Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՊՐԻԼԸ՝ ՋԱԶԻ ԱՄԻՍ

Ապրիլ 12,2002 00:00

ԱՊՐԻԼԸ՝ ՋԱԶԻ ԱՄԻՍ Ջազը, որպես երաժշտական ուղղություն, ծնունդ է առել, ձեւավորվել ԱՄՆ-ում, որն էլ, բնականաբար, ջազի հայրենիքն է։ Այն մեծ ներդրում ունի ԱՄՆ-ի մշակութային ժառանգության մեջ եւ որպեսզի աշխարհին ավելի ներկայանալի լինի, ԱՄՆ-ի պետքարտուղարությունը եւ Սմիթսոնյան ազգային պատմության թանգարանը ապրիլը հայտարարել են ջազի նշանավորման ամիս, որի ընթացքում ջազին նվիրված բազմաբնույթ միջոցառումներ են կազմակերպվում աշխարհի տարբեր երկրներում։ Այս անգամ այդ պատվին արժանացավ Հայաստանը։ «Ջազի օրեր Հայաստանում». այսպես է վերնագրված ջազ-փառատոնը։ Միջոցառումների շարքը բավականին մեծ ժամանակահատված է ընդգրկում՝ ապրիլի 4-22-ը։ Արդեն տեղի է ունեցել փառատոնի բացման արարողությունը, որին մասնակցեցին ՀՀ հանրային ռադիոհեռուստատեսության ջազ նվագախումբը, Լեւոն Մալխասյան քառյակը, «Չիկոն եւ իր ընկերները»։ Միջոցառման պատվավոր հյուրն էր մեր հայրենակիցը՝ հանրաճանաչ դաշնակահար Արմեն Դոնելյանը։ Անցկացվեց կինոդիտում՝ նվիրված ջազի ռահվիրաներին։ Հանդիպումը, որը տեղի ունեցավ Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում, կրում էր «Զրույցներ ջազի մասին» խորագիրը։ Այն նվիրված էր դաշնամուրային ջազին, որի պատմությունը ներկայացրին Հայաստանի ջազի նշանավոր վարպետները՝ Ստեփան Շաքարյանը, Երվանդ Երզնկյանը, Լեւոն Մալխասյանը եւ Մարտին Վարդազարյանը։ Զրույցները համեմված էին դաշնամուրային հրաշալի կատարումներով։ Ուշագրավ էին նաեւ հայ ջազմենների համերգները՝ Լեւոն Մալխասյան, Կարեն Գասպարյան եռյակ, «Չիկո եւ ընկերներ»։ Այսօր կվայելենք Դոնելյան եռյակի համերգը։ Կլինեն նաեւ դասախոսություններ, ցուցահանդես, վիկտորինաներ, որոնք կանցկացվեն ոչ միայն մայրաքաղաքում, այլեւ Գյումրիում, Վանաձորում եւ Գորիսում։ Փառատոնի մեծագույն իրադարձությունը աշխարհահռչակ ջազմենների՝ Մեհյու-Միլեր-Ուոնգ եռյակի այցելությունն է Հայաստան։ Ջազի դեսպանները նախեւառաջ կհանդիպեն լրագրողների հետ, այնուհետեւ տեղի կունենա երեւանյան համերգը, որը նախատեսված է ապրիլի 20-ին, Կամերային երաժշտության տանը։ Հաջորդ օրը նրանց հնարավորություն կունենան ունկնդրելու Գյումրիում։ Փառատոնը կեզրափակվի «Առագաստ» ջազ սրճարանում հայ երաժիշտների եւ ջազի դեսպանների համատեղ ելույթով՝ ջեմսեյշնով։ ԱՆԱՀԻՏ ՄԱՆՈՒԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել