ԿԱՐՄԻՐ ՔԱՐՏ՝ ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻՆ Իշխանությունը սկսեց քաղել իր ցանած սերմերի պտուղները։ Քանզի բնական էր, որ զրկվելով հեռուստատեսային միակ ազատ ամբիոնից, ընդդիմությունն առավել զանգվածային լսարանին իր խոսքը հասցնելու համար ստիպված պիտի դարձյալ դուրս գար փողոց։ Երեկ կայացած հանրահավաքն իր մեծաքանակությամբ չէր զիջում նախորդին (եթե չասենք ավելին՝ գերազանցում էր), թեեւ, ինչպես ազդարարվեց սկզբում՝ արգելքներ էին հարուցվել մարզերից մայրաքաղաք ժամանող փոխադրամիջոցների առջեւ։ Նախորդ հանրահավաքից հետո պակասել էին նաեւ Կոմկուսը ներկայացնող հռետորները, քանզի այս կուսակցությունը որոշում էր կայացրել չմասնակցել հանրահավաքին։ Հանրահավաքին իր ուղերձն էր հղել «Ա1+» հեռուստաընկերությունը. «Ցավում ենք, որ չենք կարող ձեզ հետ շփվել «Ա1+»-ի եթերում։ Ապրիլի 2-ին Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի որոշումը «Ա1+»-ին եթերից զրկելու մասին քաղաքական առումով Ռոբերտ Քոչարյանի պատվերի կատարումն էր, իսկ իրավական տեսակետից՝ անօրինականություն։ Մենք դա կապացուցենք Հայաստանի բոլոր ատյանների դատարաններում, իսկ եթե անհրաժեշտ լինի՝ նաեւ Եվրոպական դատարանում։ Բայց մեր բոլոր ջանքերը զուր կանցնեն, եթե չլինի ձեր՝ «Ա1+»-ի հեռուստադիտողների, աջակցությունը։ Մենք չենք հասնի հաջողության, եթե դուք մեզ հետ միասին չպայքարեք ազատ խոսքի, լիարժեք տեղեկատվություն ստանալու իրավունքի համար։ Ձեր մասնակցությունն ապացուցում է, որ Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովը ոտնահարել է նաեւ սպառողի իրավունքները։ Շնորհակալ ենք բոլորիցդ աջակցության համար եւ վստահ ենք, որ «Ա1+»-ի հեռարձակման հարցը մեր՝ Հայաստանի քաղաքացիներիս, արժանապատվության խնդիրն է»։ Հանրահավաքում հրապարակվեցին հատվածներ եւս մի հայտարարությունից, որին առայժմ միացել են շուրջ 10 լրատվամիջոցներ։ Ի հակակշիռ իշխանամետ 17 լրատվամիջոցների՝ այս մի հայտարարության մեջ նշվում է. «Մենք պնդում ենք, որ ճնշումներ են կիրառվում իշխանություններին անհաճո լրատվամիջոցների նկատմամբ։ Մենք պնդում ենք, որ «Ա1+» անկախ հեռուստաընկերությունը փակվել է ոչ թե օրինական մրցույթում պարտվելու հետեւանքով, այլ քաղաքական պատվերի շրջանակներում։ Ըստ այդմ, հայտարարում ենք, որ Հայաստանում վտանգված է խոսքի ազատությունը, եւ անկախ ԶԼՄ- ների գործունեության համար պայմանները չափազանց աննպաստ են»։ Հայտարարությանը միացածները կոչ են անում իրենց գործընկերներին՝ քաղաքական խաղաքարտ չդառնալ իշխանությունների ձեռքին եւ միասնաբար պայքարել ընդդեմ խոսքի ազատության սահմանափակումների։ Նաեւ այլ լրատվամիջոցների ներկայացուցիչներ են, ըստ նախնական պայմանավորվածությունների, միանալու այս հայտարարությանը՝ տեքստը վերջնականապես մշակելուց հետո։ Ուստի, ավարտուն եւ ամբողջական տարբերակը կներկայացնենք մեր հաջորդ համարում։ Իշխանամետ 17 լրատվամիջոցների հայտարարության այն պնդմանը, թե «Ա1+»-ի խնդիրն իրավական է եւ պետք չէ այն քաղաքականացնել՝ հանրահավաքում անդրադարձավ Շավարշ Քոչարյանը. «Դե եկեք խոսենք իրավական ոլորտից, եթե այդպես է։ Ի՞նչ է նշանակում, երբ հանրապետության նախագահն ասում է՝ այն պահանջները, որ ներկայացված են, իմ լիազորությունների շրջանակում չեն։ (…) Կարո՞ղ է, գործադիր իշխանությունը ենթակա չէ նախագահին։ Թե՞ նա իրավասություն չունի հրավիրելու կառավարության նիստ, որն ինքն է ղեկավարում, եւ համապատասխան հրահանգ տալու»։ Շավարշ Քոչարյանը եւս մեկ անգամ թվարկեց օրենսդրական այն խախտումները, որոնք թույլ են տրվել հաճախականությունների այս մրցույթի ընթացքում։ Եվ հավաքվածներին կոչ արեց երկուշաբթի, ժամը 11-ից սկսած գալ Ազգային ժողովի մոտ, որպեսզի իրենց վերաբերմունքը հայտնեն պատգամավորներին եւ նրանք կողմ լինեն այս հարցերն արտահերթ նիստում քննարկելուն։ Հիշեցնենք, որ նախորդ եռօրյայում այս նախաձեռնությունը տապալվել էր խորհրդարանական մեծամասնության մեղքով։ Եվս մի ազդակ, որ օրենսդրական կարգավորման փոխարեն՝ հարցերն այլեւս փորձեին լուծել հանրահավաքների եւ երթերի միջոցով։ «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանի ելույթն առավելապես նվիրված էր խնդրո առարկային. «Ա1+»-ի եթերային մարաթոնի ժամանակ բազմաթիվ քաղաքական կուսակցությունների ղեկավարներ, պատգամավորներ, իշխանության ներկայացուցիչներ բոցավառ ելույթներ ունեցան, ֆիքսեցին, որ «Ա1+»-ը լավագույն հեռուստատեսությունն է ամբո՜ղջ աշխարհում, որ իրենք ամե՜ն ինչ կանեն, որպեսզի «Ա1+»-ը չփակվի։ Իսկ երբ որ պետք է «Ա1+»-ի աշխատանքները վերսկսելու համար քայլեր կատարել, որտե՞ղ են նրանք»։ Երեկվա հանրահավաքին մասնակցելու հրավերները մերժել էին ՀՅԴ-ի, ՀՀԿ-ի եւ «Օրինաց երկիր» ներկայացուցիչները, որոնք, ի դեպ, եւս մասնակից էին «Ա1+»-ի ապրիլի 1-ի 7 ժամանոց ուղիղ եթերին։ Նախորդ հանրահավաքի ընթացքում 6 պահանջ էր ներկայացվել իշխանություններին եւ երեկ արձանագրվեց, որ դրանցից ոչ մեկը չի կատարվել։ Ի՞նչ պիտի արվեր դրանից հետո։ Կուսակցությունների ներկայացուցիչները որոշել էին, թե առավել նպատակահարմար է քաղաքական անհնազանդություն հայտարարելը։ «Այս իշխանություններն այլեւս մեր իշխանությունները չեն, ինքը մեր նախագահը չէ։ Ցույց տվե՛ք ձեր կարմիր քարտերն իրեն»,- առաջարկեց Արամ Սարգսյանը հավաքվածներին, եւ նրանք վեր բարձրացրին նախապես բաժանված կարմիր քարտերը։ «Ռո՛- բե՛րտ հե՛-ռա՛-ցի՛ր»,- սկսեցին վանկարկել մարդիկ, մոռանալով, որ նման կոչերի հետեւանքով հեռանալու ավանդույթ մեզանում ձեւավորված չէ եւ դժվար էլ թե ձեւավորվի՝ որքան էլ ուժգին ծավալվի «կարմիր քարտերի շարժումը» (բնորոշումը Արամ Սարգսյանինն է)։ Սակայն նա նաեւ ասաց, թե կան ծրագրված այլ քայլեր եւս, որոնք առայժմ ամբողջությամբ չեն բացահայտվելու։ Ալբերտ Բազեյանն ասաց, որ եթե նախագահը չի կատարում իր սահմանադրական պարտավորությունները եւ տեղը չի դնում այն պաշտոնյաներին, որոնք «դուրս են գալիս իրենց լիազորությունների շրջանակից», հետեւաբար՝ այսուհետ պահանջներ ներկայացվելու են ԱԺ-ին եւ նրա մեծամասնությանը, որպեսզի վերանայվի «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքը եւ լուծարվի Ազգային հանձնաժողովը։ Իսկ առայժմ սահմանափակվեցին դեպի նախագահի նստավայր երթ անցկացնելու՝ հավաքվածների ցանկությանն ընդառաջ գնալով։ Նախապես ազդարարված էր, որ երթը լինելու է խաղաղ, եւ մարդիկ ուղղակի իրենց կարմիր քարտերն են հանձնելու Քոչարյանի նստավայրի առջեւ՝ այսպիսով հայտնելով նրան, ինչպես Ալբերտ Բազեյանն ասաց, որ «ո՛չ» են ասում «այս ապօրինի նախագահին», այսուհետ նրա բոլոր հրամանները «համարելու ենք ապօրինի» եւ «այլեւս իրենից որեւէ ակնկալիք չունենք որեւէ հարցի լուծման վերաբերյալ»։ Հաշված րոպեների ընթացքում նախագահի նստավայրը շրջափակվել էր սաղավարտավոր ոստիկաններով, Հատուկ գնդի կարմիր բերետավոր մարտիկներով։ Խաղաղ երթի մասնակիցներն արեցին այն, ինչի համար եկել էին՝ նետեցին կարմիր քարտերը, կես ժամի չափ գոռացին՝ «Հեռացի՛ր»։ Եվ հետո իրենք հեռացան։ Մինչեւ հաջորդ հանրահավաք, որ կկայանա հաջորդ ուրբաթ՝ ժամը 18.00-ին։ ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ