ն: Փորձենք պատասխանել հարցին, թե ինչու՞ է Տեր-Պետրոսյանի վերադարձը մեծ քաղաքականություն՝ թվում գրեթե կանխորոշված: Ի դեպ, քոչարյանականների համար անհույս է փրփուրներից կառչելը, թե Տեր-Պետրոսյանին դեռ «ազգովին չեն խնդրում»: Ավելի գործնական կլինի մտահոգվել այն մասին, որ իրենց արդեն «ազգովին չեն հանդուրժում»: Անգամ մի կողմ թողնելով արժեքներ չճանաչելու պլեբեյականությունը, աննախադեպ մարդասպանություններն ու սնամեջ տնտեսական հրաշքները, ընդամենը մտորենք, թե Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավարության շրջանը ի՜նչ իմաստազուրկ շրջափուլ էր երկրի պետական շինարարության, կուսակցական դաշտի եւ արտաքին քաղաքականության համար: Պետական շինարարություն Ռոբերտ Քոչարյանի քառամյա պաշտոնավարությունը իբրեւ ՀՀ նախագահ, այնուամենայնիվ, դրական նշանակություն ունեցել է: Ոչ իհարկե Հայաստանի համար… այլ՝8230 գիտության: Չկարողանալով պետության դերը հասարակության կյանքում պատշաճ բովանդակությամբ իմաստավորել, Քոչարյանը ակամա Հայաստանը վերածեց փորձադաշտի, որտեղ պետական կառավարման համակարգը գործում է բովանդակազուրկ տեղապտույտներ: Թյուրիմացաբա՞ր, թե՞ սեփական մտահորիզոնից ելնելով՝ Քոչարյանը կառավարման նշանաբան դարձրեց Ամերիկայի Հիմնադիր հայրերի սիրելի գաղափարը, այն է՝ «Պետական կառավարման լավագույն ձեւը նվազագույն մասնակցությունն է հասարակական կյանքին», առանց հաշվի առնելու հանգամանքը, որ ինքը չի իշխում ավանդութային իրավունքի երկրում, այն էլ հարյուրամյակների պետականություն ընդօրինակած: Դեռ ավելին՝ այն աստիճան սխալ ժամանակ է սխալ տեղում հայտնվել, որ անձամբ պետք է պետության անվամբ եւ ուժով հասարակական կյանք կարգավորի: Իսկ դա, ի դժբախտություն Քոչարյանի, գիտակցելու, ոչ թե ընդօրինակելու միտք է պահանջում: Դեռ 16-17-րդ դարերում պետությունը բնորոշվել է «հասարակական դաշնագիր» (public agreement), ուր միավորված մարդիկ մասամբ զիջում են իրենց ազատություններն ու իրավունքները՝ անվտանգության երաշխիքների դիմաց: Ըստ էության պետության դերը նույնն է Շումերիայի հիմնադրումից մինչ այսօր, այն է՝ հասարակությունը կարգավորող մեխանիզմ։ Ցանկացած ռեժիմում, որպեսզի այդ մեխանիզմը ինքնանպատակ տեղապտույտներ չկատարի, հասարակության համար չվերածվի ավելորդության, եւ սահի դեպի ինքնաավերում՝ հարկավոր է բովանդակություն՝ գաղափարախոսություն եւ դոկտրիններ: Մինչդեռ Քոչարյանը երեւի նույնիսկ չի պատկերացնում, ինչպես են դոկտրիններ եւ ծրագրեր ստեղծվում, այլապես երկիրն ու կյանքը ուղղորդող(՜) իր թեզիսները չի շարադրի օդանավակայաններում կամ այստեղ-այնտեղ ժապավեն կտրելիս: Իմիջիայլոց, խորհրդարանում ներկա նախարարներից մեկի մասին զավեշտական պատմություն եմ լսել: Սույն նախարարը պաշտոնը ստանձնելուց հետո «ըստ հարկի» ձեռնամուխ է լինում կառուցվածքային փոփոխություններ իրականացնելու: Նույն այդ ընթացքում պարզվում է, որ վաղօրոք մշակված ժամանակացույցով պետք է խորհրդարան ներկայացնել ոլորտի ղեկավարման թե զարգացման հայեցակարգը: Եվ ի՞նչ եք կարծում, նախարարն ինչպե՞ս է վարվում: Նա խորհրդարան է հղում գրություն՝ մոտավորապես հետեւյալ բովանդակությամբ՝ քանի որ նախարարությունում ընթանում են կառուցվածքային փոփոխություններ, հայեցակարգը հնարավոր կլինի մշակել եւ ներկայացնել փոփոխություններն ավարտելուց հետո: հսՈոՏ? Նախարարական պորտֆել վերցրած սույն պարոնը չգիտե, որ նախ ծրագրում են, ապա իրականացնում: Նա մտածում է՝ ինչպես պատշաճ է գործավարին. եթե պարզ չէ կառուցվածքը, ինքը ու՞մ հանձնարարի հայեցակարգ մշակել: Սկզբում, երբ պատմեցին՝ երկար ծիծաղեցի: Հետո մտածեցի՝ ինչու՞ ծիծաղել, երբ երկրի նախագահն է արդեն չորս տարի նույնն անում: Ստորադասներին էլ ի՞նչ է մնում, եթե ոչ ընդօրինակել: Արդյունքում ունենք քառամյա տեղապտույտ առանց դյույզն-ինչ առաջընթացի։ Ո՛չ մարդու պաշտպանվածության եւ ժողովրդավարացման գործընթացում, ո՛չ տնտեսության մեջ, ո՛չ մշակույթի ասպարեզում, «ո՛չ ալ ազգային իղձերու իրագործման գետնին վրա», անցյալի իներցիոն շարունակությունից բացի տեղաշարժ չկա։ Ինչու՞: Լավագույն պատասխանը տվել է Մհեր Արշակյանը, դեռ 98-ին: Եթե Սալյերին հասկանում էր Մոցարտին, դա դեռ չի նշանակում, թե կարող էր Մոցարտ լինել: Իրականությունն այն է, որ Տեր172Պետրոսյանը հիմնադրում էր պետություն եւ նախ ստեղծելու էր կառույցներ։ Չնայելով պատերազմին եւ իր տոնած անհնարին հաղթանակին, նա նաեւ կամք եւ ուժ ունեցավ հասարակության ինստիտուցիոնալ կարգավորումը կատարելու՝ հասարակարգի տրանսֆորմացիա, ռեժիմ, իշխանակարգ, Սահմանադրություն, պետական կառավարման ապարատ, եւ այլն: Տեր172Պետրոսյանը հեռացավ՝ չհասցնելով ամբողջացնել պետական մեքենային բովանդակություն հաղորդող շղթան՝ գաղափարական հենք – ծրագրերի մշակում – որոշումների գործադրում: Քոչարյանի կրթական ցենզն ու ինտելեկտուալ մակարդակը հազիվ թե թույլ տար ավարտին հասցնել Տեր-Պետրոսյանի սկսածը։ Իսկ այն, որ ինքը հետահայաց հասկանում էր կամ չէր հասկանում Տեր172Պետրոսյանին, բոլորովին հիմք չէր հավակնելու հավասարվել Տեր172Պետրոսյանին։ Միեւնույն է՝ հավակնություններից չորսամյա պարապուրդ ու դատարկ տաշտակ մնաց։ Կուսակցական դաշտ Քոչարյանի ձախորդությունները սկսվեցին «Իմ կուսակցությունը իմ ժողովուրդն է» կարգախոսն առաջադրելուց։ Երեւի թե լավագույն զուգահեռը իսպանական մի ասույթ մեջբերելն է, որը սովորեցնում է. «Եթե բոլորը քո ընկերներն են, ուրեմն դու չունես ընկեր»։ Եթե ժողովուրդը քո կուսակցությունն է, ուրեմն չունես կուսակցություն։ Սովորաբար պարզունակ դատողություն ունեցողն է կարծում, թե ընտրել նշանակում է ընդունել, հետեւաբար, ինչ ինքը չի մերժում՝ ակամա ընտրում է։ Մինչդեռ, չմերժելու եւ ընտրելու միջեւ կա տարածություն։ Մերժվում է միայն այն, ինչն անընդունելի է։ Ընտրվում է միայն այն, ինչ համահունչ է սեփական նախասիրություններին եւ համոզմունքներին։ Կուսակցությունը անձի ընտրությունը եւ ինքնահաստատումն է քաղաքականության մեջ։ Բազմակուսակցության գործառույթը հասարակական տրամադրությունները առավելագույնս արտահայտելն է: Խորհրդարանի առաքելությունը, իբրեւ ժողովրդավարության պատվար՝ տարակարծիք դիրքորոշումների մեջ փոխըմբռնում եւ փոխզիջում հաստատելն է։ Եթե Քոչարյանը ժողովրդին հավաքագրում էր կուսակցության մեջ, ապա ո՞ւմ էր տեսնում ընդդիմախոս։ Թե՞ կարծում էր միայնակ կարող է եւ A լինել եւ B՝ գերազանցելով արիստոտելյան եւ պարադոքսալ մտածողության դպրոցները միաժամանակ։ Էյնշտեյնն է ասել, թե «Բոլոր մեծ հայտնագործությունները կատարում են անտեղյակները, որովհետեւ նրանք չգիտեն, որ դա չի կարող պատահել»: Քոչարյանի անտեղյակությունը փոքր172ինչ ավելին էր. այն ուղղակի հակասում էր քաղաքականության էությանն ու տրամաբանությանը։ Այլեւս չհիշենք, որ Քոչարյանը հասել էր իրեն կից քաղխորհուրդ ձեւավորելու, ինչը ինքնաբերաբար ստացվելու էր խորհրդարանի նմանակում։ Այդ ծաղրից ի վերջո հրաժարվեց, բայց իր պատկերացումները քաղաքականության, կուսակցությունների եւ սեփական առաքելության մասին կարծես չընդլայնվեցին։ Եվ այն, որ այսօր Հայաստանում ոչ թե երկու, երեք, այլ նույնիսկ մեկ կուսակցություն էլ չկա, որ հավակներ հասարակության 30-40%-ի դիրքորոշումներն արտահայտելու, Քոչարյանի «նվաճումն» է: Դարձյալ գիտությանը դիմելով՝ երկրի քաղաքական դաշտը մատնվեց դարվինյան «գոյության կռվի» եւ «բնական ընտրության» օրինաչափություններին, որովհետեւ սեփական պատկերացումներն ու ունակությունները կուսակցական շինարարության մեջ առանձնապես չեն գերազանցում կուսակցություն-ակումբի առաջնորդի արժեձողը: Քոչարյանի ձախորդությանը կարելի է ինչ-որ տեղ ըմբռնումով մոտենալ՝ ի՞նչ գաղափարախոսության վրա հենվելով եւ ի՞նչ գաղափարներ իրագործելու համար կուսակցություն հիմներ ինքը, երբ լիբերալ արժեքների՝ գոնե հասարակական ընկալման մեջ մարմնավորողն ու հեղինակությունը Տեր- Պետրոսյանն է: Հազիվ թե որեւէ մեկը Տեր-Պետրոսյանից բացի հաջողի աջ դոմինանտ ուժ ձեւավորել (Վազգեն Սարգսյանի ջանքերից մնացած «Հանրապետականը» իբրեւ ծաղրուծանակ իր փայփայած հավակնությունների, ասվածի հաստատումն է): Հասարակության շահը անհատի կամքից վեր դասելու կենսադիրքը, կամ բոլոր մարդկանց համար հնարավորությունների հավասարություն ապահովելու մտահոգությունը արդեն սոցիալիզմի գաղափարախոսության ոլորտից են, որ Հայաստանում նույնպես անձնավորված ընկալում ունի, այն էլ խարիզմատիկ առաջնորդի կերպարով՝ Դեմիրճյան: Սակայն ինչպիսին էլ լինեն բացատրությունները, առանց գաղափարախոսության եւ կուսակցության հնարավոր չէ ծրագրեր մշակել, էլ ուր մնաց գործադրել: Չորս տարի Էյնշտեյնի ասույթի ոգով Քոչարյանը փորձեց արատավոր շրջանը ճեղքել՝ երբ դասական կուսակցության չգոյությունը պարապ տեղապտույտի է վերածում պետական համակարգի գործունեությունը, չկարգավորված պետությունն էլ այլասերում է քաղաքական դաշտը: Իհարկե, ապարդյուն: Եվ իհարկե ելքը Քոչարյանի հեռանալն է: Արտաքին քաղաքականություն Արտաքին քաղաքական ոլորտում Տեր-Պետրոսյան – Քոչարյան դերակատարումների մասին գրվել է բազմիցս: Քանի դեռ Քոչարյանը չի հրապարակել Ղարաբաղյան հակամարտության կարգավորման՝ իր հավանությանն արժանացած ծրագիրը, ոչինչ նոր չի ասվի: Քոչարյանը ի վերջո ստորագրելու է բովանդակային առումով նույն փաթեթը, որ բանակցությունների սեղանին է դրվել 1997-ին: Սակայն երկիրը այսքան անորոշության ու զրկանքների մատնելու համար Քոչարյանը կապաշխարի՞: Ու գործած մեղքերին թողությու՞ն կլինի: Թե՞ Մեղրի պահպանելը կմատուցվի իբրեւ նվաճում՝ առանց գիտակցելու, որ Տեր-Պետրոսյանի օրոք հայաստանյան տարածքների հարց չէր շոշափվում ընդհանրապես: Ղարաբաղյան պատերազմը հաղթական զինադադարով է ավարտել Տեր-Պետրոսյանը, բանակցային գործընթացում ու ներկայացվող փաստաթղթերում Ղարաբաղի դե ֆակտո անկախությունը հաստատել է Տեր-Պետրոսյանը եւ չնայած ներկա խոտոր ընթացքին, միեւնույն է՝ խաղաղություն կնքելու է Տեր- Պետրոսյանը: Ճիշտ է ռուս դիվանագետը, երբ ասում է, թե ներկա հանգամանքներում լուծում գտնելը Ղարաբաղյան խնդրին՝ համազոր է շրջանի քառակուսի հաշվարկելու: Քոչարյանը այդքանը չի՞ գիտակցում, թե՞ խոստովանել չի խիզախում: Ասված է՝ «Լռությունը ոսկի է», բայց այս դեպքում Քոչարյանը որքան էլ լռություն պահպանի՝ ո՛չ ոսկի, ո՛չ էլ նույնիսկ նպաստավոր առաջարկներ չեն տեղա: Ինչու՞: Շրջանը, որ գլուխկոտրուկի է վերածվել միջազգային հանրության համար, գծել է Տեր-Պետրոսյանը: Այդ նա կարողացավ աշխարհը կանգնեցնել փաստի առջեւ, որ ամենքին է ստիպում ձեռքերը տարածելով մրմնջալ. «Չի կարող պատահել»: Եվ, իսկապես, Երկրորդ համաշխարհայինից ի վեր, այն էլ Եվրոպայում, չէր կարող պատահել, որ որեւէ պետության տարածքի 20%-ը միջազգային հանրության թողտվությամբ բուֆերային գոտու վերածվեր: Տեր-Պետրոսյանն արեց անհնարինը՝ գծելով շրջան: Եվ, բնականաբար, այդ շրջանից ելքը գիտեր Տեր-Պետրոսյանը՝ 97-ին խաղաղություն կնքելու իր որոշումով: Այսօր «շնորհիվ» Քոչարյանի՝ փոխվել են հանգամանքները: Սակայն մնում է Տեր- ՊԵտրոսյանի գծած շրջանը, որից ելքը, ինչպես ժամանակն է ցույց տալիս… դարձյալ Տեր-Պետրոսյանի ձեռնահասությանն է կարոտ: ԼՈՒՍԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ P. S.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել