Եթերային գրաքննություն Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության հասարակական խորհուրդը հանդես է եկել հետեւյալ հայտարարությամբ. «ՀՀ Սահմանադրությամբ հեռուստառադիոհաղորդումների հեռարձակման եւ (կամ) արտադրության արտոնագրումը եւ գրաքննությունը արգելված են։ Խոսքի եւ ինֆորմացիայի ազատության անսահմանափակ ու անպայման իրավունքի ապահովումը պահանջում էր ընդունել այնպիսի օրենքներ, որոնցով Սահմանադրությամբ նախատեսված պետական մարմիններն ունենային անհրաժեշտ լիազորություններ՝ յուրաքանչյուրի խոսքի եւ տեղեկատվության ազատության անօտարելի իրավունքի պաշտպանվածությունը ապահովելու համար։ «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» ՀՀ օրենքի մի շարք դրույթներ հակասում են Սահմանադրությանը, ոտնահարում են խոսքի եւ տեղեկատվության ազատության հիմնական իրավունքը։ Ազգային հանձնաժողովի կանոնակարգի մասին օրենքը հակասում է «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» ՀՀ օրենքին, ՀՀ Սահմանադրությանը։ Հեռուստատեսության եւ ռադիոյի Ազգային հանձնաժողով պետական մարմինը Սահմանադրությամբ նախատեսված չէ։ Այն իրոք անկախ է՝ անկախ ՀՀ օրենքներից ու Ազգային ժողովից, կառավարությունից, մարդու անօտարելի իրավունքներից։ Այն գործում է որպես եթերի դատախազական, գործադիր, օրենսդիր, դատական ու գրաքննող մարմին, գործում է վարչախմբի կամքով՝ ընդդեմ անաչառ, անկախ, բազմակարծությունը հարգող հեռուստառադիոընկերությունների ու նրանց սպառողների՝ խոսքի եւ տեղեկատվության ազատության իրավունքի։ Հանձնաժողովը զբաղվել է ինքնիրավչությամբ, նրա անդամները գործել են հակառակ ծառայական շահի եւ ուղիղ դիտավորությամբ կամ շահադիտական այլ մղումներից ելնելով՝ անօրինական գործողություններով զգալի վնաս են հասցրել հազարավոր քաղաքացիների՝ «Ա1+» եւ «Նոյյան Տապան» հեռուստաընկերությունների հիմնադիրների, լրագրողների ու հեռուստադիտողների, Սահմանադրությամբ եւ օրենքներով պաշտպանվող շահերին։ Հանձնաժողովն իր 24.01.02 որոշումով (հեռուստահաղորդումների հեռարձակման լիցենզավորման մրցույթի կարգով) յուրացրել է ՀՀ օրենքով իրեն չվերապահված եւ Սահմանադրությանը, միջազգային իրավունքի սկզբունքներին հակասող լիազորություններ. մասնավորապես, ինքն իրեն վերագրելով հեռուստածրագրերի թեմատիկայի եւ ուղղվածության, ներդրումային եւ զարգացման ծրագրերի մասին պահանջները ներկայացնելը որպես մրցութային պայմաններ՝ հանձնաժողովը զբաղվել է գրաքննությամբ ու միջամտել հեռուստաընկերությունների գործունեությանը։ Հանձնաժողովի որոշումները՝ ըստ կապուղիների մրցույթներ անցկացնելու, «Ա1+» եւ «Նոյյան Տապան» հեռուստաընկերություններին արտոնագիր տալը մերժելու մասին անօրինական են ու ենթակա վերացման դատական կարգով»։ Այս խորհրդի նախագահ Աշոտ Բլեյանն իր վերջին ասուլիսում Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի գործունեության մեջ օրինախախտման այլ օրինակներ էլ էր մատնանշել: Մասնավորապես՝ «Դիմողի տեխնիկական եւ ֆինանսական հնարավորությունները հաշվի առնելու պահանջը (հոդվ. 51, կետ գ.) հանձնաժողովը դարձրել է ներդրումային ծրագիր ներկայացնելու մրցությաին պահանջ: (…) ՀՀ օրենքի ո՞ր կետով է ստացել հանձնաժողովը դիմումատուներից մրցութային առաջարկ պահանջելու եւ այդ առաջարկները կշռելու (գրաքննելու) եւ այդ ձեւով հեռուստաընկերությունների ինքնուրույնությանը միջամտելու իրավունքը»։ Սեփ. լր.