Լրահոս
Օրվա լրահոսը

«27»-ԻՑ ԱՆՋԱՏՎԱԾ ՄԱՍ

Ապրիլ 13,2002 00:00

«27»-ԻՑ ԱՆՋԱՏՎԱԾ ՄԱՍ ՔՊԻ նախկին պետ Մուշեղ Սաղաթելյանի դեմ հարուցված քրգործը եւ դատախազության մեղադրական եզրակացությունը փակուղի են տանում: Համենայնդեպս, նման տպավորություն կարելի է ստանալ ընթացող դատաքննությունից: Մ.Սաղաթելյանին առաջադրված մեղադրանքներից միայն մեկ-երկուսն են, որ դատարանում քիչ թե շատ քննություն են բռնում: Խոսքը 95-ի «Գնդապետների գործի» ու 96-ի սեպտեմբերյան իրադարձությունների մասին է: Մյուս բոլոր՝ 94-ին Երեւանից Գորիս տեղափոխվող դատապարտյալների նկատմամբ, իբր, բռնություններ գործադրելու, Ռ.Քոչարյանի եւ Ս.Սարգսյանի դեմ «ակնհայտ սուտ մատնություն նախապատրաստելու», բացօթյա սրճարանում «առանձին հանդգնությամբ» հասարակական կարգ խանգարելու դրվագները, գոնե դատարանում հնչած ցուցմունքներով, այս պահի դրությամբ, թերեւս, կարճման են ենթակա: Այս եւ անցյալ շաբաթների ընթացքում դատարանում ցուցմունքներ տված վկաներին ուղղված իր հարցադրումներում ամբաստանյալ Մուշեղ Սաղաթելյանը փորձում էր ի հայտ բերել իրեն առաջադրված մեղադրանքներում առկա փաստերի եւ իրականում տեղի ունեցածի, վկաների տված ցուցմունքների հակասությունները: Դրանք նպատակ ունեին ցույց տալ, որ նրա դեմ հարուցված գործը շինծու է եւ թելադրված է իշխանությունների կողմից ու «թխված» է մասնավորապես ՀՀ Գլխավոր դատախազության ու ՆԳՆ-ի՝ իրար «պասեր» տալու արդյունքում: Ժամանակ առ ժամանակ վկաներին կամ տուժողներին ուղղված Մ.Սաղաթելյանի հարցադրումներին ու դրանց պատասխաններին հետեւում էին ամբաստանյալի հայտարարությունները՝ գործի շինծու լինելու մասին: ՆԳՆ աշխատակիցներին ստիպել են ցուցմունքներ տալ Համենայնդեպս, այդպիսի եզրակացության կարելի էր հանգել՝ լսելով ամբաստանյալի հայտարարություններն ու հաշվի առնելով քրգործում առկա նյութերը, որոնք հիմնավորում են ՀՀ Գլխավոր դատախազության կողմից ոչ միայն՝ ՆԳՆ առանձին աշխատակիցներին, այլեւ՝ նախկին դատապարտյալներին որոշակի ճնշումների ենթարկելու եւ ուղղորդելու փաստը: Այսպես, Ա.Թամազյանի՝ ՆԳՆ նախարար Հ.Հարությունյանին ուղղված 15.10.2001թ. գրություններից մեկում ասված է, թե Մ.Սաղաթելյանը «ակնհայտ սուտ մատնություն կատարելու նպատակով» նախապատրաստական աշխատանքներ է տարել մասնավորապես Երեւանի թիվ 1 քննչական մեկուսարանի կալանավորների, այդ թվում՝ գործակալ «Շեյթանի», հետ, որոնցից երկուսը ներկայումս ազատվել են կալանքից, իսկ մյուսները դեռ կրում են դատարանի կողմից սահմանված պատիժը: Ապա պրն Թամազյանը դիմելով «Հարգելի Հայկ Արտյոմին» խնդրել է՝ «այդ կապակցությամբ հանձնարարել վերը նշված դատապարտյալների հետ տանել համապատասխան աշխատանքներ, որոնց արդյունքի մասին հայտնել գրավոր» եւ այլն: Նույն Ա.Թամազյանը՝ իր մեկ այլ գրությամբ, որը թվագրված է 25.10.2001թ., դարձյալ դիմել է «Հարգելի Հայկ Արտյոմին»՝ այս անգամ ոչ միայն՝ «ակնհայտ սուտ մատնություն նախապատրաստելու», այլեւ՝ 96-ի սեպտեմբերյան իրադարձությունների ժամանակ զանգվածային անկարգության մասնակիցներին ՆԳՆ-ում ծեծի ենթարկելու, կեղծ դիպլոմ ներկայացնելու մեղադրանքները հաստատելու համար աջակցություն ստանալու նպատակով: Այլ կերպ դժվար է հասկանալ գլխավոր դատախազի հետեւյալ խնդրանքը. «Նախաքննության ընթացքում, ՀՀ ՆԳ նախարարության աջակցությունն ակնկալելով, տարբեր ծառայությունների տրվել են մի շարք հանձնարարություններ, որոնք սակայն չեն կատարվել: Այսպես: Հարցաքննության համար ՀՀ Գլխավոր դատախազություն հրավիրված ՆԳՆ աշխատակիցները կամ չեն ներկայանում հարցաքննության /ՆԳՆ Կադրերի գլխավոր վարչության պետ Գ.Մինասյան/, կամ էլ, ներկայանալու դեպքում, խուսափում են ճշմարտացի ցուցմունքներ տալուց/ օրինակ, «չեն կարողանում հիշել», թե բարձրագույն կրթության վերաբերյալ դիպլոմի պատճենն ինչպես է հայտնվել Մ.Սաղաթելյանի անձնական գործում/»: Կամ՝ «ՀՀ ՆԳՆ ԿՀԴՊԳ վարչության հերթապահ մասի աշխատակիցներ Գագիկ Բաբայանը եւ Քաջիկ Աբրահամյանը ՆԳՆ-ում կատարված ծառայական քննության ընթացքում հերքել են Մ.Սաղաթելյանի կողմից Գ.Մկրտչյանի եւ վերը նշված մյուս անձանց նկատմամբ բռնությունների գործադրման ակնհայտ փաստերը եւ չեն ներկայանում հարցաքննության ՀՀ Գլխավոր դատախազություն»: Գլխավոր դատախազությունը նաեւ ՆԳ նախարարին հայտնել է՝ «Գործով որոշակի տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Մ.Սաղաթելյանը ակնհայտ սուտ մատնության նպատակով աշխատանքներ է տարել նաեւ մի քանի այլ գործակալների հետ, որոնց վերաբերյալ ՆԳ նախարարությանը տրվել է գրավոր հանձնարարություն, սակայն աշխատանքները կատարվում են խիստ դանդաղ եւ դեռեւս անարդյունք»: Եվ, ի վերջո, պրն Թամազյանը նույն գրությամբ Հայկ Արտյոմին խնդրել է. «ՀՀ ՆԳՆ նախկին բարձրաստիճան սպաների նկատմամբ բռնություններ գործադրելու վերաբերյալ դրվագով նրանց զգալի մասը կրկին աշխատանքի է անցել ՆԳՆ համակարգում: Անհրաժեշտ է ապահովել ՀՀ Գլխավոր դատախազություն նրանց եւ մյուս բարձրաստիճան սպաների ներկայանալը եւ ճշմարտացի ցուցմունք տալը: Հայտնելով վերոգրյալի մասին, խնդրում եմ հանձնարարել շտապ կարգով ՀՀ Գլխավոր դատախազություն ուղարկել պահանջվող փաստաթղթերը եւ վերացնել նախաքննության խոչընդոտները»: Ահա այսպիսի սերտ համագործակցության արդյունքում էլ, թերեւս, հնարավոր էր եղել Մ.Սաղաթելյանի դեմ ցուցմունքներ ստանալ ոչ միայն ՆԳՆ Կադրերի վարչության պետ Գ.Մինասյանից, որը մինչեւ 2001-ի հոկտեմբերի 25-ը «չէր հիշել» Մ.Սաղաթելյանի անձնական գործերում կեղծ դիպլոմի հայտնության հանգամանքները, բայց հետո «հիշել» եւ դատարանում ինքնավստահ տոնով ցուցմունքներ էր տալիս, թե այդ Մ.Սաղաթելյանի՝ բուհի դիպլոմի կեղծ լինելն ինքն է հայտնաբերել, երբ հերթական անգամ նայել է ՆԳՆ կադրերի տրամադրության տակ եղածների գործերը: Հայտնաբերել էր ու, դատարանում տված ցուցմունքի համաձայն, կասկածել, ապա նաեւ՝ համոզվել էր դրա կեղծ լինելու մեջ ու ինքն էր դիմել համապատասխան մարմիններին: Նույն այդ «խնդրանք»-հանձնարարականի արդյունքում էին, թերեւս, հայտնաբերվել այլ ոստիկան սպաներ, ովքեր եկան ու դատարանում երկչոտ ձայնով դատախազության ակնկալած «ճշմարտացի» ցուցմունքները տվեցին: Նույնը վերաբերում է նաեւ դատապարտյալներին կամ ՆԳՆ այն գործակալներին, որոնց մասին նշել էր գլխավոր դատախազն իր գրության մեջ: Հավանաբար, դրա համար էր, որ պաշտպան Ռ.Գրիգորյանը 94-ին Ռ.Զորոյանին ու Վ.Դորոգոնովին ծեծի ենթարկելու մասին ցուցմունքներ տվող եւ այսօր դեռեւս Սեւանի խիստ ռեժիմի գաղութում իր պատիժը կրող Դորոգոնովի կարգավիճակը դատարանում փորձում էր հստակեցնել. ի վերջո, նա հանդես է գալիս որպես տուժո՞ղ, վկա՞, թե՞… Նկատի ունենալով գլխավոր դատախազի՝ ՆԳ նախարարին ուղղված վերոհիշյալ «հանձնարարականը», մեղք չի լինի ենթադրել, որ «ճշմարտացի» ցուցմունք տալու մի պահանջ էլ ներկայացվել է իրավապահներից կախման մեջ գտնվող դատապարտյալներին: Ո՞վ կհանդգնի խոսել «Ակնհայտ սուտ մատնություն նախապատրաստելու» մասին դատարանում խոսվեց ե՛ւ անցյալ, ե՛ւ այս շաբաթվա ընթացքում: Այդ առնչությամբ հարցաքննվեց նաեւ Երեւանի թիվ 1 մեկուսարանի օպեր-լիազոր Մանուկ Միքայելյանը, որն իր նախաքննական ցուցմունքներում խոստովանել էր, թե գործակալ «Շեյթանի» մի քանի օպերատիվ տեղեկություններ ինքն այրել էր՝ անկարեւոր համարելով: Դատարանում ոչ ոք նրան չհարցրեց, թե ինչո՞ւ է այրել, կամ այդ ի՞նչ տեղեկություն է եղել, որն անկարեւոր էր համարվել: Փոխարենը մեղադրողը Մ.Սաղաթելյանի մեղքը հաստատելու նպատակով Մ.Միքայելյանին հարցրեց, թե արդյո՞ք գործակալն իր տեղեկություններում կասկածներ է հայտնել, որ «27»-ի կազմակերպիչները Ռ.Քոչարյանն ու Ս.Սարգսյանն են: Դա անհրաժեշտ էր՝ ապացուցելու, որ «Շեյթանը» հիշյալ երկուսի անունը չէր կարող տալ, եթե նրան չուղղորդեին կամ չթելադրեին: Հարցին ի պատասխան՝ Մ.Միքայելյանը պատասխանեց, թե իրեն նման տեղեկություն չի հաղորդվել: Մի կողմ թողնելով, թե իրականում օպերը նման տեղեկություն ստացել է, թե ոչ, թույլ տանք մեզ զարմանալ մեղադրողի անկեղծ հարցադրման վրա: Հետաքրքիր է. նա այլ պատասխան է՞լ էր սպասում: Չէ՞ որ, «Պապլավոկում» Ռ.Քոչարյանի թիկնապահների կատարած սպանության ականատեսները չէին հանդգնել նույնիսկ նախագահի թիկնապահներին մատնանշել, ուր մնաց, թե ՆԳՆ համակարգի աշխատակիցն իրեն թույլ տար նման հայտարարություն անել, եթե անգամ դրան տեղյակ լիներ: Նա հո Մ.Սաղաթելյանի նման «Մատրոսով» չէ՞ր: Դժբախտության վրա փող աշխատողները «Հանրապետություն» կուսակցության անդամ Արամ Սարգսյանը դատարանում՝ շեշտելով «Շեյթանի» ազատության մեջ լինելու փաստը, նկատեց. «Ինձ համար զարմանալի է. մարդ, որն անհասկանալի պայմաններում ազատ է արձակվում, չգիտես ինչու ազատվելուց հետո գալիս է մեր գրասենյակ եւ փորձում է իմ անձնական դժբախտության վրա, իր ասելով, փող աշխատել, այսօր նույն վկայի կարգավիճակում է, ինչ՝ ես. գալիս ինձ նման ցուցմունք է տալիս ու գնում: Սա՞ է արդարադատության մոտեցումը»: Ա.Սարգսյանը նշեց, որ Մ.Սաղաթելյանն այդ մարդուն կասկածել է, չի վստահել՝ համարելով, որ նա հատուկ «գործուղվել» է կուսակցություն: «Սեդկա է»: Այդպես էր բնորոշել «27»-ի կազմակերպիչների մասին գործակալի «անկեղծությունը» Մ.Սաղաթելյանը: Ա.Սարգսյանն ասաց, թե ինքը գործակալին գումարներ տալուն տեղյակ չէ: «Մ.Սաղաթելյանն այն մարդը չէ, որ իր գումարները ծախսելու մասին հայտարարեր»,- ասաց Ա.Սարգսյանը: Նա նաեւ նկատեց, թե արդարադատությունը պետք է շահագրգիռ լինի բացահայտել՝ ովքե՞ր են գործակալին ուղարկել գրասենյակ: Նա վստահեցրեց, թե դրա ետեւում կանգնած են այն նույն մարդիկ, ովքեր եղել են «27»-ի թիկունքում: Ա.Սարգսյանը նաեւ պնդեց այն կարծիքը, թե Մ.Սաղաթելյանի դեմ հարուցված քրգործը շինծու է եւ պայմանավորված է նրա՝ «27»-ի կազմակերպմանը Ռ.Քոչարյանի եւ Ս.Սարգսյանի առնչությունների մասին հայտարարությամբ: ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել